Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՂ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՆ

Հունիս 21,2008 00:00

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը ԱԺ-ում հանդիպումների ընթացքում առաջարկել էր, որ անկախ դատավորներ մասնակցեն մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: Փաստաբան Վահե Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է կատարել այս առաջարկը եւ Հայաստանում գտնել անկախ դատավորներ: Փաստաբանը նախ նշեց. «Դատավորն ամեն դեպքում անկախ է՝ Սահմանադրության համաձայն, ֆորմալ առումով»: Սակայն իրապես անկախ դատավոր գտնելու խնդրահարույց հանգամանքից բացի՝ Վահե Գրիգորյանը նաեւ հարցական դիտեց. «Որքանո՞վ դատավորների ներգրավումը հանձնաժողովում չի հանդիսանա արդարադատության իրականացման խոչընդոտ: Ժամանակին նաեւ ընդունեցին ընտրական հանձնաժողովներում դատավորներին ներգրավելու առաջարկությունը, եւ արդյունքում պարզվեց (եւ դրան ես էլ եմ համաձայն), որ դատավորներին իրենց գործով զբաղվելուց զատ՝ չի կարելի ներգրավել ուրիշ որեւէ կառույցում: Դա դատավորների անկախության առաջնային պայմանն է»:Փաստաբանը նաեւ տարակուսեց. «Իսկ ի՞նչ է, ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքում Հայաստանի խնդիրը մասնագետների՞ պակասն է: Մարդիկ կան, որոնք չե՞ն կարողանում կարդալ կամ կարդում՝ լավ չե՞ն հասկանում: Ո՞րն է այստեղ խնդիրը, որ պետք է դատավոր լինի, որպեսզի օրենքը բացատրի՞: Դե, օրենքները, բարեբախտաբար, դեռ այդքան էլ բարդ չեն, որ հատուկ իրավաբանական գիտելիքներ չունենալով էլ չհասկացվեն: Այդպիսի խնդիր չկա՛: Եվ իմ կարծիքով, այսպես շարունակաբար կառույցներ ստեղծելով… ցանկության դեպքում՝ ամենապրիմիտիվ կառույցը կարող է անմիջապես ի կատար ածել բանաձեւի պահանջները: Բացարձակ որեւէ անհրաժեշտություն չկա համակարգեր ստեղծել, ձեւավորել հակակշիռներ: Ի վերջո, եթե Հայաստանում գոյություն ունենար արդարադատության համակարգ՝ ոչ մի հանձնաժողով էլ պետք չէր լինի ստեղծել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել