Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կասի Կոնգրեսը

Փետրվար 24,2009 00:00

Սոցիալիստները հակված են ՀԱԿ-ի հետ համագործակցության

Հայաստանում մեկնարկած սոցիալիստական շարժումը շարունակվում է՝ տարբեր հավաքների, կլոր սեղանների ու սեմինարների ձեւով: Արդյոք դրանք արդիակա՞ն են: «Այս գաղափարախոսության արդիականության մասին խոսում են Սորոսը, Խոդորկովսկին, Լուժկովը՝ կապիտալիզմի ամենավառ ներկայացուցիչները, ուրեմն… Կա պատկերացում, որ սոցիալիզմն ինչ-որ պարզ բան է եւ ինչ-որ տեղ կա, պարզապես, եթե ցանկություն կա, պետք է այն բերել ու Հայաստանում տեղադրել: Իրականում, որպես ապագա կառուցող միտք, դա կիսամոռացված բան է: Սոցիալիզմ ասելով մենք հիշում ենք Սովետական Միությունը, իսկ այն սոցիալիզմը, որ պետք է կերտեր մարդկության ապագան՝ մնաց 20-րդ դարի 50-60-ական թվականներում. դա նեոսոցիալիզմի ամենավառ շրջանն էր, որն ավարտվեց 1968-69 թթ. աշխարհով մեկ տեղի ունեցած երիտասարդական հեղափոխություններով»,- «Առավոտի» տարակուսանքն այսպես փարատեց Սոցիալիստական ուժերի միության ներկայացուցիչ Արա Նեդոլյանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ՝ «իրականում այժմ նույն վիճակն է: Հասարակություններն էլ այսօր ավելի պատրաստ են, քան 50-60-ականներին, ոչ թե հարմարվել եղածին, այլ գիտակցաբար կերտել նոր իրականություն: Բայց նահանջը տեղի է ունեցել գիտակցական եւ բարոյական առումներով: Մարդիկ պարզապես մոռացել են, որ դա հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ ու շարունակում են ապրել այնպես, ինչպես ստացվում է»: Պարոն Նեդոլյանը կարծում է, որ Հայաստանում պետք է փոխակերպվեն բոլոր հասարակական ձեւերը՝ սկսած փիլիսոփայությունից, վերջացրած պրակտիկ քաղաքականությամբ: «Վերարտադրողականության փուլը պետք է ավարտվի եւ կերտվի այն, ինչ որ կա ժամանակակից մարդու հոգում. թեպետ մենք շարունակում ենք զարգանալ որպես ժամանակակից մարդ, բայց մեր գիտակցությունը հետ է մնում: Բայց որպես մարդ ես զգում եմ, որ մենք ընդունակ ենք կերտել մեզ վայել մի փայլուն, նոր իրականություն, ոչ թե հարմարվել այս խղճուկ վիճակին»,- կարծում է Ա. Նեդոլյանը:

Քանի որ մարտի 1-ին հանրահավաք է նախատեսվում եւ հայտարարվում է, որ այն շրջադարձային է լինելու, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է այդ ֆորմատում կերտվի մեր փայլուն ապագան: «Քայլը Կոնգրեսինն է: Մարտի 1-ը ցերեմոնիա է: Ի՞նչ կասվի մարտի 1-ից հետո, ո՞րն է լինելու Կոնգրեսի գաղափարախոսությունը: Ըստ իս, միակ հնարավոր գաղափարախոսությունը սոցիալականն է, այսինքն՝ Հայաստանում կառուցել հասարակություն եւ վայել սոցիալական կյանք: Այստեղ էական է, թե Կոնգրեսն ինչպես կվարվի: Կգիտակցե՞ն, որ եկել է սոցիալական կառուցողական գաղափարների փուլը: Եթե այո, ապա կա դրա հավանականությունը, քանի որ արդեն իշխանապայքար չէ: Պետք է, որ մենք օբյեկտիվ համընկնման եզրեր ունենանք Կոնգրեսի հետ»: Իսկ եթե ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր չլինե՞ն՝ «Այս գործը սկսվել է եւ չի ավարտվելու: Մենք մտադիր չենք ասել՝ չհաջողվեց ու նստել տանը: Գործը շարունակվելու է, եւ մենք օգտագործելու ենք համագործակցության բոլոր հնարավորությունները՝ բոլոր ուժերի հետ: Իհարկե, նախընտրելի կլիներ համագործակցությունը Կոնգրեսի հետ, քանի որ այսօր Կոնգրեսն է ներկայացնում հայկական հասարակական կեցվածքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728