Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն մատնիչներն են եւ նույն սրիկաները»

Ապրիլ 12,2008 00:00

Զուգահեռ անցկացնելով 37 թվի հետ՝ այդպես մեկնաբանեց իր նկատմամբ դատավճիռը Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սամվել Կարապետյանը:

Ինչպես փոխանցում է «Ա1+»-ը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը երեկ հրապարակել է նախագահի ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թիվ 22/18 ընտրատարածքի վստահված անձ Սիմոն Ամիրխանյանի, թիվ 22/21 ընտրատարածքի վստահված անձ Սամվել Կարապետյանի եւ նույն ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Հռիփսիմե Հայցյանի դատավճիռները:

Նրանք բոլորը մեղադրվում են ընտրությունների արդյունքների կեղծման մեջ՝ հօգուտ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սիմոն Ամիրխանյանը եւ Սամվել Կարապետյանը դատապարտվեցին 3-ական տարվա ազատազրկման՝ դատարանի դահլիճից կալանավորելու որոշումով, Հռիփսիմե Հայցյանը՝ 4 տարի ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի. սահմանվել է փորձաշրջան մեկ տարի ժամկետով, որի ընթացքում նա իրավունք չի ունենա փոխել իր մշտական բնակության վայրը:

Սամվել Կարապետյանի եւ Սիմոն Ամիրխանյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանի համար այս դատավճիռը կանխատեսելի էր, քանի որ, ըստ նրա՝ ՀՀ-ում այսօր արդար դատարան գոյություն չունի. «Մենք կանխատեսում ենք, որ մնացած բոլոր նիստերն էլ նույնատիպ են ընթանալու, քանի որ այն դատավորները, որոնք նշանակվել են հատկապես վերջին շրջանում, ընդամենը ձեւական ֆուտլյարի կարգավիճակում են դատարանի դահլիճում»,- «Ա1+»-ին ասել է Սեդա Սաֆարյանը: Նաեւ վստահեցրել է, որ դատավճռի մեջ որեւէ հիմնավոր ապացույց չկար, եւ դատարանի հետեւությունները չէին բխում քրեական գործի նյութերից. «Դա նախապես պատրաստում են ու հետո գալիս դատարանի դահլիճ: Ամբողջ այս ընթացքում այդ սցենարը գործել է՝ դատախազն իջնում է դատավորի մոտ, բանակցում են, հետո անցնում են դատարանի նախագահի մոտ եւ վերեւ բարձրանում, որից հետո միայն նիստն ընթանում է: Պաշտոնապես, հաստատապես ասում եմ, որ դա այդպես է»,- հայտարարեց դատապաշտպանը:

Սամվել Կարապետյանը դատավճռի ընթերցումից հետո հայտարարել է. «Եթե այստեղ լինեին Գեւորգ Չաուշն ու մնացած մեր մյուս հերոսները, ապա նույն դատավորը նույն ձեւով կվարվեր նաեւ նրանց հետ»: Իսկ այնուհետեւ հիշեցրել է 1937 թ. Չարենցի ու Բակունցի սպանությունները՝ ընդգծելով, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ «նույն մատնիչներն են ու նույն սրիկաները»:

Ի դեպ, երեկ, ըստ Տեր-Պետրոսյանի գրասենյակի, Երեւանում շարունակվել են քաղաքացիների նկատմամբ ոստիկանական հետապնդումները: Երեւանի ոստիկանության՝ «հանրահավաքներին մասնակցելու կասկածանքով» Մալաթիայի բաժանմունք են տարվել Կոնդ թաղամասից՝ Վահան Իսրայելյանը, Նարեկ Խաչատրյանը, Կարեն Միսակյանը, Եղիշե Գրիգորյանը, Արմեն Ոսկանյանը եւ Ռոման Ազիզյանը: Մինչ այս պահը նրանք դեռ գտնվում են ոստիկանության բաժանմունքում:

Ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել Գոռ Գոկչյանը, որը երեք ժամ պահվելուց հետո ազատ է արձակվել: Այլ բաժիններ բերման են ենթարկվել եւս վեց քաղաքացիներ (մասնավորապես Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն): Նրանց անունները եւ բերման ենթարկվելու պատճառները ճշտվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել