Լրահոս
Օրվա լրահոսը

Չափանիշները փոխվել են

Մարտ 01,2008 00:00

Հայ տղամարդկանցից ոմանք նախընտրում են թմբլիկներին, ոմանք նիհարիկներին, մյուսներն էլ դեմ են շպարին:

Ինչպիսի՞ չափանիշներով են գնահատում կանանց ժամանակակից հայ տղամարդիկ: 18-ամյա Սարգիս Թադեւոսյանը գեղեցկության մասին ասում է. «Կարծում եմ՝ առաջին հերթին գեղեցկությունը պետք է վերաբերի արտաքինին: Աղջիկը պետք է լինի բարձրահասակ, նիհար, ժպտերես, նուրբ դիմագծերով, շատ կոմպլեքսավորված չլինի: Սիրում եմ, որ աղջիկը եղունգները գեղեցիկ մշակում է, նուրբ շպարված է լինում: Գեղեցիկ սանրվածքից ու հագուստից զատ, կարեւորում եմ օծանելիքի բույրը, այն պետք է համապատասխանի զգեստին ու սեքսուալ լինի»: Վարորդ Շավարշ Բաբայանն էլ փաստեց. «Արտահայտիչ, բարի աչքեր պետք է ունենա, հաճելի ժպիտ: Անպայման բնավորությամբ լավը լինի: Դա ինձ համար ավելի կարեւոր է, քան արտաքին գեղեցկությունը, քանի որ գեղեցիկ աղջիկները շատ գոռոզ են ու ամեն մարդու հետ չեն շփվում: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ աղջիկները շպարվում են, առանց դրա ավելի գեղեցիկ են ու հմայիչ: Սիրում եմ, որ աղջիկները հաճելի հոտով օծանելիքներ են ցանում»: Մանկավարժական համալսարանի ուսանող Նարեկ Թութխալյանը նշում է. «Սիրում եմ պարզ դեմքով աղջիկների, երկար մազերով, ընդգծված հաստ շուրթերով: Ըստ իս, իդեալական գեղեցկությամբ օժտված են Ջուլիա Ռոբերթսն ու Անջելինա Ջոլին: Հավանում եմ սլացիկ կազմվածքով, արտահայտիչ աչքերով, խելացի աղջիկների: Իսկ երբ աղջիկները «Քրիստիան Դիորի» օծանելիքից են ցանում, ես խենթանում եմ»: 71-ամյա Գառնիկ Սիմոնյանը գեղեցկության մասին խոսեց իր երիտասարդ ժամանակների տրամաբանությամբ. «Աղջկա ճակատը պիտի բաց լինի, դեմքը՝ պարզ, աչքերը՝ մեծ, նշաձեւ, ունքերը՝ կամար, ինչպես ասում են՝ դրանից վեր գեղեցկություն չկա»: Այն հարցին, թե ի՞նչ կասեք շպարի եւ օծանելիքի մասին, Գառնիկ պապը պատասխանեց. «Չեմ ընդունում այսօրվա շպարված օրիորդներին, նրանց, որոնք նույնիսկ ձմռան ամիսներին են կիսաշրջազգեստ հագնում: Օծանելիքի հոտերն էլ խորթ են ինձ համար: Ես ամուսնացել եմ 47 տարի առաջ, ու իմ կինը ոչ օծանելիք է ցանել, ոչ էլ ներկվել»: 21-ամյա Գուրգեն Սարգսյանն էլ հարցի վերաբերյալ ասաց. «Ինձ համար գեղեցկությունը հմայքի մեջ է: Որեւէ մեկը կարող է ունենալ աչքերի իմ սիրած գույնը, դիմագիծը, բայց ինձ համար գեղեցիկ չթվալ: Հավանում եմ այնպիսի աղջիկների, որոնք աննշան շպարված են: Նուրբ, թեթեւ, ռոմանտիկա առաջացնող օծանելիքի բույրն էլ չի խանգարում»: 45-ամյա Նիկոլայ Ստեփանյանն էլ նշեց. «Չեմ ընդունում այսօրվա մոդելային գեղեցկություն ունեցող աղջիկներին, որոնք ցցված ոսկորներ ունեն ու չափազանց նիհար են: Հավանում եմ թմբլիկներին, թե ինչու՝ չգիտեմ»: 58-ամյա խոհարար Նարեկ Ղազարյանը փաստեց. «Օ, գեղեցկության մասին կարելի է անվերջ խոսել ու նաեւ չխոսել, այլ լուռ զմայլվել գեղեցիկ կնոջ արտաքինով… Այդ պահերը ապրել եմ երիտասարդ տարիներին պատկերասրահում՝ անմահ կտավների առաջ: Եթե ինձ երկրային կյանքում այդպիսի գեղեցկությամբ օժտված կին հանդիպի, չեմ համարձակվի նույնիսկ մոտենալ: Այսօր լավ է, որ մեր աղջիկները հեշտ են շփվում, ես հիշում եմ, երբ երիտասարդ էի, նրանք կոմպլեքսավորված էին: Ինձ թվում է, որ այսօր գեղեցկուհիներ՝ բառիս բուն իմաստով, չկան, ուղղակի աղջիկներ են, որոնք հաճելի ժպիտ ու գեղեցիկ դիմագծեր ունեն: Իսկ ինչ վերաբերում է շպարին ու օծանելիքին, ապա դրանք այնքան էլ չեմ ընդունում: Յուրաքանչյուր աղջիկ գեղեցիկ է առանց շպարի»: Գեղարվեստի ակադեմիայի ուսանող Դավիթը մեզ հետ զրույցում նշեց. «Գեղեցկությունը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում: Չկա հստակ մի չափանիշ, որ ընդունելի լինի բոլորի համար: Թեպետ արվեստում էլ ձեւավորվել են գեղեցկության մասին պատկերացումներ, սակայն դրանք ընդամենը կերպարներ են դարձել, իսկ կյանքում ամեն ինչ այլ է: Ինչ վերաբերում է ինձ, ես մի քիչ այլ աչքերով եմ նայում գեղեցիկ աղջիկներին՝ ինձ համար ներաշխարհն է… Չեմ սիրում, որ աղջիկները շպարվում են, փոխարենը խենթանում եմ նրանց օծանելիքի բույրից»:

Մեկ այլ ուսանող՝ Էդուարդ Պետրոսյանը նախընտրում է սլացիկ, թխահեր ու թխամաշկ աղջիկներին, հետո էլ հավելում. «Փաստ է՝ գեղեցիկ աղջիկները երջանիկ չեն լինում… »: Հետեւյալ կարծիքի է 30-ամյա Գալուստը. «Սիրում եմ՝ մոդելային գեղեցկություն ունեցողներին, ինձ համար կարեւոր է կնոջ անթերի կազմվածքը: Արտաքինը եթե գեղեցիկ եղավ, ներքինի մասին չեմ էլ մտածում: Չեմ ընդունում շատ շպարվողներին, «ջակի-ջուկի» աղջիկներին, լկստվածներին, ժարգոնով խոսողներին: Ինչ վերաբերում է օծանելիքին, հատկապես «Գուչիի» բույրերը ինձ տանում են երազների գիրկը»: 16-ամյա Անդրանիկն էլ կարծում է, որ աղջիկը պետք է լինի շատ շփվող. «Լավ է, որ կան աղջիկներ, ովքեր առանց կոմպլեքսների են, դիսկոտեկներ ու ժամանցի վայրեր են գնում: Հավանում եմ այդպիսիներին, բայց երբեք չեմ ցանկանա, որ իմ ընտրյալը այդքան աշխույժ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել