Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճարահատյալների հույսը Կոնգրեսն է»

Փետրվար 26,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի ասուլիսը Գյումրիում

«Մեր լավագույն ընկերները գտնվում են բռնապետության զնդաններում. ուղիղ մեկ տարի առաջ մի քանի սափրագլուխ, դիմակավորված անձինք հացի սեղանից ագրեսիվ ձեւով ձերբակալել են գնդապետ Զաքարյանին, կարելի է ասել՝ առեւանգել են, մեկ տարի է՝ մեր ընկերները գտնվում են բանտերում, բայց վստահ ենք, որ էս ամեն ինչը երկար չի տեւելու, մեր հաղթանակը սարերի հետեւում չէ, սա բոլորս գիտակցում ենք՝ ե՛ւ կալանավայրերում գտնվող մեր ընկերները, ե՛ւ դրսում իրենց գործը շարունակողները: Շեշտվում է երեք հոգու անուն, բայց երեք հոգու ձերբակալությունից կոնկրետ Շիրակի մարզը տվեց եւս երեսուն վճռական առաջնորդների, տղաների, որոնք ժողովրդին անպայման տանելու են իրենց հետեւից. եթե էս երեսունին փորձեն ձերբակալել, ուրեմն երեսուն առաջնորդները կդառնան երեք հարյուր, էնպես որ՝ շարժումը անկասելի է»,- երեկ Գյումրիի Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի եղբայրը՝ Արմեն Զաքարյանը: Իսկ Կոնգրեսը ասուլիս էր հրավիրել այն պատճառով, որ երեկ լրացավ շիրակցի քաղբանտարկյալների՝ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի կալանավորման մեկ տարին: Հիշեցնենք, որ վերջիններիս մեղադրում էին Գյումրիի թիվ 41 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի աշխատանքները խանգարելու, հանձնաժողովականներին անարգելու ու հայհոյելու մեջ: Ու թեեւ դատարան հրավիրված 9 վկաները միաբերան պնդեցին, որ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները հերյուրանք են, այնուամենայնիվ դատարանը որոշեց նրանց ազատազրկման ենթարկել՝ բացառությամբ միայն Շոթա Սաղաթելյանի:

Մեկ անգամ եւս վերհիշելով այս դատավարությունը՝ կոնգրեսականները ասացին, որ այսպիսի պատմությունները ավելացնում են Կոնգրեսին անդամագրվող մարդկանց թիվը: Հայ ազգային կոնգրեսի Շիրակի մարզի աշխատանքները համակարգող Մարտին Ղարիբյանը տեղեկացրեց, որ նույնիսկ գրասենյակներ չունենալու պայմաններում միայն Գյումրիում Հայ ազգային կոնգրեսին անդամակցել է 1200 հոգի, իսկ մարզի կտրվածքով՝ երեք հազարից ավելի են. վերջերս անդամակցողների թիվը ավելացել է՝ կապված տաքսու վարորդների ու առեւտրականների բողոքական դառնալու հետ: «Մեզ մոտ ամենաշատն անդամագրվում են անկուսակցականները, անդամագրվում են բոլոր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ: Ընդհանրապես սոցիալական ճնշումների ժամանակ ժողովուրդը համախմբվում է այն ուժի շուրջը, որը կարող է իրենց ճգնաժամից դուրս բերել. էսօր ճարահատյալ մարդկանց հույսը Հայ ազգային կոնգրեսն է, այն ուրիշ լծակներ չունի, բացի ճշմարտությունը ազգաբնակչությանը, հայ ժողովրդին ասելուց»,- ասաց ազատամարտիկ Ժորա Աթոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել