Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՂՄԿՈՂՆԵՐԻՆ ՄԻ՛ ԽՆԱՅԵՔ

Մարտ 28,2009 00:00

«Հատկապես ամռանը ես չեմ կարողանում քնել, դրսի աղմուկը ուղեղս սղոցում է: Ժամերով շուռումուռ եմ գալիս անկողնու մեջ եւ մինչեւ լուսաբաց, այսինքն՝ այն պահը, երբ մեր հարեւան տղաներն իրենց տները չեն քաշվում, չեմ կարողանում աչք փակել եւ այսպես՝ ամեն օր»,- մեզ հետ զրույցում դժգոհեց Գայանեն:

Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Սայաթ-Նովայի փողոցում բնակվող Աստղիկն էլ պատմեց, որ իրենց շենքի առաջին հարկում իրականացվող շինաշխատանքներից առաջացած աղմուկն այնքան է իր ընտանիքին խանգարել, որ ստիպված աղմուկի պատճառով հաճախակի գլխացավեր ունեցող մոր՝ տիկին Սվետլանայի հետ ժամանակավոր տեղափոխվել է գյուղ. «Մեկ ամիս հետո, երբ վերադարձանք՝ շինարարությունը դեռ ընթացքի մեջ էր: Բայց սեփականատիրոջը ոչինչ չասացինք, սակայն որոշ ժամանակ անց մորս առողջությունը վատացավ եւ հիվանդանոց ընկավ»:

Մասնագետների ներկայացմամբ՝ ամենասոսկալի աղմուկը հարվածող աղմուկն է, որն այսօր շատ տարածված երեւույթ է մայրաքաղաքում: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ իրենք աղմուկից օրենքով պաշտպանված են: Օրինակ՝ եվրոպական շատ երկրներում քաղաքացիները աղմուկից պաշտպանված են «Էկոլոգիական օրենսգրքով»: Դեռեւս խորհրդային շրջանում Ուկրաինան ընդունել էր աղմուկի մասին օրենք: Մեր երկրում առայժմ աղմկողները պատժվում են առողջապահության նախարարի հրամանի հիման վրա գործող ենթաօրենսդրական ակտով: Ըստ այդմ, ճիշտ է, աղմկողներին լուրջ պատժամիջոցներ չեն սպառնում եւ աղմկողը վարչական տուգանքով գլուխն ազատում է՝ վճարելով 40-120 հազար դրամ, բայց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի խոսքերով, շատերը չգիտեն, որ իրենք կարող են բողոքել իրենց խանգարող աղմուկի դեմ: Նա ասաց, որ մեր քաղաքացիները նախեւառաջ իրազեկման խնդիր ունեն: Ըստ տիկին Իսկոյանի՝ աղմուկի մասին ենթաօրենսդրական ակտը վաղ թե ուշ պետք է մտնի նաեւ մեր «Էկոլոգիական օրենսգիրք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել