Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՋՋԱՅԻՆԻ ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 03,2009 00:00

\"\"Ձեռքի հեռախոսն այսօր անհրաժեշտություն է, բայց նաեւ՝ վնասակար է առողջության համար

Տարիներ առաջ «ձեռքի հեռախոս» արտահայտությունը ծիծաղ կարող էր առաջացնել, քանի որ քչերի մտքով կանցներ, որ շատ շուտով նման հեռախոսները լինելու են մարդու «անբաժան ընկերը»: Մոտավոր հաշվարկներով, այսօր բջջային հեռախոսների թիվն աշխարհում անցնում է 4 միլիարդից: Բջջայինները գրեթե նույն տարածումն են գտել, ինչ հեռուստացույցն ու համակարգիչը՝ միասին վերցրած: Չնայած բժիշկների բազմաթիվ զգուշացումներին, որ բջջայինները վնասակար են առողջությանը, այնուամենայնիվ, այսօր դժվար է պատկերացնել մարդու առօրյան՝ առանց այդ փոքրիկ սարքերի:

Բջջային հեռախոսների վաճառքը գնալով ավելի մեծ չափերի է հասնում, դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում այդ բիզնեսը միլիարդավոր դոլարների շահույթ է բերում ինչպես հեռախոսակապ ապահովող, այնպես էլ բուն ապարատի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Շատերը կհիշեն, որ սկզբնական շրջանում բջջային հեռախոսները բավականին մեծ էին ու ծանր: Եթե տարիներ առաջ բջջայիններով հնարավոր էր միայն զանգել ու SMS-ներ ուղարկել, այսօր դրանց գումարվել է նաեւ պատկերներ, երաժշտություն փոխանակելը, խոսելու ընթացքում միմյանց տեսնելը, ինտերնետից օգտվելը եւ այլն:

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված ուսումնասիրությունն ապացուցել է, որ բջջային հեռախոսներն ավելի շատ մարդկանց թշնամին են, քան բարեկամը: Օրինակ, ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելը վտանգավոր է եւ հավասարազոր հարբած ղեկին նստելուն:

Ավստրալիայի համալսարանի վնասվածքաբանության կենտրոնի պրոֆեսոր Մ. Սթիվենը վկայել է, որ ավտոմեքենա վարելու ժամանակ հեռախոսով խոսելը ուժերի մեծ լարում է պահանջում եւ ամբողջովին շեղում է մարդու ուշադրությունը, ինչը վթարի համար բարենպաստ պայման է:

Բջջայինի օգտագործումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ նաեւ օդանավով թռչելու ժամանակ: Մեծ Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է, որ բջջայիններից արձակված ճառագայթումը խոչընդոտում է թռիչքի անվտանգությունն ապահովող էլեկտրոնային սարքավորումների աշխատանքին: Ըստ ուսումնասիրության, որքան բջջային հեռախոսը հեռանում է կայանից, այնքան մեծանում է նրա արձակած էներգիան՝ ճառագայթումը, եւ օդանավի վեր բարձրանալու ժամանակ հեռախոսի ազդանշանի էներգիան ավելանում է այնքան, որ կարող է խանգարել էլեկտրոնային սարքերի գործունեությունը թռիչքի կարեւոր պահին:

Բացի տեխնիկային հասցվող վնասից, բժիշկներն էլ ասում են, որ բջջայինների ռադիոհաճախականությունը եւ հեռախոսակայաններից արձակվող ազդանշանները կարող են չարորակ ուռուցքների պատճառ հանդիսանալ: Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս կրճատել բջջայինի օգտագործման ժամանակը, ինչպես նաեւ հորդորում են 16 տարեկանից ցածր երեխաներին՝ զերծ մնալ այդ հեռախոսներից: Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ մի քանի քաղաքական գործիչների հետ՝ պարզելու, թե բջջային հեռախոսն ի՞նչ դեր է խաղում իրենց առօրյայում:

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը «Առավոտին» փոխանցեց, որ ինքն օգտագործում է Nokia N95 մոդելի բջջային հեռախոս եւ ամսական այդ կապի վրա ծախսում 25-30 հազար դրամ. «Ես ակտիվ կյանքով եմ ապրում, շփվում տարբեր մարդկանց հետ ու չեմ կարող այդ կապից չօգտվել: Ամսվա մեջ միայն 1-1.5 ժամ լրագրողների ու գործընկերներիս հետ եմ բջջայինով զրուցում: Օգտվում եմ հեռախոսիս բոլոր ֆունկցիաներից, միացված է ինտերնետին, տեսախցիկից էլ հաճախակի եմ օգտվում, այսինքն՝ հեռախոսն ինձ համար ոչ միայն զանգելու ու զանգ ընդունելու համար է, այլ՝ ինֆորմացիայի միջոց»:

Ի տարբերություն պարոն Աշոտյանի՝ բջջային հեռախոսներին կտրուկ դեմ արտահայտվեց Մարքսիստական կուսակցության նախագահ, բժիշկ Դավիթ Հակոբյանը: Նա մեզ փոխանցեց, որ բջջային հեռախոսներից չի օգտվում, քանի որ այն վնասակար է մարդու առողջությանը. «Բջջային հեռախոսը ազդում է հատկապես մինչեւ 25 տարեկան զարգացող ուղեղների վրա: Իմ տեղեկություններով, այդ կապից կարելի է օգտվել ամսվա մեջ առավելագույնը 2.5 ժամ, որից հետո հեռախոսի ազդանշանները վտանգ են ներկայացնում մարդկանց համար, դրանից օգտվելը պետք է լինի ծայրահեղ միջոց: Բջջայինը «հակացուցված» է նաեւ քաղաքական գործիչների համար, դա էր պատճառը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային արգելեցին բջջային հեռախոս օգտագործել, քանի որ հաճախականության ալիքների միջոցով արդեն հնարավոր է փոքր «ռակետ» ուղարկել»: Մեր այն հարցին, թե այդ կապից օգտվելու անհրաժեշտություն չունե՞ք, Դավիթ Հակոբյանը նշեց. «Եթե պետության ղեկին լինեմ, միգուցե անհրաժեշտություն լինի ինձ համար, բայց այս պահին բջջայինի կարիքը չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել