Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏՄԻՔՍԸ» ՆԱԵՎ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 22,2007 00:00

\"\"Նորաստեղծ պատկերասրահի տնօրեն Արթուր Ավագիմյանը «փակագծերը» կբացի առաջիկայում

Նոյեմբերի 20-ին հայաստանյան մասնավոր պատկերասրահների թիվը ավելացավ եւս մեկով: Այսուհետեւ Պարոնյան 9 հասցեում՝ Փարաջանովի տուն-թանգարանից ոչ հեռու, կգործի «Արտմիքս» պատկերասրահը:

Պատկերասրահի տնօրեն Արթուր Ավագիմյանն «Առավոտին» հայտնեց, որ ի տարբերություն նմանօրինակ մշակութային օջախների, «Արտմիքսը» չի դնելու ժանրային, ոճական կամ իզմային խտրականություն. «Մեր պատկերասրահի նպատակը բարձրակարգ արվեստ ներկայացնելն է եւ ամենեւին կարեւոր չէ՝ աբստրակցիա ենք ցուցադրում, սյուրռեալիզմ, թե դասական ոճի գործ»: Հիմնադիրը նաեւ հավելեց. «Ցանկություն ունենք վերստին հիշեցնել այն տաղանդավոր նկարիչների մասին, որոնցից ոմանք ինչ-ինչ պատճառներով անտեսված են եղել կամ հայտնվել ստվերում: Հրաչիկ Հակոբյանի (Սիրուն Հրաչ), Դեղձ Աշոտի, Ալբերտ Պարսամյանի եւ այլոց աշխատանքներն ենք ցուցադրելու, կներկայացվեն նաեւ կիրառական արվեստի գործեր, որոնք ժողովրդի համար ոչ պակաս ընդունելի են»:

Ա. Ավագիմյանը պատմեց, որ մասնավոր պատկերասրահ հիմնելու գաղափարը դեռեւս մեկ տարի առաջ էր հասունացել, եւ ինքը պրպտումների ու որոնումների մեջ էր՝ բազմաժանր եւ ճաշակով ներկայանալու համար: «Նկարների բիզնեսը բարդ է, պետք է ակունքներին մոտենալ՝ հասկանալու համար՝ ինչ է արվեստը: Օրինակ, հարգարժան մի անձնավորություն՝ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, գեղեցիկը մեկնաբանում է որպես դրախտից մնացած հիշողություն: Ինձ համար սա նախեւառաջ հոգեւոր պահանջ է, հետո՝ միայն բիզնես ու կոմերցիա: Ես մասնագիտությամբ արվեստաբան չեմ, ավարտել եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտը, եղել Հայաստանում քիք-բոքսինգի համաեվրասիական ներկայացուցիչը, բայց միշտ սիրել եմ արվեստը, Եվրոպայում մշտապես ուսումնասիրել մասնավոր պատկերասրահների գործունեությունը: Գիտակցում եմ, որ արվեստի գործը կարող է զուտ կոմերցիոն նպատակներով արվել, բայց նաեւ լինել արվեստի հզոր գործ: Ինչ վերաբերում է հայ նկարիչներին, նրանց պետք է ոգեւորել: Նկարիչների գործերի 80 տոկոսը իրենց կենդանության օրոք չի վաճառվում: Մեր պատկերասրահի նպատակներից մեկն էլ երիտասարդ շնորհալիներին ճանաչել տալն ու աջակցելն է»,- հայտնեց «Արտմիքսի» հիմնադիրը: Նա ասաց, որ ունեն բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ անակնկալներ, որոնք կյանքի կկոչեն նկարիչ Կամո Թումասյանի հետ համատեղ:

«Արտմիքսը» կհամագործակցի գերմանական ու իսպանական մասնավոր պատկերասրահների հետ՝ մեր նկարիչներին՝ այնտեղ, արտասահմանցիներին՝ մեր երկրում ցուցադրելու պայմանով: Ըստ մեկ այլ նախագծի, հայ եւ օտարերկրացի նկարիչները համատեղ կնկարեն, ու դա կլինի յուրօրինակ էքսպերիմենտ: Ա. Ավագիմյանից հետաքրքրվեցինք՝

6-7 մասնավոր պատկերասրահը շա՞տ է, թե՞ քիչ՝ հայաստանյան մշակութային դաշտում «եղանակ ստեղծելու» համար: «Կարծում եմ, քիչ է՝ արվեստի նման առատության ու մեր ազգի շնորհալիության պարագայում: Դեռ ինչքա՜ն ուղղություններ ու ոլորտներ կան, որ անտեսված են Հայաստանում»,- պատասխանեց նա: Նաեւ հայտնեց, որ առայժմ համագործակցում են 35 նկարչի ու քանդակագործի հետ, որոնց թվում են Արկադի Պետրոսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անատոլի Գրիգորյանը, Տիգրան Հովումյանը, Տիգրան Ասատրյանը, Արթուր Շարաֆյանը, էմին Պետրոսյանը, Նիկոլ Աղաբաբյանը եւ այլք:

Մեր այն դիտարկմանը, որ մասնավոր պատկերասրահ ունենալը ենթադրում է ֆինանսական, հարկային, բիզնեսի սեզոնայնության եւ այլ բնույթի խնդիրներ, պրն Ավագիմյանը պատասխանեց, որ առաջիկա տարիներին պատկերասրահից շահույթ չի ակնկալում, ընդհակառակը՝ շարունակելու է ներդրումներ անել. «Եվ եթե մեր գործը բարի է՝ արդյունքն էլ բարի կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել