Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ արվեստաբանները զեկուցումներ կարդացին

Նոյեմբեր 09,2007 00:00

Երեկ ԳԱԱ պատմության ինստիտուտում մեկնարկեց երիտասարդ արվեստաբանների գիտաժողովը: Թեմաները բազմազան էին:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ Տիգրան Հարությունյանը զեկույց կարդաց «Ոճի իմաստավորման հարցերը Երեւանի հետխորհրդային շրջանի ճարտարապետության մեջ» թեմայով: «2000 թվականից սկսած, երկրի սոցիալ-քաղաքական, տնտեսական իրավիճակից կախված՝ մեծ թափ է առել նաեւ շինարարությունը: Այսօր Երեւան քաղաքում կառուցվում են նոր ոճով բազմաթիվ շենքեր, որոնք ոչ մի ժառանգականություն չունեն խորհրդային ժամանակաշրջանի կառույցների հետ»,- փաստեց բանախոսը: Ըստ Տ. Հարությունյանի, այսօրվա ճարտարապետությունը կարելի է համարել առանձին փուլ՝ հայկական ճարտարապետության զարգացման մեջ. «Այսօրվա կառույցներում արտահայտված է Երեւանի կերպարը խորհրդանշող 30-50- ականների ազգային նեոկլասիցիստական ճարտարապետությունը: Վառ օրինակը որոշ առումով Հյուսիսային պողոտան է… Միշտ էլ քաղաքական անցումային փուլերում ճարտարապետության մեջ էկլեկտիզմ եւ բազմազանություն է նկատվում»:

Արվեստի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտ Մերի Կիրակոսյանը հանդես եկավ «Փանոս Թերլեմեզյանը եւ Կոմիտասը» թեմայով զեկույցով. «Կոմիտասը եւ Թերլեմեզյանը ջերմ ընկերական եւ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել: 1913 թ. նրանք երկուսով մեկնել են Կոմիտասի ծննդավայր՝ Անատոլիա, ուր Թերլեմեզյանը ստեղծել է ընկերոջ դիմանկարը: Մինչեւ այդ, նրանք Պոլսի թաղամասերից մեկում ապրել են նույն տան մեջ, որտեղ պարբերաբար կազմակերպվել են մշակութային երեկոներ, իսկ հյուրերի թվում եղել են նաեւ հույն, թուրք դիվանագետներ: Թերլեմեզյանը շատ բարձր է գնահատել Կոմիտասի արվեստը: 1921 թ., երբ Կոմիտասը գտնվում էր Փարիզի հոգեբուժարաններից մեկում, Թերլեմեզյանը այցելում է նրան: Ինչպես նախկինում, այնպես էլ այդ օրը նրանք զրուցում են արվեստի մասին: Թերլեմեզյանը հայտնում է, որ Կոմիտասի աշակերտներից մի քանիսը եկել են Փարիզ սովորելու: Երգահանին այդ փաստը շատ է ուրախացնում: Հետո Թերլեմեզյանը խնդրում է Կոմիտասին երգել իր համար: Վերջինս ասում է՝ «Հիմա ես միայն ինձ համար եմ երգում, այն էլ շա՜տ կամաց»:

Արվեստագիտության թեկնածու, պետկոնսերվատորիայի դասախոս Ռուբեն Սմբատյանն էլ խոսեց «Հայ կոմպոզիտորների ջութակի պիեսների ժանրային որոշ առանձնահատկությունները» թեմայով իր աշխատանքից: «Հայ կոմպոզիտորական արվեստում՝ ջութակի համար նախատեսված պիեսները գրվել են 19-րդ դարի 80-ական թվականներին: Առաջին գործը Տիգրան Չուխաջյանի հանրահայտ «Ավե Մարիան» է: Մոտավորապես նույն ժամանակաշրջանում են գրվել Ալեքսանդր Սպենդիարյանի «Վալսը» եւ «Երգը»: Հետագայում պիեսները տեղ են գտել նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեջ»,- ներկայացրեց բանախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930