Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏԱԾՈՒՄ ԵՔ՝ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈ՞ՒՐ ԵՄ ՍԻՐԵԼ»

Փետրվար 21,2009 00:00

Այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հանկարծ հետաքրքրվեց «ջրային բիզնեսով»: Երեկ նա «Բջնիի» թեմայով ասուլիս էր հրավիրել: «Սա բիզնես ա, հետաքրքրվել եմ, գնել եմ: Հիմա էլ, եթե մի բիզնես լինի, եւ ես ուսումնասիրեմ ու տեսնեմ, որ շահավետ է, շահույթ է բերում՝ կգնեմ: Մարդիկ, որոնք խոսում են բարոյականությունից, թող մի հատ հետ գնան եւ տեսնեն իրենց գնածները, որոնք ժամանակին խլել են»,- ասաց «Բջնիի» նոր սեփականատերը, չթաքցնելով, որ իր եւ ԱԺ պատգամավոր, «Բջնիի» նախկին սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի միջեւ վատ հարաբերություններ են եղել: Նրա խոսքերով՝ «Պետք է ուշադրություն դարձնել, թե Սուքիասյաններն ինչպես էին ձեռք բերել իրենց գույքը 90-ականներին եւ նոր խոսել բարոյականությունից»: Ըստ Ռ. Հայրապետյանի, ինքն այդ կերպ լուծում է նաեւ աշխատատեղերի պահպանման խնդիրը: Հարցին, թե գործարանի աշխատակիցներին ին՞չ է սպասվում՝ ասաց. «Նրանց կրկին աշխատանք է սպասվում: Ով կցանկանա ինձ հետ աշխատել՝ կմնա: Իմ համար երբեւիցե «իմ մարդն ա», «նրա մարդն ա»՝ նշանակություն չի ունեցել: Ամսվա վերջում կամ մյուս ամսվա սկզբում հավանական է արտադրանք բաց թողնենք»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե «Բջնին» առայժմ դատական պրոցեսների մեջ է եւ դեռ հնարավոր է աճուրդը անվավեր համարվի, Ռ. Հայրապետյանն ասաց. «Պետությունն աճուրդով վաճառել է, ես գնել եմ: Կդիմեն Եվրոդատարան կամ այլ մոլորակի վրա դատարան կհայտնաբերեն ու կդիմեն՝ դա իրենց գործն է: Դատարանի վճիռը ես պարտավոր եմ կատարել»:

Ռ. Հայրապետյանն ասաց, որ ինքը ոչ մի բանից չի վախենում եւ հիշեց, երբ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքից անկախ ընտրվեց Ավանի թաղապետ. «Վախս մանկուց հանած է: Կարող ա դա բացասական բան ա, բայց ես ըտենց եմ ծնվել»: Հայրապետյանը խոսեց նաեւ իր եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին, նշելով, որ իրենք շարունակում են մնալ ընկերներ, եւ Գ. Ծառուկյանը իրավունք ուներ արտահայտելու այն, ինչ ցանկանում էր: Նշենք, որ Գ. Ծառուկյանը «Բջնին» չգնելու հայտարարություն էր արել: Անդրադառնալով իր քրոջ որդու դեմ վերջերս հարուցված քրգործին, Ռ. Հայրապետյանն ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, լա՛վ իմացեք, բարեկամին չեն ընտրում, Աստված ա տալիս: Իրո՛ք, վատ երեխա է եւ անում է վատ արարքներ: Թող գնա պատասխան տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել