Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորների կյանքը վտանգի տակ է

Օգոստոս 22,2008 00:00

Ահազանգում է Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպանը

Երեկ «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնից «Վարդաշեն» ՔԿՀ է տեղափոխվել հիշյալ բժշկական կենտրոնում վիրահատված եւ այնտեղ ստացիոնար բուժում անցնող Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ»: «Առավոտը» վերջերս էր տեղեկացրել, որ Ս. Սիրունյանը դեռ «Վարդաշենում», ապա նաեւ ստացիոնար բուժում ստանալու ընթացքում էր բողոքել սուր գլխացավերից եւ արյան ճնշման տատանումից՝ ՔԿՀ ղեկավարությանը խնդրելով համապատասխան բուժզննում անցկացնել: Ս. Սիրունյանի տիկնոջ՝ Գայանեի փոխանցմամբ, բժիշկ հրավիրվել էր: Եկել էր նյարդաբան, նշանակումներ էր արել, խորհուրդ էր տվել Ս. Սիրունյանին հետազոտության ենթարկել՝ ԷԷԳ, Էխո-ԷԿԳ, գանգի ռեգրաֆիա, ակնահատակի զննում, նեյրոստալոմոլոգի կոնսուլտացիա եւ աուդիոմետրիա: Տիկին Գայանեի ասելով, Ս. Սիրունյանի գլխի սուր ցավերի արդյունքում սկսել է ցավալ նաեւ ձախ աչքը: Սակայն կալանավորին, դեռ լիարժեք չբուժված, հիվանդանոցից երեկ դուրս են գրել, պատճառաբանելով, որ ստացիոնար բուժում ստանալու նրա ժամկետը լրացել է, եւ նա բուժումը կարող է շարունակել մեկուսարանային պայմաններում: Բժիշկները շեշտել են, որ Ս. Սիրունյանը պետք է գտնվի ամբուլատոր հսկողության տակ՝ վիրաբույժի մոտ, իր մշտական բնակության վայրում: «Նրա գլուխը պետք է նկարեին, ինչը չի արվել, վիրահատությունից հետո նրա ներքին վերքերը դեռ բաց են, հիվանդանոցում ասել են, որ զգուշանա վարակներից: ՔԿՀ ղեկավարությունն իրեն առաջարկեց տեղափոխել Բանտարկյալների հիվանդանոց, բայց նա չհամաձայնեց, գնաց մեկուսարան»,- ասաց տիկին Գայանեն:

Երեկ իր պաշտպանյալների առողջական վիճակի մասին ահազանգել է նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: «Ուրբաթ» ակումբում նա ասել է, որ Մ. Մալխասյանն, ի լրումն վաղուց հայտնաբերված հիվանդությունների, ունի շաքարային դիաբետ եւ ալերգիա, տառապում է նաեւ դիսբակտերիոզով, ինչը վտանգավոր է նույն խցում նստած մյուս կալանավորների համար էլ. «Եթե պետությունը նրա մասին չի մտածում, ապա թող մտածի գոնե նրա կողքինների մասին»:

Իսկ Հ. Հակոբյանի երիկամի վրա հայտնաբերվել է գոյացություն, եւ քանի որ պարզ չէ, թե դա ինչ է, պաշտպանը մտահոգություն է հայտնել՝ չբացառելով, որ դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել: Բացի այդ, Հակոբյանը նշագեղձերի բորբոքում ունի, որը ժառանգական հիվանդություն է, ինչը եւս վտանգավոր է կյանքի համար: Բայց Գլխավոր դատախազը եւ Հատուկ քննչական ծառայությունը հետեւողականորեն հնարավորություն չեն տալիս պատգամավորներին ստացիոնար բուժում ստանալ: Երեկ Մ. Առուստամյանը փոխանցել է իր պաշտպանյալների հայտարարությունը, որ «ազատության մեջ լինելով՝ նրանք կարող են լիարժեք բուժում ստանալ, սակայն այսօր զրկված են այդ հնարավորությունից»: Պաշտպանը նրանց նկատմամբ բուժում չիրականացնելը համարել է «անմարդկային մոտեցում», իսկ կալանքի տակ գտնվելու փաստը՝ անձնական շարժառիթներով նրանց պատժելու յուրատեսակ ձեւ: «Սրանք խախտումներ են, որոնք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով»,- հայտարարել է պաշտպանը, որը 20-30 էջանոց գանգատ է գրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելու համար, որովհետեւ իր պաշտպանյալները սպառել են ՀՀ-ում արդարադատություն փնտրելու բոլոր ճանապարհները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել