Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆԻԿԸ ՆԵՂՆ Է ԸՆԿԵԼ

Հունիս 28,2007 00:00

Գյումրիում այսպես են բացատրում վերջերս նրա կազմակերպած ցուցադրական կերուխումը

Գյումրիում խուսափում են խոսել մայիսի 20-ին քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց փոխհրաձգության մասին, որի անմիջական մասնակիցն ու կազմակերպիչներն են եղել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, քաղաքապետի եղբոր՝ Գեւորգի որդին՝ Կոլյա Ղուկասյանը, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդին՝ Ռուստամ Սարգսյանն ու նրանց ընկերները: Երեքշաբթի օրը Գյումրիում միայն մեկ-երկուսը համաձայնեցին տեսակետ հայտնել մեր այն հարցադրման առնչությամբ, թե՝ հույս ունե՞ն, որ կատարված հանցագործությունն իրավապահները կբացահայտեն: Մեր զրուցակից երկու գյումրեցիներն էլ ասացին, թե՝ բացահայտող լինեին՝ կբացահայտեին, ինչի իրավապահները չգիտե՞ն՝ ով է կրակել ու որտեղ է թաքնվում, որ հիմա էլ ման են գալիս ու, իբր, չեն գտնում: Մեկն էլ կարծիք հայտնեց, թե «վերեւներից» «դաբրո» չունեն, թե չէ՝ Վարդանիկին էլ կբռնեին, Սերժի պահածն է: Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակներում հետախուզում էր հայտարարված հանցագործությանը մասնակից 4 անձանց նկատմամբ՝ Սպարտակ Ղուկասյանի, Կոլյա Ղուկասյանի, Ռուստամ Սարգսյանի եւ վերջինիս ընկերներից մեկի՝ Թելման Կարապետյանի նկատմամբ: Շիրակի մարզի իրավապահները Թ. Կարապետյանին միայն 2 օր առաջ են ի հայտ բերել եւ կալանավորել տաքսիով Գյումրի վերադառնալիս եւ նրան հարցաքննելուց հետո տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ: Իսկ մյուս երեքի նկատմամբ հետախուզումը դեռ շարունակվում է: Իրավապահները, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, մայիսի 20-ից ի վեր չեն հայտնաբերել նաեւ հանցագործության գործիք դարձած զենքը, թեեւ դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել էին 28 պարկուճ եւ 2 հատ գնդակ: Ըստ ոստիկանությունում քննարկվող վարկածներից մեկի, հանցագործները զենքը կամ թաքցրել են, կամ փախուստի դիմելիս՝ վերցրել են իրենց հետ, կամ ճանապարհին ինչ-որ տեղ ուղղակի դեն են շպրտել: Համենայնդեպս, հանցագործության մասնակիցների բնակարանների խուզարկության ժամանակ, անգամ Վարդանիկի տանը, զենք չի հայտնաբերվել, թեեւ գյումրեցիներից շատերը գիտեն, որ նա զենք կրել է:

Այս գործով նախաքննությանը մոտ կանգնած Գյումրիի մեր աղբյուրները ի պատասխան մեր այն հարցադրման, թե հենց հանցագործության օրն էր հայտնի, որ դրան մասնակից են եղել քաղաքապետի տղան եւ եղբոր որդին, նաեւ ԲՀԿ-ական Ա. Սարգսյանի որդին, ուրեմն ինչո՞ւ ժամանակին «տաք հետքերով» նրանց չեն ձերբակալել, արդարացան, թե այդ ժամանակ հստակ փաստեր էին պետք մարդկանց ձերբակալելու կամ կալանավորելու համար, մանավանդ որ՝ դեպքի ականատեսներից եւ անգամ տուժածներից որեւէ մեկը չէր խոստովանում եւ չէր մատնանշում այդ տղաների անունները: Մեր աղբյուրները համոզում էին, թե իրավապահները միայն մեկ-երկու օր հետո են հաջողացրել ցուցմունքներ կորզել ականատեսներից: Հիշեցնենք, որ այդ երկու օրերին ՀՀ քաղաքական ղեկավարության «դաբրոյով» էր, որ մարզի իրավապահները եւ նաեւ՝ նրանց հրավերով Գյումրի ժամանած ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ, ժամանել էին Գյումրի, խուզարկություններ էին իրականացրել նաեւ քաղաքապետի տանը, որից գյումրեցիները ենթադրել էին, թե նրա տեղը հիմա, ըստ ամենայնի, «նեղն» է եւ կարելի է նաեւ նրա մերձավորների անունները տալ:

Իրավապահներին առայժմ, գոնե իրենց խոստովանությամբ, հայտնի չէ Սպարտակ եւ Կոլյա Ղուկասյանների գտնվելու վայրը: Փոխարենը ֆիքսված է, որ, մասնավորապես, ԲՀԿ-ական Ա. Սարգսյանի որդին՝ Ռուստամ Սարգսյանը, հանցագործությունից անմիջապես հետո է լքել Հայաստանը: Ֆիքսված է, որ նա նախ՝ մեկնել է Վրաստան, ապա՝ ինքնաթիռով վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդակայանում: Բայց քանի դեռ նա կալանավորված չէ, այս տեղեկությունը դժվար թե մխիթարիչ համարվի: Նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Իսկ քրգործի նախաքննությունը շարունակվում է, եւ, ինչպես ասացին մեր աղբյուրները, չի բացառվում, որ հանցագործության մասնակիցների շրջանակն էլի ընդլայնվի, բայց, որ այդ փոխհրաձգությունը Գյումրիի քաղաքապետի դեմ ավելի վաղ իրականացված մահափորձի հետ առնչություն չունի՝ իրավապահները վստահ են: Նրանք հակված են կարծելու նաեւ, որ դեպքի օրը կորած 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի անհետանալն էլ դրա հետ կապ չունի, որովհետեւ այն երթուղին, որով ընթացել են հանցագործության մասնակից մեքենաները, որտեղ կատարվել է հանցագործությունը, հեռու է այն վայրից, որտեղից երեխան կորել է:

«Վերեւից» ստացվող հավանական ճնշումների վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ գործով զբաղվող քաջատեղյակ անձինք հավաստիացրին, որ հանցագործությանը մասնակից եւ հետախուզման մեջ գտնվող որեւէ մեկի հանցանքը պարտակելու նպատակով ճնշումներ չկան, կան ճնշումներ գործն արագ բացահայտելու իմաստով: «Իսկ քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում»,- ասաց մեր զրուցակից ոստիկաններից մեկը, որը նաեւ «PR» ու փրփուրներից կառչելու վկայություն համարեց քաղաքապետ Վարդանիկի վերջին կերուխումը, որի ժամանակ նա հայտարարել էր, թե ինքը էլ պրոբլեմ չունի, հրաժարական չի տալու, բոլոր հարցերը կարգավորված են: «Դա ավելի շուտ նրա անվստահության մասին է խոսում, մանավանդ այն իրավիճակում, որում հայտնվել են ինքն ու իր հարազատները»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, թե քաղաքապետ Վ. Ղուկասյանի երկու եղբայրները փախած են, ընդ որում՝ նրանցից մեկը կասկածվում է մայիսի 25-ին Շիրակի մարզի բնակչուհի Ն. Առաքելյանի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերված 165 գրամ հերոինի գործով, որի առնչությամբ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ առանձնապես խոշոր չափերով» հոդվածով:

Այն, որ Գյումրիի քաղաքապետն այլեւս քաղաքական աջակցություն չունի, եւ նրա պաշտոնանկության հարցը ժամանակի խնդիր է, մեր աղբյուրը փաստարկեց նաեւ նրանով, որ երբ հունիսի 20-ին Վ. Ղուկասյանին տեղափոխեցին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան այդ նույն քաղաքական ղեկավարությունից, այդ թվում՝ ՀՀԿ վերնախավից, որեւէ մեկը չի այցելել: Հիշեցնենք, որ Վ. Ղուկասյանին հիվանդանոցում ամենաբարձր մակարդակով այցելություններ եղան այն ժամանակ, երբ նրա դեմ մահափորձ էր կատարվել:

Սակայն այլ բան են ասում իշխանական կուսակցության կուլիսներում: Ըստ այդմ, ՀՀԿ-ն Վարդանիկի հարցը չի էլ փորձել քննարկել, եւ նման հարց կուսակցության մոտակա օրակարգում չկա էլ: ՀՀԿ-ում համարում են, որ մի կողմից՝ ճիշտ չէ տկար վիճակում գտնվողի հարցը քննարկման ներկայացնել, մյուս կողմից՝ Վարդանիկը կուսակցության համար մեծ արժեք է: Այս տրամադրությունների մասին է վկայում նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի ավելի վաղ արած այն հայտարարությունը, թե՝ «քանի դեռ ոչ մի ապացույց չունենք, որ Վարդան Ղուկասյանն օրենք է խախտել, կուսակցությունում ոչ մի քննարկում էլ չի կարող լինել»: Իհարկե, եթե ՀՀԿ վերնախավը եւ այդ կուսակցության նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը որոշեն, որ Վարդանիկը խայտառակում է ոչ միայն «ռեսպուբլիկան», այլեւ սեփական կուսակցությունը, ապա Գյումրիի քաղաքապետին հրաժարականի հակելու բազմաթիվ միջոցներ՝ օրինական կամ վարչական լծակների ազդեցությամբ, կգտնվեն, մանավանդ որ՝ դրա համար մինչ այս էլ բավարար հիմքեր եղել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել