Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսը ընկալում են բռնություն

Փետրվար 18,2009 00:00

Մանկավարժներն ու հոգեբանները ծնողներին խորհուրդ են տալիս իրենց սեռական կյանքը երեխաների աչքից հեռու «կազմակերպել»:

«Արի՝ մամա-պապա խաղանք». այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել մանկահասակ երեխաներից: Մասնագետների խոսքերով, քանի որ երեխայի առաջին իդեալը ծնողն է, երեխան կրկնօրինակում է ծնողի կատարած յուրաքանչյուր արարք:

«Շատ երեխաներ, առաջին հերթին, խաղի ժամանակ կրկնում եւ կատարում են ծնողի յուրաքանչյուր քայլը, ուստի շատ կարեւոր է, որպեսզի ծնողներն իրենց սեռական կյանքը կազմակերպեն այնպես, որ երեխաները երբեք դրան ականատես չլինեն եւ ժամանակից շուտ չփորձեն նույնը կրկնել, ասենք՝ քրոջ կամ եղբոր, հարեւանի երեխայի կամ մեկ ուրիշի հետ՝ մեկ այլ տեղում: Երեխայի մտահորիզոնը շատ լայն է, հետեւաբար՝ սեռական դաստիարակությունը պետք է կարողանալ շատ ճիշտ մատուցել: Չիմացությունը լավ բան չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրեն Ա. Կ-ն: Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որպեսզի երեխան մանուկ հասակից իմանա իր անատոմիա-ֆիզիոլոգիական կառուցվածքը եւ տարբերակի հակառակ սեռի կազմվածքը: «Իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ աղջիկ երեխան, զուգարանում պատահաբար տեսնելով տղա երեխային, խմբում հայտարարել է, թե այդ տղան պոչ ունի: Մինչեւ 7 տարեկան երեխաների մոտ ամենից առաջ պետք է սիրո գաղափարը սերմանել: Սեր՝ ծնողի, քրոջ, ընկերոջ, շրջապատի, հարազատի հանդեպ, հետո նոր միայն խոսել սեռական հարաբերությունների, բեղմնավորման, ծագման մասին: Այդ ամենը կարելի է երեխաներին բացատրել կենդանիների օրինակով, թե ինչպես արջերը սիրեցին միմյանց եւ գեղեցիկ քոթոթ ծնվեց: Բացատրել, որ նույն ձեւով, շատ-շատ սիրելով, մայրիկն ու հայրիկը ամուսնացան եւ բալիկ ծնվեց: Երեխաների մոտ սեռական շատ թերություններ առաջանում են սիրո պակասից: Երեխայի սեռական դաստիարակությանը թե՛ ծնողը, թե՛ մանկապարտեզների դաստիարակները խիստ հետեւողական պետք է լինեն, քանի որ այդ տարիքում է երեխաների մեջ սկսում զարգանալ սեռական բնազդը»,- ասաց տնօրենը:

Դաստիարակներից մեկի խոսքերով՝ հաճախ է նկատել, որ մանկապարտեզային տարիքի երեխաներն իրենց սեռական օրգանների հետ խաղում են, երբեմն էլ՝ դա դարձնում սովորություն. «Հատկապես 3-4 տարեկան երեխաներն են ձեռքը սեռական օրգաններին դրված քնում: Եղել է դեպք, երբ երեխայի սեռական կողմը խիստ զարգացած էր եւ նա թե՛ հատակին, թե՛ անկողնում խաղում էր իր սեռական օրգանների հետ եւ խիստ գրգռվում, քրտնում: Այդ ժամանակ շատ դժվար է նրանց շեղելը: Չի՛ կարելին ընդհանրապես չեն հասկանում: Հիմա նման դեպքեր շատ քիչ են նկատվում, երեխաներին քնեցնում ենք կողքի պառկած՝ ձեռքերը վերմակից դուրս: Նման դեպքում երեխաներին պետք է շեղել շատ նրբորեն, չէ՞ որ նրանք դա անում են առանց հասկանալու»:

Հոգեբան Նարե Գրիգորյանի խոսքերով. «Երեխան եւ սեռական կյանքը թվում է իրարից շատ հեռու են, բայց սեռական բնազդը միշտ էլ կա: Տարբեր փուլերում այն իր դրսեւորումներն է ունենում: Ինքնաբավարարման հետ կապված՝ ասեմ, որ 3-6 տարեկանում սկսվում է ֆադեկտ փուլը: Դա կարելի է բնորոշել որպես ինքնաճանաչման փուլ: Առաջինը օրալ փուլն է, երբ երեխան իր շրջապատը ճանաչոմ է բերանի միջոցով, դա կապված է կաթ ուտելու հետ, այդ փուլում երեխան ամեն ինչ տանում է բերանը: 2-րդ շրջանը անալային շրջանն է, կապված հետանցքի հետ, այդ ժամանակ երեխային սովորեցնում են ինքնուրույն զուգարան գնալ եւ այլն, իսկ 3-րդ շրջանում գերակշռողը հենց սեռական օրգաններն են: Դա նորմալ երեւույթ է, եւ իր դրամատիկ ազդեցությունն է ունենում, երբ մեծահասակները սկսում են ընդհատել այդ նորմալ զարգացման ընթացքը: Ընդհանրապես, մեծահասակները չպետք է դիմադրեն արգացման նորմալ պրոցեսին: Երեխան շատ հնարավոր է ջղային դառնա հենց նրանից, որ փորձեր են արվում իրեն խանգարելու: Խանգարել պետք չէ: Դա կարելի է համեմատել բնազդի հետ: Կարո՞ղ ենք արգելել երեխային ուտել: Եթե խանգարենք սնվել, բարդություններ կառաջանան, չէ՞: Եթե խոչընդոտում ենք երեխաների սեռական զարգացմանը, նույնպես բարդություններ են առաջանում: Դա բնական երեւույթ է: Եթե դաստիարակները կարողանում են շեղել, ու այդպես երեխաներն ավելի հանգիստ են՝ թող այդպես լինի: Այդուհանդերձ, անհանգստանալ պետք չէ, այդ փուլն էլ է անցնում եւ դա ոչ մի վատ բանի չի հանգեցնում, վտանգավորը՝ խոչընդոտելն է: Երբ երեխան գնում է դպրոց՝ այդ ամենն անցնում է, սկսվում է նրա սոցիալական կողմի զարգացումը, որոշակի ժամանակով սեռական ակտիվությունն իջնում է»:

Ինչ վերաբերում է ծնողների՝ երեխաների աչքից հեռու իրենց սեռական կյանքը «կազմակերպելուն», ապա հոգեբանն ասաց. «Ծնողների սեռական ակտը տեսնելը կարող է շատ երեխաների մոտ նեւրոզի պատճառ դառնալ: Երեխան չի կարող ճիշտ հասկանալ՝ ինչ է կատարվում: Հաճախ այդ դիրքերը, ձայները նա կարող է զուգակցել ցավի հետ, իր մեջ տպավորություն է ստեղծվում, թե բռնություն է տեղի ունենում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել