Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ» ԽԱՐԽԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Կարծում է ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը

«Մոտ 2 տասնյակ գործեր արդեն ուղարկվել են դատարան՝ ե՛ւ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, ե՛ւ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Այս պրոցեսը շարունակվելու է: Արդեն ակնհայտ է, որ այս անկարգությունները կազմակերպված բնույթ էին կրում: Այսօր իրադարձությունների մեծ մասը վերականգնված է՝ ուղղակի ժամ առ ժամ, գրեթե րոպե առ րոպե, եւ այն մարդիկ, որոնք այսօր խոսում են կամ փորձում են շահարկել քաղաքական բանտարկյալների թեման, նրանք խորը հիասթափություն են ապրելու դատական նիստերի ժամանակ, երբ ծանոթանան փաստացի նյութերին, որոնք քննչական խումբը կուտակում է, եւ որոնք ներառված են մեղադրանքի մեջ: Հիասթափվելու են, քանի որ տեսնելու են, թե ում էին փորձում պաշտպանել, տեսնելու են՝ ինչ հանցագործություն կատարած մարդկանց թիկունքում են փորձել իրենք կանգնել՝ նրանցից շատերը չիմանալով կամ չգիտակցելով այդ հանցանքի խորությունը»,- երեկ «Արդշինինվեստ» բանկի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո ասաց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գրող Զորի Բալայանը եւ այլք:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ տնտեսական վիճակում է հանձնում Հայաստանը Սերժ Սարգսյանին, պարոն Քոչարյանն ասաց. «Եթե դիտենք անցած տարվա ցուցանիշներով, մեր տնտեսությունը կայուն զարգացման վիճակում է գտնվում: Այս տարի որոշ անկում ունենք մարտ ամսին՝ առեւտրի ծավալների մեջ: Սա, կարծում եմ, բնական է՝ կապված ներքաղաքական իրավիճակի հետ, բայց ակնհայտ է, որ այդ ամենը հաղթահարվում է: Ես կասկած չունեմ, որ մենք այս տարին շատ լավ ցուցանիշներով ավարտելու հնարավորություն ունենք: Պետք է հաշվի առնել նաեւ մեկ հանգամանք, որ բոլոր կանխատեսումներով համաշխարհային տնտեսությունը որոշակի անկում է ապրում, եւ այդ անկումը կարող է ազդել մեր տնտեսության զարգացման տեմպերի վրա: Բայց ես վստահ եմ, որ նույնիսկ այս պարագայում կարելի է այնպիսի քաղաքականություն վարել եւ լուծումներ գտնել, որ Հայաստանը շրջանցի համաշխարհային տնտեսության անկման բացասական ազդեցությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ապրիլի 9-ից հետո պարոն Քոչարյանը ի՞նչ աշխատանք է ունենալու, նախագահը պատասխանեց. «Ձեր հարցի կոնտեքստը ենթադրում է, որ ես անպայման պաշտոն եմ ունենալու: Ես հասկացա, որ սա «Ազատություն» ռադիոկայանի ոճն է»: Լրագրողը պարզաբանեց, թե դրանով ինքն է հետաքրքրված, Քոչարյանն էլ ասաց. «Անձամբ ձեզ ցանկություն չունեմ պատասխանելու»: Լրագրողը պահանջեց, որ իրեն որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից պատասխանի, Ռոբերտ Քոչարյանն էլ շարունակեց. «Ես հատկապես «Ազատություն» ռադիոկայանին ցանկություն չունեմ ասելու, թե ինչով եմ զբաղվելու»: Լրագրողը փորձեց իր ունկնդիրների անունից եւս մեկ հարց տալ եւ ասաց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները…, սակայն պարոն Քոչարյանը ընդհատեց նրան. «Մի խառնեք ՀՀ քաղաքացիներին ձեր վարվող քաղաքականության հետ՝ կոնկրետ իմ եւ ՀՀ-ի նկատմամբ: Ես ավելի շատ հարգում եմ Հայաստանում այն լրատվամիջոցները, որոնք իրենք են իրենց ծախսերը հոգում, այլ ոչ թե աշխատելով Հայաստանում՝ ֆինանսավորվում են այլ կառավարությունների կողմից: Հիմա որոշել եմ չպատասխանել, քանի որ ինչ դուք անում եք՝ ուղղված է ՀՀ պետականության հիմքերի քայքայմանը, եւ ես չեմ կարող դրան նայել դրական աչքերով»:

Խոսելով Ղարաբաղի հարցի շուրջ՝ նա ավելացրեց. «Ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձեց օգտագործել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը բանակցային գործընթացի վրա ազդելու համար, սա պետք է պարտադրի Հայաստանի կողմին շատ ավելի վճռական լինել սկզբունքային հարցերում: Որեւէ զիջում կամ որեւէ փոփոխություն, մոտեցումների մեջ, պետք է չլինի, այլ ճիշտ հակառակը: Նման դեպքերում պետք է պատասխանել միայն խստացման ճանապարհով ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ ՀՀ հատվածով: Գոնե այդ գիտակցությունը պետք է ունենաք, որ Հայաստանի կայունությունը, Հայաստանի զարգացման տեմպերը եւ ամրությունը լավագույն երաշխիքն են, որ մենք Ղարաբաղի հարցում ամուր դիրքեր ենք ունենալու: Չեմ բացառում, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ Ադրբեջանի կեցվածքը վերջին գործողություններում մեզ ստիպում են նման քայլերի գնալ»: Անդրադառնալով իր նախաձեռնած օրենսդրական նախագծին՝ Ռ. Քոչարյանն ասաց. «Օրինակ՝ ռասայական խտրականություն դնելը քրեորեն պատժելի է, բայց հայ ժողովրդի տարբեր հատվածներում ատելություն սերմանելը չի պատժվում, իսկ ինչո՞ւ: Հատկապես կան քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել արտաքին ուժերին: Ես չեմ կարծում, որ նորմալ մարդու, նորմալ հայի ուղեղում չեն կարող առաջանալ նման մտքեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել