Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ՞Ց ԷՐ

Հունիս 12,2007 00:00

\"\"Մեր օդանավակայաններում գանձվող «օդի հարկը» վերացնելու մասին հայտարարությունները պարզապես հենց այնպես ասված «գաղափար» էին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր (Առավոտ, 13.02.2007), որ Հայաստանից մեկնող յուրաքանչյուր ուղեւորից 10 հազար դրամի չափով գանձվող պետական տուրքը կամ, այսպես կոչված, «օդի հարկը» կվերացվի: Դրա անհրաժեշտությունն Ա. Մովսիսյանը բացատրեց նրանով, որ այդ պետտուրքի մի մասը չէր հասնում հասցեատիրոջը, այսինքն՝ չէր մտնում պետբյուջե, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ աշխատակիցներ «օդի հարկի» չեկերով տասնյակ հազար դոլարների հասնող ապօրինի գործարքներ են անում: Ուստի, որպեսզի դրանից խուսափեն, որոշել են կամ ընդհանրապես հանել տուրքը, կամ ավտոմատ կերպով այն ավելացնել ավիատոմսի արժեքին: Ինչ քաղավիացիայի վարչության պետը նման հայտարարություն է արել, պարբերաբար «Առավոտի» խմբագրություն են դիմում ու հետաքրքրվում, թե կառավարության խոստումը երբվանի՞ց է ուժի մեջ մտնելու, երկրից մեկնելու համար վերցնե՞ն իրենց հետ լրացուցիչ 10 հազար դրամ, թե՞ ոչ: Սակայն պարզվում է, որ Արտյոմ Մովսիսյանն այդ հայտարարությունն արել էր հենց այնպես, որը ոչինչ էլ չի նշանակել: Երեկ ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Գայանե Դավթյանը, «օդի տուրքը» հանելն ընդամենը պարոն Մովսիսյանի գաղափարն է եղել, որին դեռեւս ընթացք չի տրվել. «Դա ուզում էինք անել օդի տուրքի հետ կապված քաշքշուկներից խուսափելու համար»:

Մինչդեռ նշենք, որ Ա. Մովսիսյանը դա չէր ներկայացնում որպես սոսկ իր գաղափար, նա հավաստիացնում էր, որ Հայաստանի նախագահի աշխատակազմն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս քննարկում են այդ հարցը եւ ուզում են վերանայել պետական տուրքի տվյալ տեսակի կիրառման նպատակահարմարությունը: Հաշվի առնելով, որ պարոն Մովսիսյանն այդ հայտարարությունն արել էր նախընտրական շրջանում, չի բացառվում, որ դա հերթական նախընտրական խոստումներից լինի, որն այդպես էլ չի իրականացվի:

Նկատենք, որ «օդի հարկը», բացի մի խումբ մարդկանց ապօրինի գործարքներ կատարելու հնարավորություն տալուց, մի շարք խնդիրներ է ստեղծում հատկապես մեր երկիր ժամանել ցանկացող ուղեւորների համար, որովհետեւ վերջիններս հիմնականում հետադարձ չվերթով տոմսեր են գնում, հասնում են Հայաստան, ծախսում իրենց փողերը ու միայն օդանավակայանում են իմանում, որ պետք է «օդի տուրք» վճարեն, հակառակ դեպքում չեն կարող մեկնել: Մեր երկիր ժամանող ուղեւորները ոչ մի կերպ չեն կարող գուշակել, որ մեզ մոտ նման տուրք կա, որովհետեւ այլ երկրներում այդ գումարն արդեն տոմսի արժեքի մեջ է մտնում:

Այս առնչությամբ Քաղավիացիայի մամուլի պատասխանատու Գ. Դավթյանը «Առավոտին» պարզաբանեց, որ ավիաընկերություններն իրենք պետք է «օդի հարկի» մասին նախազգուշացնեն իրենց ուղեւորներին, քանի որ հենց իրենք են պարտավոր ուղեւորին տեղ հասցնել. «Եթե հանկարծ մի իրավիճակ է ստեղծվում, որ, ասենք, ուղեւորի մոտ գումար չի լինում եւ նա չի կարողանում այդ հարկը մուծել, պետք է դիմի իրեն սպասարկող ավիաընկերությանը: Բայց այս տուրքը վաղուց է գործում, եւ, իմ կարծիքով, հարկ չկա ամեն անգամ նորից նախազգուշացնելու»: «Զվարթնոցի» մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը նույնպես այն կարծիքին էր, որ ամեն անգամ պետք չէ այս մասին նորից ու նորից նախազգուշացնել. «Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է, եւ յուրաքանչյուր ուղեւոր, օգտվելով օդանավակայաններից, գիտի, որ որոշ երկրներում գոյություն ունեն նման օրենքներ, եւ իրենց մոտ պետք է ունենան գումար՝ նման անհարմար իրավիճակներից խուսափելու համար»: Մենք մի շարք ավիաընկերություններից էլ հետաքրքրվեցինք, թե զգուշացնո՞ւմ են իրենց ուղեւորներին «օդի հարկի» մասին: Հանրապետությունում գործող գրեթե բոլոր ընկերությունները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ բանավոր անպայման նախազգուշացնում են իրենցից տոմս գնողներին: Միայն «Արխալ թրեւլ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ իրենք չեն զգուշացնում. «Եթե ուղեւորները հարցեր տալիս են այդ մասին՝ պատասխանում ենք, բայց հենց այնպես չենք խոսում»:

Ավիաընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին դժգոհեցին «օդի տուրքի» կիրառման պրակտիկայից: «Տատիանս թրեւլի» տուր-մենեջեր Մարիաննա Հովսեփյանի խոսքերով՝ «Շատ ուղեւորներ չեն հասկանում, որ այդ 10 հազար դրամը մեր գրպանը չի գնում եւ տոմսի գումարի մեջ չի մտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել