Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավթոգազի» վրա հարձակումը կասեցվեց

Մարտ 06,2009 00:00

Երեկ Կիեւի դատարաններից մեկը կասեցրեց քննչական գործողությունները ուկրաինական «Նավթոգազ» ընկերության դեմ: «Ռեգնումի» տեղեկություններով, ավելի վաղ քրեական գործը հարուցվել էր երկրի անվտանգության ծառայության կողմից: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, վարչապետ Տիմոշենկոյի կողմնակից Անդրեյ Պորտնովի տեղեկություններով, «Ալֆա» ստորաբաժանման մարտիկները այլեւս իրավունք չունեն գտնվելու «Նավթոգազի» տարածքում: Ինչպես արդեն հաղորդվել էր, մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, «Նավթոգազի» շենքը գրոհեցին դիմակավոր մարդիկ:

Ավելի ուշ պարզվեց, որ նրանք «Ալֆա» ջոկատի աշխատակիցներ են եւ փորձում են ընկերությունից բռնագրավել վերջինիս պայմանագրերը «Գազպրոմի» հետ, որոնք կնքվել են այս տարվա հունվարի 19-ին: «Ալֆա» ջոկատին փորձել են դիմակայել խորհրդարանի մի քանի տասնյակ պատգամավորներ, սակայն հաջողության չեն հասել, իսկ «Նավթոգազի» գլխավոր հաշվապահը տարվել է հիվանդանոց:

Երկրի առաջին փոխվարչապետ Ալեքսանդր Տուրչինովի կարծիքով՝ «Նավթոգազի» գրոհն իրականացվել է հատուկ ծառայությունների կողմից՝ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանով: «Այդ ակցիայի նպատակն է՝ բռնագրավել «Գազպրոմի» հետ փաստաթղթերի բնօրինակները եւ տապալել ռուսաստանյան ընկերության հետ հետագա հարաբերությունները»,- ասել է Տուրչինովը: Երեկ «Ալֆայի» մարտիկները լքել են «Նավթոգազի» գրասենյակը՝ իրենց հետ չտանելով խնդրո առարկա պայմանագրերի բնօրինակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել