Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՇՎԻՆ

Հուլիս 11,2007 00:00

\"\"Այսուհետեւ գյումրեցի հարկատուները ստիպված կլինեն «մուծվել» Վարդան Ղուկասյանի անվտանգության համար:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անցյալ շաբաթ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, մեր տեղեկություններով՝ իր առողջանալու եւ ապաքինվելու առիթը նշել է Գյումրիի հանրահայտ օբյեկտներից մեկում՝ «Օազիսում»: Քեֆի ժամանակ նա հայտարարել է՝ «Ինձ ի՞նչ է եղել, որ հրաժարական տամ, ես էս մարզի հա՛մ մարզպետն եմ, հա՛մ էլ քաղաքապետը»: Նշենք, որ Վարդան Ղուկասյանի հրաժարականին շատերն էին սպասում, ու քաղաքապետի հայտարարությունը Գյումրիում շրջանառվող լուրերի պատասխանն էր:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, թեեւ քաղաքապետն արդեն ապաքինվել է, բայց աշխատանքի չի գնում, նա Գյումրին ղեկավարում է ոչ թե քաղաքապետարանից, այլ՝ սեփական տնից, եւ իր ենթակա աշխատակիցներին էլ տանն է ընդունում, փաստաթղթեր ստորագրում ու ճանապարհում: Որ Ղուկասյանը հեշտ ու հանգիստ հրաժարական տվող չէ, ակնհայտ է նաեւ Գյումրիի ավագանու՝ վերջերս կայացրած որոշումից: Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի հրահանգով՝ ավագանին «որոշել» էր քաղաքի բյուջեից անհապաղ գումար հատկացնել քաղաքապետարանի անվտանգության համար: Ավագանուն մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ սկզբում օրակարգում եղել է միայն քաղաքապետի անվտանգության ապահովումը: Փաստորեն, քաղաքի հարկատուների հաշվին քաղաքապետի անձնական հարցերը պետք է լուծեին: Սակայն ավագանու անդամներից մեկի առաջարկով՝ որոշել են քաղաքապետ բառը փոխարինել քաղաքապետարանով, ու արդյունքում կայացվել է մի որոշում, համաձայն որի՝ քաղաքային աղքատիկ բյուջեից ամեն ամիս 460 հազար դրամ է փոխանցվելու քաղաքապետի, աշխատակազմի ու ավագանու անդամների անվտանգությանը: Սա հարուցել է քաղաքի հարկատուների դժգոհությունը, որոնց ներկայացմամբ՝ «մենք դատում ենք, քաղաքապետը՝ ուտում»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչի՞ հաշվին են քաղաքապետարանի անվտանգության համար գումարներ տրամադրում՝ փողոցների ասֆալտապատմա՞ն, լուսավորմա՞ն, թե՞ թափառող շների վերացման: Առանց այդ էլ վերոհիշյալ խնդիրների լուծման համար թեեւ քաղաքային բյուջեից միշտ էլ գումարներ են նախատեսվում, սակայն քաղաքում էական առաջընթաց այդպես էլ չի արձանագրվում: Քաղաքապետարանից մեզ պարզաբանեցին, որ այդ որոշումը կապված է արտակարգ դեպքի՝ քաղաքապետի դեմ մահափորձ կատարելու հետ եւ որ բյուջեի հնարավորությունները թույլ են տալիս այդ նպատակով գումար հատկացնել. այն նախատեսված է ոչ թե կոմունալ կամ այլ ծախսերը կրճատելու հաշվին, այլ՝ բյուջեի եկամտային մասից: Իսկ թե կոնկրետ ի՞նչ են անելու այդ գումարով՝ քաղաքապետարանից հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ դա հրապարակման ենթակա չէ: Մինչդեռ ավագանու որոշ անդամների հավաստմամբ՝ ավագանու որոշումը բաղկացած է երեք կետից՝ առաջինը քաղաքապետի մեքենայի զրահապատումն է, երկրորդը՝ կապի միջոցների ձեռքբերումը եւ հաջորդը, որն ամենազավեշտալին է եւ գյումրեցիների շրջանում արդեն քննարկման առարկա է դարձել՝ այն է, որ քաղաքապետի ու ավագանու անդամների համար զրահապատ բաճկոններ պետք է ձեռք բերեն: Գյումրեցիների խոսքերով՝ «Եթե որոշեին գյումրեցիներին զրահապատ բաճկոններ բաժանել, կհասկանայինք, մի բան էլ կգովեինք, որ իրենց խուլիգան զավակներից մեզ ապահովագրում են, բայց իրենք բաճկոններն ի՞նչ են անում: Եվ հետո, քաղաքապետն էդքան չունեւո՞ր է, որ իր անձնական ռազբորկեքն էլ գյումրեցիների գրպանի հաշվին է լուծում»:

Հ. Գ. Երեկ քաղաքապետը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանին: Մեր տեղեկություններով՝ նա ստացել է Ս. Սարգսյանի «դաբրոն»՝ քաղաքապետի պաշտոնում առայժմ մնալու: Այս հանգամանքը քաղաքապետարանի մեր աղբյուրները մեկնաբանում են այսպես. «Վարչապետը Ղուկասյանին կհովանավորի մինչեւ նախագահական ընտրությունները՝ նրա միջոցով Գյումրիից համապատասխան ձայներ տանելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել