Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխո՞վ են մտածում, թե՞ այլ օրգանով»

Փետրվար 26,2009 00:00

\"\"ԱԺ մարտի 1-2-ի իրադարձությունները քննող հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը վրդովված է ընդդիմության կողմից հնչող այն գնահատականների կապակցությամբ, որոնցում ասվում է, թե ամենեւին կարիք չկար երկարաձգել «Մարտի 1-2»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւս մի քանի ամսով: Մեր զրուցակցի բացատրությունը հետեւյալն է. «Որոշակի գործունեությունից հետո ստեղծվեց փաստահավաք խումբ, որի նպատակն էր փաստերի ուսումնասիրություն կատարել ավելի մասնագիտական ձեւով եւ արդյունքը ներկայացնել հանձնաժողովին: Եթե կարելի է ասել՝ փաստահավաք խմբի նպատակը հանձնաժողովի համար աշխատելն էր: Իհարկե, ընդդիմությունը սրան համաձայնեց եւ մասնակցեց, լավ իմանալով, որ իր մասնակցությամբ արդեն չի կարող խմբի գործունեությունը փակ մնալ, իրենք դրա հնարավորությունն ունեն, եւ եթե այս փուլում իրենց արգելված է փաստերի հրապարակումը, ապա ավելի ուշ իրենք կարող են դրանք հրապարակել, ոչ ոք չի արգելում, եւ դա նույնիսկ նախատեսված է: Հիմա ԱԺ-ն իրեն չէ՞ր դնի անհեթեթ իրավիճակի մեջ եւ մեզ բոլորն այդ դեպքում չէի՞ն քարկոծելու, որ չենք սպասել փաստահավաք խմբի տվյալներին եւ շտապում ենք ներկայացնել մեր եզրակացությունները: Այս պայմաններում, երբ ընդդիմությունը սկսում է քննադատել հանձնաժողովի գործունեության ժամկետների երկարացման հարցը եւ անհարկի որակումներ է տալիս, ես արդեն սկսում եմ կասկածել նման մարդկանց բանականությանը, սկսում եմ կասկածել՝ գլխո՞վ են մտածում, թե՞ մեկ այլ օրգանով: Որովհետեւ, իրենք ինչո՞ւ են ուղարկել այդ մարդկանց այդտեղ աշխատելու, եթե ասում են, թե հանձնաժողովը թող իր աշխատանքը դադարեցնի: Մեզ համար խնդիր չկա, մենք կարող ենք այսօր էլ դադարեցնել, մեր ձեռքի տակ ունեցածը հրապարակել եւ տալ մեր եզրակացությունը: Մենք այստեղ խնդիր չունենք, բայց մենք պարտավորված ենք սպասել փաստահավաք խմբին»: Արտյուշա Շահբազյանն ասաց նաեւ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը հնարավորություն տվեց անդրադառնալ նաեւ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխություններին. «Ժամանակի ձգումը մեզ համար էլ շատ հարցեր պարզաբանում է: Եվ քանի դեռ փաստահավաք խումբն աշխատում է, մենք պարտավոր ենք սպասել նրանց աշխատանքի արդյունքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել