Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Նոյեմբեր 23,2007 00:00

\"\"Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ եւ քո ձեռքից թռնում է ջահելության՝ այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանոմ մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ, պատմությանը չես թողել ոչ մի պայթուցիկ, այլ մաքրել ես քեզանից առաջ եւ քո ճանապարհին դրված ականները: Եվ դեպի ներս փլվող լուռ մատուռի նման հառում ես հայացքդ լուսավոր անդին՝ հաստատ իմանալով, որ Նա նույն տեղում է, եւ իզուր չես հայացքիդ հետ մեկնում ձեռքդ, քանի որ անվարան գիտես, որ դու հեռացողը չես, այլ մնացողը, քո իսկ ստեղծած խոսքի Հայրենիքում, որը քեզանից հետո եկողների ապրելու Տունն է նաեւ……Եգիպտական փարավոններն այնքան էին արժեւորում իրենց ծագումն ու արյան աստվածային սկիզբը, որ չէին կարողանում հարսնացու ընտրել իրենց՝ ապագայում փարավոն զավակների համար եւ ամուսնացնում էին հարազատ քույրերի հետ՝ չմտածելով, սակայն, որ արյունապղծությունը տանում է արյան մահվան: Այնինչ հին աստվածներից, ոչ մեկը այդ հիվանդության բուժման դեղատոմսը չգիտեր, եւ փարավոնները մահացան՝ իրենց հետ տանելով նաեւ իրենց աստվածներին եւ մնաց այն, ինչ մնացել է Սվինքսի հողմահար հայացքի առջեւ ու պատկերագրերում ապրող իրենց Հայրենիքը՝ խոսքի մեջ: Ինչ ուրախություն, որ Օրիոնի հիշողություն պահած մեր ցեղը փարավոնյան հիվանդություն չունեցավ եւ այսօր ապրում է՝ իր հրաժեշտի խոսքն ուղղելով Աղասի Այվազյան երեւելի մարդուն, որ մեզ հետ ապրելով, մեզ համար ստեղծեց իր խոսքի Հայրենիքը, ուր եւ մենք այսու ապրելու ենք իր հետ միասին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել