Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես արձագանքեցին

Փետրվար 21,2009 00:00

Մեկնարկեց «Մշակութային հետազոտությունները Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» խորագրով ցուցահանդեսը:

Ամեն ինչ սկսեց 5 տարի առաջ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հայերն այս տարածաշրջանում եկվոր են: Այդ ժամանակվանից Արցախի հնագիտական արշավախումբը՝ ղեկավար Համլետ Պետրոսյանի, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանի, հնագետ Աղավնի Ժամկոչյանի եւ Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանի մասնակցությամբ սկսեց պեղել մ.թ.ա. առաջին դարում Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Արցախի Տիգրանակերտը: Երեկ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ այդ պեղումների ցուցահանդեսային ներկայացումը՝ «Մշակութային հետազոտությունները Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» խորագրի ներքո: Ցուցահանդեսին ներկայացված էր նշված տարածքներից գտնված շուրջ 200 ցուցանմուշ: «Առավոտը» զրուցեց Հ. Պետրոսյանի հետ. «Վերջապես ՀՀ իշխանությունները պաշտոնապես արձագանքեցին մեր կատարած աշխատանքին, իսկ մինչ այժմ ամեն ինչ արել ենք կամ հասարակական կարգով, կամ ԼՂՀ իշխանությունների աջակցությամբ: Թվում էր՝ այս ժառանգությունը մեր ժողովրդի միայն մի փոքր հատվածինն է, այնինչ՝ ժողովրդական ընկալումն ամենեւին այդպես չէր: Ամբողջ աշխարհի հայությունն ուրախանում էր, իսկ ՀՀ իշխանությունները կարծես, ինչպես հարկն է՝ չէին արձագանքում»: Ուշացումով, բայց ՀՀ մշակույթի նախարարությունը վերջապես արձագանքեց. ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը նրանցն էր: Հրապարակվել է նաեւ «Մշակութային հետազոտությունները Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» վերնագրով գիրքը:

Ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանից էլ հետաքրքրվեցինք՝ այս բնագավառում ի՞նչ նոր խոսք են բերում Տիգրանակերտի պեղումները: Նա ասաց. «Տիգրանակերտի միջնաբերդի պարիսպը, որ բացվել է իր կլոր աշտարակով եւ ուրվագծով, այնպիսի կառուցողական արվեստի ներկայացում է, որը եզակի է ողջ Անդրկովկասում: Պատմության մեջ հիշատակված է, թե ինչպիսի վեհաշուք քաղաք է եղել մայրաքաղաք Արտաշատը, որն այժմ պեղվում է: Բայց այդ հուշարձանն այնպիսի հելենիստական շինարարական տեխնիկայի ազդեցիկ եւ պահպանված վավերացումներ չունի, ինչպես, օրինակ, Տիգրանակերտի միջնաբերդի պարսպն ու կլոր աշտարակը»:

Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր խոչընդոտում, որ ավելի վաղ արձագանքեին այս գործին եւ պեղումների համար գումար տրամադրեր միայն ԼՂՀ կառավարությունը: Նա պատասխանեց. «Հնագիտական պեղումների ֆինանսավորումը կատարվում է ակադեմիայի կողմից: Նույնիսկ Հայաստանում կատարվող պեղումները մշակույթի նախարարությունը չի ֆինանսավորում: Կարծում եմ, որ այժմ ճիշտ ճանապարհով ենք գնում, քանի որ ԼՂՀ-ն ունի իր պետական բյուջեն, համապատասխան ստորաբաժանումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել