Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհական առօրյա

Փետրվար 26,2009 00:00

Մանկավարժականում՝ աշնանային, Լեզվաբանականում՝ չինական տրամադրություններ

Երեկ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում մթնոլորտը աշնանային էր, քանի որ տեղի էր ունենում «Աշնան մեղեդի» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր կուլտուրայի ֆակուլտետի կինոյի եւ հեռուստատեսության ամբիոնը: Զրուցեցինք կազմակերպիչ Արմեն Խաչատրյանի հետ: Նա ասաց. «Այսպիսի միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ գնահատողը եւ քվեարկողը ուսանողներն են: Յուրաքանչյուր ցուցանմուշի ներքեւում կան համարակալված թղթիկներ, որոնցով էլ ուսանողները կարող են գնահատել միմյանց: Ուստի 33 մասնակիցներն իրենք են որոշում, թե որոնք են լավագույնները: Յուրաքանչյուր ուսանող ամփոփման ժամանակ կստանա խրախուսական մրցանակ»:

«Առավոտը» զրուցեց նաեւ 3-րդ կուրսի ուսանող Վահագն Եգանյանի հետ, որը ներկայացրել էր իր նկարները. «Ես աշխատում եմ մակրո ոճում, այսինքն՝ աշխատում եմ ինչ-որ դետալ մոտիկից նկարել: Դա նշանակում է խոշոր պլանով մի փոքր բան նկարել, օրինակ՝ բզեզներ եմ նկարել»:

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում էլ տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի համալսարանի եւ Լեզվաբանական համալսարանների նախաձեռնությամբ հիմնադրված «Կոնֆուցիուսի ինստիտուտ» կենտրոնի բացման արարողությունը: Այս կենտրոնը լինելու է ոչ միայն մշակութային օջախ, այլեւ հայ-չինական հարաբերությունների վառ ապացույց: Այս կապակցությամբ երեկ Լեզվաբանական համալսարան էր եկել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի սենյակում կարճ զրույց ունեցավ եւ չմասնակցեց կենտրոնի բացման արարողությանը: Շանսի համալսարանի նախագահ Գիո Շուրչուն պատմեց. «Մեր համալսարանը բավականին հնագույն է, այն ունի 107 տարվա պատմություն: Իսկ հայաստանյան Լեզվաբանական համալսարանի հետ մեր հարաբերությունների շնորհիվ կկարողանանք մի լավ դպրոց հիմնել»:

«Առավոտը» զրուցեց նաեւ կենտրոնի տնօրեն Գաբրիել Բալայանի հետ: Նա հայտնեց. «Հայաստանյան կենտրոնը բացառիկ է նրանով, որ նմանատիպ կենտրոններ չկան ոչ Վրաստանում, ոչ էլ Հարավային Կովկասում: Այստեղ կանցկացվեն նաեւ չինարեն լեզվի ուսուցման դասընթացներ, որոնց կարող են մասնակցել սկսած 9 տարեկան երեխաներից, մինչեւ մեծահասակներ: Կկազմակերպվեն նաեւ չինական մշակույթին, պատմությանը եւ գրերին նվիրված դասընթացներ: Դրա համար մասնագետներ ենք հրավիրելու նաեւ Չինաստանից»: Քանի որ նախապես տեղեկացանք, որ դասընթացները լինելու են վճարովի, հետաքրքրվեցինք, թե դա տպավորություն չի՞ առաջացնի, որ ինչ-որ մեկը բիզնես է անում: Գ. Բալայանը պատասխանեց. «Սա բիզնեսի խնդիր չէ, քանի որ Չինաստանի կառավարությունը գումարներ է ներդրել այս գործի մեջ: Իսկ ուսման վարձավճարները չեն լինի բարձր, օրինակ՝ երեխաների համար ամսական 10.000 դրամ»: Մեր մյուս հարցն այն էր, թե անգլերենամոլության այս ժամանակաշրջանում արդյոք հետաքրքրություն կառաջանա՞ չինարենի նկատմամբ: Զրուցակիցս պատասխանեց. «Ծառայությունները դեռ չենք գովազդել, բայց բավականին զանգեր արդեն գրանցվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել