Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 20,2009 00:00

Երիտասարդներն ավելի հաջող են մեկնարկել

\"\"Մոսկվայում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական մրցաշարը:

Մեկօրյա հանգստից հետո չորս խմբերում հանդես եկող շախմատիստները երեկ վերսկսեցին պայքարը:

Ուժեղագույնների «A1» խմբում ընդգրկված 2549-ից բարձր վարկանիշ ունեցող 74 գրոսմայստերներից միայն երեքն էին մեկնարկային տուրերում հաղթանակ տարել: Նրանք էին՝ ռուսաստանցիներ Իգոր Կուռնոսովը, Պավել Սմիռնովը եւ Պավել Պանկրատովը: Միանգամից 23 գրոսմայստերներ, նրանց թվում՝ նաեւ Ռաֆայել Վահանյանը, ընդամենը կես միավորի կորուստ ունեին: Շախմատի հայաստանցի վետերանը երկու տուրից հետո զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը:

Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը, կարելի է ասել, այնքան էլ հաջող չի մեկնարկել: Նա իր խաղացած երկու պարտիաներն էլ ավարտել էր ոչ-ոքի եւ ընթանում էր 28-րդ տեղում: Նույնպիսի արդյունք ունեին նաեւ Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը եւ Հրանտ Մելքումյանը: Երեկ երրորդ տուրում Վահանյանը, Սարգսյանը եւ Փաշիկյանը սեւերով խաղում էին, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (Ռուսաստան), Սեբաստիան Մազեի (Ֆրանսիա), Սերգեյ Դյաչկովի (Ռուսաստան) հետ, իսկ վերը նշված մեր մյուս գրոսմայստերները խաղում էին սպիտակներով. Մինասյանը՝ իսրայելցի Իլյա Սպիրինի, Անդրիասյանը՝ ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի, Մելքումյանը՝ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովի, Պետրոսյանը՝ ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխի հետ:

«A2» խմբում միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանը երկու տուրից հետո առանց միավորի կորստի 4-րդ տեղում էր: Երեկ նրա մրցակիցը ռուսաստանցի միջազգային վարպետ Արսենի Կարգինն էր: Իսկ «C» խմբում մրցաշարային աղյուսակը 2,0 միավորով գլխավորում էր մեր հանրապետության ներկայացուցիչ Աղասի Ինանցը:

«Մեծ ութնյակն» սկսեց պայքարը

Երեկ Իսպանիայի Լինարես քաղաքում 16-րդ անգամ մեկնարկեց շախմատի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ «XXVI Torneo Internacional de Ajedrez Giudad Linares» գերմրցաշարը:

Աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Լենյեր Դոմինգեսը (Կուբա), երկու շրջանով (14 տուր) կպայքարեն հաղթողին որոշելու համար: Մրցաշարի մրցանակային ընդհանուր գումարը 314 հազար եվրո է, որից 100 հազարը սահմանված է 1-ին տեղն զբաղեցնողի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել