Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «18 արդարների» գործով այսօրվա դատական նիստում դատարանն անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքի փոփոխման քննարկմանը, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 8-ին։
Մեղադրողը, նշելով, որ տնային կալանքի հետ կապված առկա խոչընդոտելու ռիսկը որոշ չափով նվազել է, բայց ոչ այնքան և շարունակում է պահպանվել, նշեց, որ պետք է ընտրված խափանման միջոցի ռեժիմը պահպանել, այսինքն՝ երկարացնել։ Սակայն ժամկետի ընտրությունը թողեց դատարանի հայեցողությանը։
Արթուր Սարգսյանը հակադարձեց. «Հարգարժան դատարան։ Սիրելի ժողովուրդ։ Արդեն 1 տարի 4 ամիս է՝ ես, Բագրատ Սրբազանը և մյուս 16 արդարները տարբեր ժամանակներում գտնվում ենք կալանքի մեջ։
Շատ դեպքեր են եղել՝ հստակ ասել ենք, որ այս դահլիճում արդարադատություն չի իրականացվում՝ Քննչական կոմիտեից սկսած։ Մենք ՔԿ-ի գործունեություններն էլ ենք տեսել այս ուսումնասիրությունների փուլում։ Տեսել, համոզվել ու այն անգամ էլ ասել ենք, որ սա փնթի կարված գործ է։ Ես ամենասկզբից եմ ասել, որ սրանք գործ կարել էլ չգիտեն։ Եվ իմ փաստաբաններին խնդրել եմ, խնդրում եմ. մենք միջնորդություն չունենք անելու, քանի որ այս դահլիճում արդարադատություն չկա, և կարիք չկա մեր թանկ ժամանակը, թանկ խոսքերն այստեղ օգտագործելու։
Կարդացեք նաև
Հարգարժան դատարան, որ մեկ, երկու, երեք ամսով երկարացնում եք, գիտեմ, որ օրենքը այդ հնարավորությունը տալիս է։ Բայց հիմա միջնորդություն եմ անում՝ միանգամից մի տարով երկարացրեք, որ ամեն անգամ ապօրինի որոշում կայացնելիս ոչ մեղադրողն իրեն վատ զգա, ոչ էլ դուք։ Շնորհակալություն»։
Կարեն Ֆարխոյանը նշեց. «Դատարանը գտնում է, որ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի իրավաչափության փոփոխություն տեղի չի ունեցել, խոչընդոտելու ռիսկերի հավանականությունը առկա է, և այդպիսիք չեն նվազել։ Հետևաբար, վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը կերկարաձգվի 3 ամսով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 8-ը՝ անփոփոխ թողնելով համակցված կիրառմամբ 20 միլիոն դրամ գրավը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































