Օմբուդսմանական հաստատությունների արդյունավետության բարձրացումը, անկախությունը, առաջարկությունների իրագործումն ու հանրային վստահությունը՝ Անահիտ Մանասյանի կողմից Նիկոսիայում մոդերացված քննարկման առանցքում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվող՝ «Օմբուդսմանական հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների արդյունավետության բարձրացմանը, անկախությանը, առաջարկությունների ազդեցությանն ու հանրային վստահությանը նվիրված նստաշրջանի աշխատանքները։ Համաժողովը նվիրված էր Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին։
Բացման խոսքում Պաշտպանն ընդգծել է, որ օմբուդսմանական հաստատության առկայությունն ինքնին էական ազդեցություն ունի ժողովրդավարական և իրավական պետության համար: Միևնույն ժամանակ, հասարակության կյանքում վերջինիս իրական ազդեցությունբ առաջին հերթին պայմանավորված է հաստատության անկախությամբ և գործունեության արդյունավետությամբ։
Անահիտ Մանասյանը նշել է, որ անկախության ապահովումը ենթադրում է ինչպես հաստատության ինքնուրույն գործունեություն և հնարավոր միջամտություններին դիմակայելու կարողություն, այնպես էլ պետության կողմից ՄԻՊ հաստատության անկախության երաշխավորում՝ իրավակարգավորումների մակարդակում և գործնականում։
Անդրադառնալով արդյունավետությանը՝ Պաշտպանը կարևորել է պետական մարմինների կողմից օմբուդսմանի առաջարկությունների իրագործումն ու դրանց միջոցով համակարգային փոփոխությունների ապահովումը։ Այս համատեքստում ընդգծվել է անհատական բողոքների քննությանը զուգահեռ ՄԻՊ հաստատությունների դերակատարության կարևորությունը համակարգային խնդիրների բացահայտման և լուծման առումով։
Խոսելով հանրային վստահության մասին՝ Անահիտ Մանասյանն անդրադարձել է բևեռացված ու քաղաքականացված միջավայրում ապատեղեկատվության տարածման, օմբուդսմանների գործունեությունը քաղաքականացնելու փորձերին։ Պաշտպանի խոսքով՝ նման երևույթները պահանջում են արձագանքման արդյունավետ մոտեցումներ։
Պանելային քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Արմեն Ավետիսյանը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օմբուդսման Կլոդին Կոնսբրուկը և Վրաստանի հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ



















































