Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԵՂԾԵԼ ՕՂԻՆ, ԱՅՆ «ՍՈՒՐԲ» Է

Փետրվար 27,2009 00:00

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում «Ակցիզային հարկի» մասին օրինագծի քննարկումներին ակտիվորեն հետեւող մեր ընթերցողներից մեկը, ով ժամանակին զբաղվել է օղու արտադրությամբ, երեկ մեր թերթին հարկ համարեց որոշ բացատրություններ տալ՝ ալկոհոլային խմիչքի արտադրողներին աջակցելու նպատակով: Երեւանի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանի առաջարկը հետեւյալն է. «Նկատի ունեցեք, որ տեղական ապրանքների վարկանիշը հիմնականում գցում է կասկածելի տեղերում պատրաստված էժանագին եւ ցածրորակ ապրանքը, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որպես ժամանակին այս գործով զբաղված մարդ: Առաջարկում եմ օղու եւ այլ ոգելից խմիչքների համար սահմանել կոնկրետ նվազագույն գին, սա կօգնի տեղական լուրջ արտադրողին: Գաղտնիք չէ, որ այսօր շուկայում կան տարբեր գնի օղիներ, ընդհուպ՝ էժանագին 400 դրամանոցները, որոնց գործածումը խիստ վտանգավոր է մարդկանց առողջության համար, նման օղուց թունավորումները լինում են հաճախակի, մարդիկ՝ էժանի հետեւից գնալով, իրենց թունավորում են անհասկանալի սպիրտով պատրաստված տարբեր անուններ ունեցող «թույներով»:

Մինչդեռ, կան կոնկրետ հաշվարկներ, որոնք ապացուցում են, որ իրականում նորմալ օղու կես լիտրանոց շիշը չի կարող արժենալ 400-450 դրամ: Կոպիտ հաշվարկներով անգամ՝ կեսլիտրանոց նորմալ օղու ինքնարժեքը կազմում է մոտ 600-650 դրամ: Բացատրեմ. շիշը՝ մոտ 100 դրամ, ակցիզը՝ 190 դրամ, մոտ 280 դրամ՝ կեսլիտրանոց շշի հարկն է, սպիրտը՝ մոտ 90 դրամ, դրան գումարեք նաեւ ձեւավորման եւ փաթեթավորման ծախսերը, կկազմի իմ ասած թիվը՝ մոտ 600-650 դրամ: Ինչո՞ւ այսքան ժամանակ որեւէ մեկը չի հարցնում կեղծ արտադրողներին, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ այդքան էժան օղի են վաճառում: Առաջարկս հետեւյալն է՝ եթե օղու նվազագույն գին սահմանվի մոտավորապես 700 դրամ, մրցակցություն կառաջանա եւ 400 դրամանոց «օղի» արտադրողներն այդ դեպքում ստիպված են լինելու իրենց արտադրանքի որակը եւս բարձրացնել:

Նվազագույն գին սահմանելու դեպքում՝ մարդիկ հնարավորություն կունենան ընտրություն կատարել լավ ու անվտանգ օղու եւ վատ ու վտանգավոր օղու միջեւ: Այսպիսով, պետությունը կհոգա նաեւ մարդկանց առողջական խնդիրների մասին, մարդիկ չեն թունավորվի վատորակ, էժան օղուց»:

Այս ամենը գրի առավ իսկական եւ որակյալ օղու հարգը իմացող քյավառցու թոռ՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել