Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդը լինարեսն է

Փետրվար 13,2009 00:00

Ըստ շրջանառվող լուրերի, վերջնականապես ճշտվել են փետրվարի 18-ից մարտի 8-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվելիք շախմատի «Giudad de Linares» ավանդական գերմրցաշարի մասնակից գրոսմայստերների անունները:

Լինարեսում հանդես կգան Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վանգ Յուեն (Չինաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Լենյեր Դոմինգեսը (Կուբա): Կազմակերպիչները հրավիրել էին նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովին, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, քանի որ նախապատրաստվում է փետրվարի 16-28-ը Սոֆիայում ամերիկացի Գատա Կամսկու հետ կայանալիք պատասխանատու մրցամարտին:

Սովորաբար, Լինարեսի գերմրցաշարի առաջին հատվածն անցկացվում էր Մեքսիկայում: Այնուհետեւ, գրոսմայստերները տեղափոխվում էին Իսպանիա եւ այնտեղ շարունակում պայքարը: Սակայն մեքսիկական կողմը որոշել է այս տարի «հանգստանալ» եւ որպես կազմակերպիչ կողմ վերադառնալ եկող տարի:

Լեւոն Արոնյանն ընդհանուր առմամբ բավականին հաջող է հանդես գալիս այս մրցաշարում: Մասնավորապես, նա հաղթող է ճանաչվել 2006 թվականին:

Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները միմյանց հետ հանդիպելու են երկուական անգամ (խաղացվելու է 14 տուր): Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 314 հազար եվրո է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել