Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսսոն՝ հին ու նոր երգերով

Դեկտեմբեր 12,2007 00:00

Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրված ասուլիսի երեկվա հյուրը հանրահայտ երգիչ Ավրաամ Ռուսսոն էր, թեման՝ այսօր ու վաղը Օպերային թատրոնում կայանալիք համերգները, որ կազմակերպել են «Ժպիտ» ակումբը, SENGER & FRISCHMANN EVENTS-ը եւ Երեւանի «Մոսկվայի տունը»:Ա. Ռուսսոն հայտնեց, որ այժմ ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում, պատրաստվում է թողարկել նոր CD, որում տեղ գտած երգերը հիմնականում ինքնակենսագրական են. «Կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, մարդիկ պետք է պատրաստ լինեն անկանխատեսելիին: Եթե դու ունես հազարավոր երկրպագուներ եւ ընդամենը 2-3 թշնամի, ապա անհրաժեշտ է զգուշանալ հենց այդ 2-3 մարդուց: Աստվածաշունչն ասում է՝ եթե քո թշնամին մրջյունն է, ապա պետք է զգույշ լինես անգամ մրջյունից: Վերջին դեպքերից հետո (նկատի ունի դաժանորեն ծեծվելն ու հրազենային վնասվածքներ ստանալը- Ե. Հ.) ես Աստծո շնորհիվ ողջ մնացի եւ այժմ սկսել եմ ավելի շատ աղոթել»: Երեւանյան համերգային ծրագրի հետ կապված էլ երգիչն ասաց, որ կերգի ոչ միայն իր «հիթ» դարձած երգերը, այլեւ կհնչեցնի նորերը: Ռուսսոն անկեղծացավ նաեւ Մոսկվան լքելու իր պատճառների վերաբերյալ. «Չնայած ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն ստիպված էի հեռանալ Մոսկվայից: Եթե նույնիսկ շարունակեի այնտեղ ապրել, այլեւս ոչ մի խնդիր չէր լինի, սակայն ես գերադասեցի հեռանալը…Չնայած մեծ դժվարություններին, ամեն ինչ նորից սկսեց նորմալ հունով ընթանալ: Վերջերս ավարտվեցին իմ ամերիկյան, կանադական եւ իսրայելյան համերգները: Շատ ուրախ եմ, որ Երեւանում էլ պետք է երգեմ: Վերջին անգամ այստեղ 3 տարի առաջ եմ եղել»: Նա հպարտորեն նշեց, որ ինքը կարողանում է հայերեն խոսել ու գրել, սակայն իր խոսքերով՝ հայերենին տիրապետում է «ախպարական» մակարդակով: Երգիչը նաեւ հայտնեց, որ երբ մեկնում է Լոս Անջելես, անպայման հայերեն է երգում՝ «Չեմ կարող քեզ մոռանալ» երգը: Խոսելով ռուսական շոու-բիզնեսում տիրող ներկա վիճակի մասին, Ա. Ռուսսոն փաստեց, որ այնտեղ դժվար է հաջողությունների հասնել, որովհետեւ ամեն ինչ որոշում է գումարի չափը. «Ռուսաստանում շոու-բիզնեսը կենտրոնացած է ոչ թե ստեղծագործողների, այլեւ մի քանի բիզնեսմենների ձեռքում, որոնք երաժշտությունից գլուխ չեն հանում: Ռուսաստանում ոչ մեկին չի հաջողվի հեշտությամբ «ռասկրուտկա» լինել, դառնալ աստղ, որովհետեւ այնտեղ ճանապարհը ամբողջությամբ փակ է: Աջ ու ձախ պետք է վճարես բոլորին: Շատերը վաճառում են անգամ իրենց ավտոմեքենաներն ու բնակարանները, որ տեսահոլովակ նկարեն, բայց արդյունքում այն ոչ մի հեռուստաալիք չի ցուցադրում: Այնտեղ շոու- բիզնեսը կեղտի մեջ է, մարդիկ կեղտոտ խաղեր են խաղում: Հիմա Ռուսաստանում ցանկացած քայլ անելուց առաջ պետք է երկար մտածել»,- նշեց Ա. Ռուսսոն: Երգիչը դժգոհությամբ տեղեկացրեց, թե օդանավակայանում պարզել է, որ իր ուղեբեռը կորել է. «Հիմա ես չունեմ հագուստ, որով պետք է հանդես գամ, օծանելիք, հարդարման միջոցներ, հիգիենայի պարագաներ»: Վերջում, երբ լրագրողները Ռուսսոյին խնդրեցին որեւէ հայերեն երգ կատարել, նա կատակեց. «Միայն թռչուններն են անվճար երգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել