Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան «կորցրել» է հիշողությունը

Փետրվար 10,2009 00:00

Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության գործի քննությունը շարունակվում է

\"\"
Զինծառայող մեղադրյալները իրենց մեղավոր չեն ճանաչում:

Հյուսիսային քրեական դատարանում «Մատաղիսի գործի» քննությունը սկսվեց նշանակվածից 3 ժամ ուշ. ամբաստանյալներն ու նրանց հարազատները ժամերով սպասում են կամ մայրաքաղաքից եկող փաստաբանին, կամ էլ մեղադրողներին: Այս անգամ որպես վկա հրավիրվել էր Մատաղիսի զորամասում ծառայած Արման Թադեւոսյանը, որը, ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի հարազատների տեղեկացմամբ, զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության պատմությանը քաջատեղյակ անձնավորություն է, հոյակապ գիտի իրական մեղավորներին: Ա. Թադեւոսյանն այս գործով արդեն 10 անգամ ցուցմունք է տվել: Վկան դատարանի ոչ մի հարցին չպատասխանեց, հայտարարելով, որ ոչինչ չի հիշում: Նա հազիվ էր հիշում սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանին, որն, ի դեպ, իր համագյուղացին է եղել. երկուսն էլ Արագածոտնի մարզի Ակունք գյուղից են: «Ամբաստանյալներին ճանաչո՞ւմ ես»՝ հարցրեց նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը: «Ոչ, այստեղ եմ տեսել, քաղաքացի դատավոր, ես ոչինչ չեմ հիշում, ինչքան որ հիշել եմ՝ գրել եմ իմ ցուցմունքներում»,- կարճ կապեց վկան: Նա չհիշեց, թե վերջերս Մոսկվայում շինարարության վրա աշխատելիս ինչքան գումար է վաստակել: Վկայի պահվածքը հունից հանեց ինչպես դատարանին, այնպես էլ մեղադրողներին: Սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբայրը՝ Արթուր Եղիազարյանը, տեղից վեր ցատկելով եւ դատարանի կարգավիճակը ստանձնելով, հարցրեց. «Ի՞նչ կա չհիշելու, այ Արման, ինչ որ տվել ես ցուցմունքներում, էն էլ ասա, հարգելի դատարան, մի քանի րոպեով ընդհատեք դատը՝ ես խոսեմ նրա ծնողների հետ»:

Տուժողի իրավահաջորդի այս առաջարկը, բնականաբար, մեծ զայրույթ առաջացրեց դահլիճում նստածների մեջ: Ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանն էլ առաջարկեց դատաբժշկական փորձաքննություն նշանակել, պարզելու, թե ինչի հետ է կապված հիշողության կորուստը, հիվանդացե՞լ է, թե՞ ծառայությունից վեց տարի է անցել ու ժամանակի պատճառով է: Մեղադրողները եւս միջամտեցին, փորձելով ստուգել, արդյո՞ք վկան հիշողություն չունի, թե՞ ձեւացնում է: «Ի՞նչ ես ստացել պատմությունից»,- հարցրեց մեղադրողներից մեկը: «3»՝ հպարտությամբ պատասխանեց վկան: «Եթե պատմությունից «3» ես ստացել, ուրեմն հնարավոր չէ, որ հիշողություն չունենաս, գոնե հիշում ես՝ ի՞նչ ես գրել քո նախաքննական ցուցմունքներում»,- հարցրեց մեղադրողը, որին ի պատասխան՝ վկան ուսերն էր թոթվում: Բանը հասավ նրան, որ դատավորի օգնական Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե վկան գոնե հիշո՞ւմ է, թե քանի եղբայր ունի: «4 կամ 5»,- պատասխանեց վկան՝ հատ-հատ թվարկելով նրանց անունները: Արման Թադեւոսյանը նույնիսկ չէր հիշում՝ ինքը հիվանդանոցում երբեւէ բուժվե՞լ է, թե՝ ոչ: Վկայի այսպիսի պահվածքը զայրացրեց նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանին, որը դուրս հրավիրեց դահլիճում նստածներին. ներս կանչեց վկայի հորն ու եղբորը, ու դուռը կողպելով՝ նրանց հետ առանձնազրույց ունեցավ: Մոտ մեկ ժամ տեւեց նրանց զրույցը, որին ներկա էին դատավորները, մեղադրողները եւ ամբաստանյալների պաշտպանը: Թե ի՞նչ խոսակցություն է ծավալվել ներսում՝ այդպես էլ անհայտ մնաց, սակայն դատը վերսկսելուն պես որոշեցին վկայից բժշկական տեղեկանք պահանջել իր առողջական վիճակի մասին:

Մի խոսքով, անհասկանալի մնաց, թե ի՞նչն էր կաշկանդում վկային, ո՞վ էր նրան վախեցրել. դատարանը նույնիսկ չհրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները՝ դատը հետաձգելով մինչեւ փետրվարի 20-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել