Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԶԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՏԱՐԱԾՔՆ Է ՈՒԶՈՒՄ

Ապրիլ 01,2009 00:00

Դիմում՝ տասը տարի անց

\"\"
Վիճելի տարածքը Կլարա Ավանեսյանինն է:

Կենտրոն համայնքի Խորենացու 3-րդ նրբանցքի 32 տունը դեռեւս 1935 թ. պատկանում է Կլարա Ավանեսյանի ընտանիքին, որի մի մասին ամեն կերպ փորձում է տիրանալ տիկին Կլարայի դիմացի տան հարեւան Հայկազ Թությանը: Ինչպե՞ս: Խոսքը Երեւանի «Բարեկամություն» հանրախանութի խաչմերուկին հարող հատվածում գտնվող կիսահողաշեն մի առանձնատան մասին է, որի հետնաբակում կառուցված փոքրիկ շինությունը հանգիստ չի տալիս Թությանին: Բանն այն է, որ նշյալ փոքրիկ շինությունը սկզբում (ավելի փոքր մակերեսով) եղել է Ավանեսյանի ընտանիքի սեփական ցախանոցը, որը հետո մի փոքր մեծացրել են պետությունից վարձակալած՝ իրենց տան եւ փողոցի միջեւ ընկած 25 քմ տարածքի հաշվին: Եվ ահա 1992-ին հարեւանը՝ Հայկազ Թությանը, համոզում է տիկին Կլարայի ընտանիքին՝ հետնաբակի շինությունը դարձնել կոոպերատիվ, համատեղ աշխատել եւ շահույթը կիսել: Տանտերերը համաձայնում են. հարեւան Հայկազին կարգում են կոոպերատիվի նախագահ, իսկ տիկին Կլարայի երկու երեխաները դառնում են կոոպերատիվի անդամներ, որպեսզի կարողանան հողաշեն տան գրեթե փլվող պատերն ամրացնել: Սակայն նրանց «ջրերը մի առվով չեն գնում», եւ 7 ամիս անց կոոպերատիվը լուծարվում է: Անցնում է 10 տարի, եւ հարեւան Հայկազը դիմում է դատարան: Նա փորձում է ապացուցել, որ Կ. Ավանեսյանն ապօրինի զավթել է պետության հողը (25 քմ), որն իրականում իրենը պետք է լիներ: Գործն անցնում է դատական երեք ատյաններով, եւ արդարադատությունից գրեթե հույսը կորցրած տիկին Կլարային հաճելիորեն զարմացնում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի երկու դատավորները: Նրանք գալիս են վիճահարույց հասցե, տեղատեսություն են անում եւ, համոզվելով, որ Ավանեսյանի կողմից ապօրինություն չկա՝ հարցը լուծում են նրա օգտին: Վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:

Անցնում է եւս 6 տարի, եւ Թության Հայկազը մի նոր հայցադիմում է ներկայացնում դատարան՝ դարձյալ նախկին կոոպերատիվի տարածքը սեփականաշնորհելու նպատակով: Այս անգամ նա փորձում է ապացուցել, որ ինքն է կառուցել այդ կոոպերատիվը եւ որպես «հիմնավորող» փաստեր՝ դատարան է բերում ինչ-որ շինանյութերի գնման կտրոններ, ինչպես նաեւ հրավիրում է վկաների, ովքեր պետք է ցուցմունք տան, որ Թությանն է իրենց վարձել որպես վարպետներ: Իսկ Կլարա Ավանեսյանն ունի հարեւանների՝ հակառակն ապացուցող գրությունները:

Ապրիլի 1-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանում սույն վեճը հերթական անգամ կդառնա քննության առարկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել