Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՅԳԻ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"«Այստեղ առաջին անգամ հայրդ ինձ համբուրեց»,- Սիրահարների զբոսայգու ցանկապատերից դուրս կանգնած մի կին ժպիտով պատմում էր դստերը: Սիրահարների այգին համապատասխանում էր իր անվանն անգամ տասնյակ տարիներ առաջ, երբ կրում էր Պուշկինի անունը:

\"\"Մոտ մեկուկես տարի տեւած աշխատանքներից հետո երեկ վերաբացվեց «Պողոսյան» հիմնադրամի միջոցներով նորոգված 1.6 հա տարածք զբաղեցնող Սիրահարների այգին: Հետաքրքիր էր զբոսայգում հայտնվածների առաջին տպավորությունը: «Էս ի՞նչ ա, հենց ծառե՞ր են, ոչ մի բան չկա՞»,- հարցնում էր միջին կարգի մի չինովնիկ կողքին կանգնած նույն կարգի բիզնեսմենին: Վերջինս էլ իբրեւ կատակեց՝ «ոչինչ, հեսա մի քանի ամսից մի քանի լավ օբյեկտներ կլինեն»: Սպառնալիքի նման հնչած այս կատակն այնքան մոտ է մեր իրականությանը, որ առաջին բանը, ինչ ցանկանում էի անել զբոսայգու բացման ժամանակ՝ մոտենալ Երեւանի քաղաքապետին եւ հարցնել՝ «ի՞նչ երաշխիքներ կան, որ որոշ ժամանակ անց Սիրահարների այգին էլ չի արժանանա Երեւանի մյուս կանաչ տարածքների ճակատագրին եւ չի վերածվի սրճարանների անընդհատ շղթայի»: Սակայն, ինչպես այգու բացմանը ներկա նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ նրան ուղեկցող քաղաքապետին հարցեր տալու հնարավորություն լրագրողներին չտրվեց: Փոխարենը, «Պողոսյան» հիմնադրամի կողմից ծրագրի համակարգող ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկա 21 տարիներին զբոսայգու պահպանումն ու շահագործումն իրականացնելու է «Պողոսյան» հիմնադրամը: Դա ինչ-որ չափով հույս է տալիս, որ այգին գոնե այդ տարիներին կմնա այն տեսքով, ինչ կա՝ ծառեր, ծաղիկներ, արհեստական ջրվեժներ ու լճակներ, խնամված քարեր, փայտե նստարաններ, գեղեցիկ լուսավորություն եւ նախատեսվող մանկական խաղահրապարակ ու փոքրիկ մանկական սրճարան: Թե ինչ կլինի դրանից հետո՝ պարզ չէ:

Այգու բարեկարգման աշխատանքներն իրականացվել են շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախի նախագծով, ով արեւելյան պարտեզների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է եւ երկար տարիների փորձ ունի պուրակների նախագծման ոլորտում: Այգու նորոգումն արժեցել է $1մլն 300 հազար: Ճիշտ է, այգին սիրահարներինն է, բայց չեն մոռացվել ծերերն ու մանուկները. այգում կան հարմարավետ անկյուններ, որտեղ կարելի է նարդի ու շախմատ խաղալ, իսկ մանկական խաղահրապարակը պատրաստ կլինի հաջորդ տարի: Չեն մոռացվել նաեւ էական մանրուքներ՝ աստիճանների եւ կտրուկ անցումների բացակայությունը այգին հարմարավետ վայր է դարձնում սայլակներով տեղաշարժվող այցելուների համար, գործում է նաեւ հասարակական զուգարան: Շնորհիվ գիշերային դեկորատիվ լուսավորության՝ զբոսայգին հարմար է նաեւ երեկոյան զբոսանքների համար:

Այգու բացումը կատարեց Ալբեր Պողոսյանը, որն իր խոսքում նշեց, թե կառուցելով այս այգին՝ պատկերացրել է, որ այն կդառնա «մի վայր, ուր երեւանցիները եւ Երեւանի այցելուները կարող են պարզապես լավ ժամանակ անցկացնել: Հույս ունեմ, որ այս այգին կդառնա ավելին, քան զուտ զբոսայգի. կդառնա կլոր տարին կյանքով լի մի վայր, որտեղ ամենատարբեր արվեստագետներ, երաժիշտներ, քանդակագործներ, նկարիչներ կներկայացնեն իրենց ստեղծագործությունները բացօթյա ամֆիթատրոնում կամ կցուցադրեն իրենց արվեստը բնատեսարանի միջոցով: Նույնիսկ ձմռանը, երբ ամեն ինչ սառցակալած է, ես երեւակայում եմ լույսերի եւ տարատեսակ ձեւերի մի փառատոն, որ դուրս գալով այգու խորքից՝ կյանքով է լցնում ձյունապատ ձմեռը: Ձեզանից ոմանց կարող է թվալ, որ այս նախագիծը ավելորդ վատնում է եւ կամ չի հանդիսանում առաջնային անհրաժեշտություն: Մեր ընտանեկան հիմնադրամում եղբորս հետ այս նախագիծը քննարկելիս մենք նույնպես կանգնեցինք այս խնդրի առջեւ, քանի որ, հաշվի առնելով նաեւ մեր ներգրավվածությունը մարդասիրական ոլորտներում, այս նախագծի իրագործումը պետք է կատարվեր ի հաշիվ մյուս նախագծերի: Սակայն վերջ ի վերջո մենք որոշեցինք շարունակել եւ իրագործել այն, գտնելով, որ երկրի համար նույնքան կարեւոր է շրջակա միջավայրի պահպանության եւ Երեւանի վերջին հանրային կանաչ տարածքը պահպանելու առումով նախադեպի ստեղծումը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031