Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինը «Հինգշաբթիին» անտեղի անհանգստացնում է

Հուլիս 06,2007 00:00

Գյումրիի հարկային տեսչությունը թերթից պահանջում է վճարել չհիմնավորված տուգանքներ:

Հարկայինն անհնազանդ հարկատուներին պատժելու ավանդական մեթոդ ունի՝ առիթ-անառիթ տվյալ ընկերությունում ստուգումներ է իրականացնում ու «չեպեներ» գտնում՝ տուգանելու համար: Գյումրիի ժամանցային թերթերից մեկը՝ «Հինգշաբթին», տեղի հարկային տեսչության հետ որոշակի տարաձայնություններ ուներ, ուստի հարկայինը, ընդունված ավանդույթի համաձայն, սկսել է թերթի հաշվապահությունում ստուգումներ անցկացնել: Արդյունքում՝ թերթին տուգանել է 5 մլն 800 հազար դրամով: Թերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ երկար բանակցելուց հետո Գյումրիի հարկային տեսչության աշխատակիցները վերանայել են իրենց տուգանքի չափը:

«Իրենք պատճառաբանում էին, որ մեզ պետք է հարկեն թերթի հետեւում գրված տպաքանակով: Սակայն դա բացարձակապես սխալ մոտեցում է, իրենք իրավունք չունեն այդպես վարվելու, դա հիմք չէ, դա միջինացված տպաքանակ է: Եվ հետո, թերթի հետեւում գրված ցանկացած տող կարգավորվում է արդարադատության նախարարության կողմից «ԶԼՄ-ների մասին» օրենքով, ու հարկայինը այստեղ որեւէ անելիք չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: 5 մլն 800 հազար դրամանոց ակտը չեղյալ համարելով՝ հարկայինը նոր ակտ էր կազմել՝ այս անգամ «Հինգշաբթի» թերթին տուգանելով 500 հազար 300 դրամ: Այդ գումարից մոտ 300 հազար դրամ տուգանքը շահութահարկը չվճարելու համար էր, 191 հազարը՝ թերթերի վաճառքից ավելացված արժեքի հարկ չվճարելու համար, սա այն դեպքում, երբ Հայաստանում բոլոր թերթերը ԱԱՀ վճարում են միայն գովազդների համար, իսկ վաճառքի համար ԱԱՀ-ից ազատված են: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ «Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց, թե շահութահարկի մասով ի՞նչ էինք խախտել, որովհետեւ մենք բարեխղճորեն բոլոր հարկային պարտավորություններն էլ կատարել ենք: Հարկայինը մեզ ասում էր, որ հետ վերադարձված թերթերը պարտավոր ենք վաճառել որպես թղթի թափոն, մեկ կիլոգրամը՝ 20-25 դրամով: Բայց մենք ժամկետանց թերթերը վաճառում ենք հատը 10 դրամով, քանի որ այնտեղ կան պիտանի նյութեր ընթերցողների համար: Այսինքն, իրենց ուզածն այն էր, որ դա դիտարկվեր որպես այլ ապրանք ու ենթարկվեր ԱԱՀ-ի: Սակայն հետ վերադարձված թերթերն իմն են, ինչ կուզեմ՝ կանեմ, կուզեմ՝ որպես թերթ կծախեմ, կուզեմ՝ նվեր կտամ: Թող ցույց տան օրենք, ես էլ իրենց ասածն անեմ»:

Չհամաձայնելով հարկայինի տուգանքների հետ՝ Արմեն Մարտիրոսյանը դիմել էր Շիրակի մարզի տնտեսական դատարան, որն էլ բավարարել է հայցը՝ ընդդեմ հարկայինի: Դատարանում Հարկային տեսչության ներկայացուցիչները չկարողացան որեւէ ապացույց ներկայացնել ու հիմնավորել իրենց կազմած ակտը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հինգշաբթի» շաբաթաթերթը հարկային տեսչությանը դատի է տալիս՝ չհամաձայնելով վերջինիս սահմանած ակտերին: Հարկայինի հետ նախորդ բախումից հետո տեսչության աշխատակիցները պարբերաբար ստուգումներ են կազմակերպում թերթում: «Շատ ամոթ է նման վերաբերմունքը, եթե դու չես համագործակցում հարկայինի հետ, նշանակում է՝ իրենք ամեն կերպ խոչընդոտելու են քո աշխատանքին»,- ասաց թերթի տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031