Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանքն անտեղի՞ են կիրառել

Սեպտեմբեր 10,2008 00:00

Ըստ «Դվին հոլդինգի» նախագահի, իրենց ընկերությունն անարդարացի է տուգանվել

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման եւ պարարտանյութը տարբերակված գներով իրացնելու համար «Դվին հոլդինգին» տուգանեց նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով: Հանձնաժողովի այս որոշումը հարուցել է «Դվին հոլդինգի» սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանի դժգոհությունը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց, որ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու համար հանձնաժողովն իրենց ժամանակ չի տրամադրել, իսկ պահանջվող ինֆորմացիան, որն իրենք պետք է լրացնեին հանձնաժողովի կողմից տրամադրված հատուկ թերթիկների վրա՝ եղել է շատ սահմանափակ եւ հնարավորություն չի եղել բացատրելու ապրանքի ձեռքբերման եւ իրացման գնի միջեւ առաջացած՝ առաջին հայացքից էական տարբերությունը: Հանձնաժողովի գնահատմամբ, «Դվին հոլդինգը» ազոտական պարարտանյութերի շուկայում կիրառել է իրացման չհիմնավորված գին եւ, հողօգտագործողներից բացի, 2008-ի մարտին այլ անձանց պարարտանյութն իրացրել է 1 տոննան՝ 111 հազար 430 դրամով:

Այս առնչությամբ Ռ. Սարգսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ 2007-ին գյուղնախարարության եւ «Դվին հոլդինգի» միջեւ կնքված պայմանագրով՝ իրենք պարտավորվել են հողօգտագործողներին տրամադրել 20 հազար տոննա պարարտանյութ՝ 1 տոննան 84 հազար դրամով, որից 10 հազարը պետք է վճարեր պետությունը՝ որպես սուբսիդիա: Ըստ պայմանագրի, 2007-ի դեկտեմբերից ուշ կատարած վճարումների համար «Դվին հոլդինգը» պատասխանատվություն չի կրում: Ռ. Սարգսյանի հավաստմամբ, մինչեւ 2007-ի դեկտեմբերի 25-ը իրենք ստացել են 12 հազար 912 տոննայի կանխավճար, որն էլ նախապես պայմանավորված գնով իրացվել է, որից հետո կնքվել է եւս մեկ պայմանագիր, որտեղ ամրագրվել է 12 հազար 912 տոննայի վաճառքը եւ նախորդ պայմանագիրը համարվել է չեղյալ: Ռ. Սարգսյանի ներկայացմամբ. «Ես արդեն գիտեի, որ 2008-ի հունվարից պարարտանյութը թանկանալու է եւ նախկին $205-ի փոխարեն վաճառվելու է $290-ով: Ու քանի որ ես կարող էի մինչեւ հունվար այն ձեռք բերել $205-ով, վարկ վերցրի եւ գնեցի մնացած 6 հազար տոննան»:

Ռ. Սարգսյանի խոսքերով, 2008-ի մարտին գյուղնախարարության հետ կնքվել է նոր պայմանագիր, եւ ընկերությունը պարտավորվել է հողօգտագործողներին տրամադրել եւս 7082 տոննա պարարտանյութ. «Որպեսզի խտրականություն չդրվի, որոշվեց, որ գյուղացիներն այս քանակը եւս ստանան նախկին գնով: Բայց քանի որ պարարտանյութն արդեն թանկացել էր եւ նախկին գնով վաճառքը մեզ ձեռնտու չէր, պետությունը պարտավորվեց 17 հազար դրամով ավելացնել սուբսիդիան»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է «Դվին հոլդինգը» $205-ով ձեռք բերված պարարտանյութը մարտին վաճառել 111 հազար 430 դրամով, Ռ. Սարգսյանը պատասխանեց. «Այս տարի ես պետք է հողօգտագործողներին ապահովեի եւս 7082 տոննա պարարտանյութով, որից ունեի ընդամենը 6 հազարը, իսկ մնացածը պետք է գնեի արդեն թանկ եւ ցանկացած քանակ, որ եղած 6 հազարից վաճառեի, պետք է հաշվարկեի $290-ով, որովհետեւ հողօգտագործողներին տալու համար այդ քանակը ես պետք է նորից լրացնեի, այսինքն՝ գնեի արդեն թանկ գնով: Ես ընդամենը մի անհատի 110 հազարով վաճառել եմ 160 տոննա պարարտանյութ»: Բացի այդ, ըստ Ռ. Սարգսյանի, հանձնաժողովը խախտել է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, որտեղ նշված է, որ պետական օժանդակությունը, որը կարող է հանգեցնել ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը՝ արգելվում է, սակայն ոչ այն դեպքում, երբ դա ուղղված է սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը:

Այս առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանն «Առավոտին» պարզաբանեց. «Ընկերության կողմից տեղեկատվություն տրամադրելու օրվանից մինչեւ վարույթի ավարտը տեւել է 2 ամիս, ինչը բավարար էր ընկերության գործունեության տվյալները ներկայացնելու համար: Ընկերությունը մի քանի անգամ իրարից տարբերվող, նաեւ հակասող մի քանի թղթապանակ տեղեկատվություն է ներկայացրել: Ավելին, հանձնաժողովը «Դվին հոլդինգին» հնարավորություն է տվել գրավոր ցանկացած ծավալի տեղեկատվություն տրամադրել: Իմիջիայլոց, տուգանքը պատասխանատվության ծայրահեղ միջոց է, որը հանձնաժողովը կիրառում է, երբ ընկերության վարքագծի խախտումը որեւէ կերպ հնարավոր չէ արդարացնել»: Հանձնաժողովից պարզաբանեցին նաեւ, որ ընկերության նշած $290-անոց պարարտանյութը եղել է ապրիլին, իսկ վարույթի ընթացքում քննարկման առարկա է եղել մարտին ձեռք բերված $205-անոց պարարտանյութը, որից 20000 տոննա առկա է եղել Հայաստանում:

Ինչ վերաբերում է օրենքի դրույթի խախտմանը, ապա, ըստ հանձնաժողովի, պետական օժանդակության մասին դրույթը չի կարող սխալ կիրառված լինել «Դվին հոլդինգի» նկատմամբ՝ այն պարզ պատճառով, որ այդ դրույթը այս վարույթի ընթացքում ընկերության նկատմամբ ընդհանրապես չի կիրառվել: Վարույթի ընթացքում կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ դրույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել