Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Պետդեպն ասաց իր խոսքը

Հուլիս 04,2007 00:00

«Միացյալ Նահանգները սատարում է ազատ խոսքին ու մամուլի ազատությանը եւ բացասական է գնահատում Հայաստանում կամ որեւէ այլ երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու որեւէ փորձ»:

Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում, որը երկուշաբթի օրը տարածել է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը: Ներկայացնելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը Հայաստանի Ազգային ժողովում քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որոնք, ըստ մի շարք փորձագետների եւ քաղաքական գործիչների՝ կարող են խիստ սահմանափակել Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունները, Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակը շեշտել է. «Մեզ համար անհասկանալի է, թե առաջարկվող օրենսդրությունը ինչպես կարող է նպաստել շարունակական ժողովրդավարացման՝ Հայաստանի կառավարության հռչակած ցանկությանը, հատկապես մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արձանագրեցին մեկ քայլ առաջ՝ արտացոլելով հանդերձ ժողովրդավարական չափանիշների ուղղությամբ հետագա բարելավումների անհրաժեշտությունը»: Հայտարարությունում նաեւ նշված է. «Ի մասնավորի, մեզ խորապես կմտահոգի որեւէ օրենսդրություն, որը կսահմանափակի Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հնարավորությունները: Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը մեր մտահոգություններն է բարձրաձայնել խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»:

Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հայ-ամերիկյան խորհուրդը նամակով դիմել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ պահանջելով ամերիկյան կառավարության միջամտությունը՝ կանխելու «Ազատություն» ռադիոկայանին սպառնացող վտանգը:

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հովանու տակ գործող քաղաքական այդ մարմինն իր նամակում խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծերի հավանական ընդունման կապակցությամբ: «Մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունների հիմնական նպատակն է փակել «Ազատ Եվրոպա-Ազատություն ռադիոն», որ ներկայումս հանդիսանում է Հայաստանում սփռվող միակ իսկապես անկախ լուրերի աղբյուրը»,- ասված է նամակի մեջ: «Ա1+» եւ «Նոյյան տապան» ալիքների փակումից հետո Հայաստանի իշխանություններն իրենց ամբողջական հսկողության տակ առան զանգվածային լրատվության բոլոր միջոցները՝ բացառությամբ «Ազատություն» ռադիոկայանի, որ դարձավ այլընտրանքային տեղեկատվության միակ աղբյուրը: Եթե իշխանություններին հաջողվի եթերազրկել նաեւ «Ազատությունը», այդ քայլը աղետալի ազդեցություն պիտի ունենա երկրի քաղաքական ամբողջ մթնոլորտի վրա»,- գրել են հեղինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել