Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՓԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆՆ Է

Հուլիս 05,2007 00:00

\"\"Այդ անձը քննությանը հայտնի չէ: Իսկ Լեւոն Գուլյանի բջջային հեռախոսը եւ մարտկոցը հարազատների մոտ է:

Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեցին փաստաբան Հրայր Ղուկասյանն ու մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության շենքի 2-րդ հարկից անհայտ հանգամանքներում ցած ընկած եւ մահացած «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանի հարազատները: Երեւանի դատախազությունում երկրորդ ամիսն է, ինչ այդ գործով նախաքննություն է իրականացվում: Ըստ Լ. Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հ. Ղուկասյանի, գործում առկա է 4 փորձագիտական եզրակացություն: Դրանցից 2-ը դատաբժշկական փորձաքննություններ են, կատարվել են տեղացի եւ եվրոպացի փորձագետների մասնակցությամբ, 2-ը՝ մատնադրոշմային եւ դատաքիմիական: Փաստաբանը տեղեկացրեց, որ Դանիայից եւ Գերմանիայից հրավիրված անկախ փորձագետները մայիսի 30-ին իրենց՝ տուժողի իրավահաջորդներին տեղյակ էին պահել, թե փորձագիտության եզրակացությունը՝ կնքված, էլեկտրոնային փոստով ուղարկել են: Սակայն այն չեն ստացել ոչ Գուլյանի ընտանիքը, ոչ էլ 3 այլ հասցեատերերը: Փաստաբանի տեղեկացմամբ, իրենց ձեռքին առկա է սովորական փոստով ստացված եվրոպացի փորձագետների եզրակացությունը, որի ոչ պաշտոնական թարգմանությունը, այնուամենայնիվ, պարզաբանում է որոշ հարցեր:

Տեղական փորձագետները չէին պատասխանել այն հարցին, թե Լ. Գուլյանի ստացած վնասվածքները հնարավո՞ր էր ստանալ մեկ անկմամբ, այսինքն՝ ցած ընկնելիս: Չէին պատասխանել նաեւ, թե Լ. Գուլյանը քրեական հետախուզության վարչության շենքի 2-րդ հարկից ընկնելուց հետո որքան ժամանակ է ողջ մնացել, ո՞րն էր նրա մահվան բուն պատճառը: Եվրոպացիները արձանագրել էին, օրինակ, որ դիակի ոչ միայն ձախ մասում էին առկա վնասվածքները, այլ նաեւ աջ մասում: Մասնավորապես՝ քունքին, ստորին ծնոտին, ուսերին, ձախ աչքին:

Անդրադառնալով մատնադրոշմային փորձաքննությանը, Հ. Ղուկասյանը տեղեկացրեց, որ ոստիկանության համապատասխան սենյակի պատուհանի վրա հայտնաբերված մատնահետքերից երեքը Գուլյանինն է եղել: «Իսկ ձեռքի ափի հետքերը չէին համապատասխանում Գուլյանի ափի հետքերին: Ու՞մ է պատկանում»,- հարցրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը: Պարզվեց, ստուգվել են քրեական հետախոզության գլխավոր վարչության պետ Գեւորգ Թադեւոսյանի, նրա տեղակալի՝ Արայիկ Մգոյանի եւ տեխնիկական 1-ին բաժնի աշխատակցի (սենյակը մաքրողի) ափի հետքերը: «Նրանց ափի հետքերը չէին: Դրանք պատկանում են քննությամբ դեռեւս չպարզված այլ անձի»,- նշեց փաստաբանը:

Փորձագետները, ըստ փաստաբանի, պնդում են նաեւ, որ Գուլյանի հագուստի վրա, ձեռքերին, մատներին չեն հայտնաբերվել ներկի, ժանգի, մրի, բետոնի, սվաղի հետքեր, ինչը հակասում է պաշտոնական այն տվյալներին, որ տուժողը ընկնելիս բախվել է տարբեր առարկաների՝ թիթեղյա տանիքին, գազի խողովակին եւ այլն:

Լ. Գուլյանի հարազատները երեկ տեղեկացրին նաեւ, որ իրենց մոտ է գտնվում Լեւոնի բջջային հեռախոսն իր մարտկոցով: Ուրեմն, ո՞ւմ հեռախոսի մարտկոցը գտնվեց դեպքի վայրում, ինչի մասին հայտարարել էր նախաքննական մարմինը: Հարազատները դրանից տեղյակ չեն եւ դիմել են նախաքննական մարմնին՝ այդ իրեղեն ապացույցի տրամադրման հետ կապված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել