Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սկանդալը շարունակվում է

Փետրվար 24,2009 00:00

Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված իրավիճակին «Առավոտն» արդեն անդրադարձել է (10.02.08 եւ 14.02.08): Տեղեկացրել էինք, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը իր իրավունքները վերականգնելու համար դիմել էր վարչական դատարան: Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռուզաննա Մովսիսյանի հայցադիմումը ընդդեմ «Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՌԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա. Բաղդասարյանի՝ Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի կարգադրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին»: Դատարանը գտել էր՝ «մինչ սույն վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը, արգելել Շիրակի մարզպետի 10.02.2009 թվականի թիվ 29 կարգադրության կատարումը՝ հայցվոր Ռուզաննա Մովսիսյանի մասով»: Չնայած դատարանի այս որոշմանը՝ երեկ նորաստեղծ կառավարման խորհուրդը գումարեց իր անդրանիկ նիստը՝ ընտրելով կառավարման խորհրդի նոր նախագահ:

Երեկ այս դպրոցում արտակարգ իրավիճակ էր, ԿԳ նախարարի հանձնարարականով հատուկ հանձնաժողով էր եկել՝ դպրոցում կատարվող իրադարձություններին ճշգրտորեն տեղեկանալու նպատակով: ԿԳՆ կրթության պետական տեսչության բաժնի պետ, ավագ պետական տեսուչ Անահիտ Հարությունյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ եկել են ուսումնասիրելու Ռուզաննա Մովսիսյանի բողոք-դիմումում շարադրված փաստերի իսկությունը եւ մի քանի խնդիրներ, որոնք կապված են դպրոցի խորհրդի գործունեության հետ: «Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք խորհրդի կազմի հետ կապված հարցերը, տնօրենի ընտրության հարցերը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես պատահեց, որ նոր տնօրենի ընտրության ժամանակ բարձրացավ խորհրդի անդամների օրենքով-կարգով ընդունվելու հարցը: Այդ ինչպե՞ս պատահեց, որ երբ հայտարարվեց դպրոցի տնօրենի ընտրություն, այդ ընթացքում բարձրացավ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը, որը այդ նույն կարգի խախտում է՝ 12-րդ կետը ասում է, որ խորհրդի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է դպրոցի գործադիր տնօրենի ընտրություն՝ մրցույթ: Փետրվարի 3-ին հայտարարված է եղել մրցույթ՝ արդեն մեկ ամիս պիտի կայանար մրցույթը, սակայն չի կայացել, հետաձգվել է երեք օր, երեք օր հետո՝ փետրվարի 6-ին դարձյալ չի կայացել քվորում չլինելու պատճառով, եւ փետրվարի 5-ին, երբ մրցույթը հայտարարված է, Շիրակի մարզպետը տալիս է հանձնարարական, գրում է մի գրություն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին եւ հանձնարարում է, որ 20-օրյա ժամկետում կազմակերպվի կառավարման խորհրդի մանկավարժական խորհրդի կազմից առաջադրվող անդամի ընտրություններ՝ համաձայն այս նույն կարգի: Սա ոչ թե մրցույթից հետո նոր խորհուրդ կազմելու մասին է, այլ հենց մրցույթի ընթացքում վերանայել կամ դադարեցնել խորհրդի անդամի լիազորությունները, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, նույն այս կարգը խախտվում է նոր պայմաններում, երբ որ հայտարարված է տնօրենի թափուր տեղի համար մրցույթ»,- ասաց ԿԳՆ ներկայացուցիչը: Ռուզաննա Մովսիսյանի տեղեկացնելով՝ անցած ուրբաթ, երբ դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ են գումարել կառավարման խորհրդի կազմում երկու նոր մանկավարժներ «պատվիրակելու» նպատակով, ինքը խնդրել է շտապողականություն չցուցաբերել, սպասել դատարանի որոշմանը, սակայն իր խնդրանքը մերժվել է: Մանկխորհրդին մասնակցած 26 մանկավարժներից 23-ը դեմ են քվեարկել խորհրդի կազմում նոր մանկավարժների ընդգրկմանը, որոշ մասնակիցներ էլ բոյկոտել են՝ արհամարհելով ու նիստի կեսից լքելով դահլիճը: Այդուհանդերձ, թեկուզեւ երեք կողմով, նոր անդամների ընտրությունը կատարվել է: ԿԳՆ-ի հանձնաժողովը առաջիկայում կհրապարակի իրենց ուսումնասիրության արդյունքները:

Սակայն մինչ այդ հիշեցնենք, որ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը վերջերս իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ այս դպրոցում նման պատմություն են սարքել այն պատճառով, որ դպրոցի տնօրինությունը անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ աշակերտությանը արգելել է մասնակցել Սերժ Սարգսյանին նվիրված «հավատարմության» հանրահավաքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728