Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանի» առեւտրականները գործադուլ են անում

Մարտ 26,2009 00:00

\"\"Երեկ «Հրազդան» տոնավաճառի մոտ հավաքվել էին հարյուրից ավելի առեւտրականներ եւ պահանջում էին, որ տոնավաճառի սեփականատերը նվազեցնի տեղի վարձը: Նրանց հավաստմամբ, մի քանի շաբաթ առաջ իրենք տնօրինությունից խնդրել են ընդառաջել իրենց, քանի որ առեւտուրը բավականին նվազել է, եւ իրենք չեն կարողանում նախկին պայմաններով աշխատել: Սակայն, երբ իրենց խնդրանքը «բանի տեղ չեն դրել», առեւտրականները որոշել են չբացել տաղավարները եւ չաշխատել, այլ հավաքվել եւ միանգամից ուղեւորվել կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը պաշտոնյաներին հասցնելու համար: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հավաքված առեւտրականները պահանջում էին, որպեսզի կառավարությունը ճնշում գործադրի իրենց տոնավաճառի սեփականատիրոջ վրա, եւ վերջինս տեղի համար գանձվող գումարը իջեցնի: Առեւտրականները դժգոհում էին նաեւ, որ առանց այդ էլ հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետեւանքով իրենք բավականին վնասներ են կրել:

Այս առնչությամբ «Հրազդանի» տնօրեն Մերուժան Հակոբյանը «Առավոտին» պարզաբանեց, որ առեւտրականները մոտ 2 շաբաթ առաջ դիմել են տոնավաճառի տնօրինությանը՝ խնդրելով իջեցնել տեղի գումարի չափը. «Մենք այս 2 շաբաթների ընթացքում հաշվարկներ արեցինք, որի արդյունքում պարզեցինք, որ կարող ենք ապրիլի 1-ից 30-32 հազար դրամով իջեցնել վարձավճարները, սակայն դա նրանց դուր չեկավ ու իրենք պահանջեցին, որ մենք գոնե 100 հազարով իջեցնենք, մենք էլ ժամանակ խնդրեցինք, որպեսզի կրկին հաշվարկներ անենք ու պարզենք՝ կարո՞ղ ենք արդյոք վարձավճարներն ավելի իջեցնել, բայց նրանք չսպասեցին ու գնացին կառավարության առջեւ ցույց անելու»: Նշենք, որ «Հրազդան» տոնավաճառի վաճառականները ամսական մոտ 400 հազար դրամ տեղի վարձ են վճարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել