Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրված դռնակի պես

Փետրվար 13,2009 00:00

\"\"Տուժողը դեռ հատուցում չի ստացել

«Առավոտն» անդրադարձել է Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տանն անցյալ տարվա փետրվարի 27-ի ժամը 23-ի սահմաններում տեղի ունեցած դեպքին: 3-րդ հարկի 306 սենյակի պատշգամբի բազրիքին հենվելով՝ Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի 4-րդ կուրսի ուսանող Արամ Մելիքյանը ընկնում է ցած՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Բազմաթիվ վիրահատությունների, բժիշկների անմնացորդ նվիրման արդյունքում փրկվում է երիտասարդի կյանքը:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ, ապա մերժվում: ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, վերացվում է ոստիկանության մերժման որոշումը եւ հարուցվում է քրեական նոր գործ: Դեպքից կես տարի հետո նշանակվում են փորձաքննություններ: Արդյունքում՝ զոդվում է չարաբաստիկ բազրիքը, ոչնչացվում են ապացույցներն ու հանգիստ խղճով անցյալ տարվա նոյեմբերին մերժվում է դարձյալ քրեական գործ հարուցելը:

Դեկտեմբերին տուժող-ուսանողը կրկին բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն դատախազությունից այս անգամ պատասխանում են, թե քննիչի որոշումը ճիշտ է: Սա այն դեպքում, երբ տաղանդավոր երիտասարդը վերջնականապես կորցրել է ջութակահարի իր մասնագիտությունը՝ մատերը չեն շարժվում, եւ դարձել անաշխատունակ:

Քննիչն անհետեւանք է թողնում տուժողի մի քանի հայտարարությունները, որոնք կապ ունեն իրեղեն ապացույցների հետ: Մասնավորապես, հիվանդանոցում անհետացել էր Արամի վերնաշապիկը, փորձաքննության է ուղարկվել միայն անդրավարտիքը: Բազրիքին հենվելիս բոլոր հետքերը կարող էին առկա լինել հենց վերնաշապիկի վրա: Քննիչն անտեսում է նաեւ վկա Վահան Հովհաննիսյանի այն ցուցմունքը, համաձայն որի՝ պատշգամբի վերին հորիզոնական ձողն ամուր չի եղել: Ի դեպ, քննիչ Ա. Սախոյանը պարզաբանել է, թե «Հովհաննիսյանի ցուցմունքր չէր կարող հիմք ընդունվել, քանի որ նման պայմաններում ձողի պոկվելու հետ կապված հանգամանքները ենթակա են պարզաբանման հատուկ մասնագիտական գիտելիքների շրջանակներում»: Սակայն մասնագիտական գիտելիքներ չունենալը, չգիտես ինչու, դառնում է պատճառ տուժողի իրավունքները խոչընդոտելու համար: Չունենալով մասնագիտական հատուկ գիտելիքներ, քննիչը գործ չի հարուցում՝ վկայակոչելով շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության տրամաբանության, բազրիքին հենվելու դեպքում բացառվում էր, որ հորիզոնական ձողը պոկվեր. «Այն կարող էր առաջանալ բազրիքի բռնաձողից կախվելու ու կախված դրությամբ տեղափոխման փորձ կատարելու ժամանակ»:

Տուժողի մանկավարժ մայրը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան՝ քննիչի գործողությունների դեմ: Արամի առողջական վիճակը դարձյալ մտահոգիչ է, քանի որ պետությունը պաշտպանեց հանգստյան տան հանցավոր անփութությունը եւ անփութության հաշվին հարստացողների շահերը, ոտնատակ տալով երիտասարդին, որն այլեւս հաշմանդամ է: Օրեր առաջ Արամը մորը թելադրել էր իր մի բանաստեղծությունը: «Լսվում է մի տխուր ձայն, դռնակն է խոսում մթում, Փորձում է ցույց տալ բոլորին, որ ինքն էլ ապրել է ուզում:

…Մի՞թե չեք տեսնում, որ կոտրում ենք դռնակին, Մի՞թե լռելու է աշխարհը մթության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել