Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում հաշվառվածներն ավելանում են

Ապրիլ 11,2009 00:00

Նախապատրաստվում ենք Երեւանի ավագանու ընտրություններին

Որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններն առանց զանգվածային կեղծիքների չեն անցնելու՝ հասկանալի ու պարզ է թեկուզ նրանից, որ արդեն իսկ երեւանցի ընտրողների անձնագրային, հեռախոսահամարի ու ընտրատեղամասի մասին տվյալներ ու ստորագրություններ են հավաքվում: Թե ի՞նչ պետք է արվի այդ ցուցակների հետ, իհարկե, ենթադրություններ կային. այդ տվյալների հիման վրա կազմվելու են «լրացուցիչ» կոչվող ընտրացուցակներ, որոնցում եղած «լժե» ընտրողների թիվը հետո կհամապատասխանեցվի «կարուսելի» կամ լցոնման արդյունքում, օրինակ՝ ՀՀԿ-ին «կողմ» քվեարկածների թվի հետ: Բայց խնդիրն այն է, որ, ինչպես ՀԱԿ-ում էին կանխատեսել, իշխանությունները պիտի լայնամասշտաբ կեղծիքների գնան՝ իրենց համար ցանկալի թեկնածուի անցողիկությունն ապահովելու համար: Իսկ դրա համար նախ՝ պետք է ընտրացուցակներում ավելացվի ընտրողների քանակը, ինչին եւ, ենթադրաբար, առաջիկա օրերին լծված կլինեն հայրենի իշխանությունները:

Հայ ազգային կոնգրեսում արդեն այս պահին տվյալներ ունեն, որ փետրվարի 19-ի նախագահի ընտրությունների համեմատ մայիսի 31-ին Երեւանում ընտրացուցակներում 8000 մարդ ավելի է ընդգրկված: ՀԱԿ-ն արդեն դիմել է ԿԸՀ-ին եւ պահանջել իրենց տրամադրել մայիսի 31-ի ընտրություններին մասնակցողների պաշտոնական ցուցակը: Ու մինչ Կոնգրեսում հույս ունեն, թե կկարողանան այդ ցուցակը ճշտել ու հետեւել «հավելագրումներին»՝ հասկանալու համար, թե ինչ մասշտաբի ընտրակեղծիքների են պատրաստվում իշխանությունները, ԿԸՀ-ում, «ԳԽ-96. պատգամավորական ակումբի» նախագահ Ռուբեն Թորոսյանի համոզմամբ, այդ ուղղությամբ արդեն սկսել են գործնական քայլեր անել:

Այսպես, երեկ ԿԸՀ-ն հերթական նիստ էր գումարել՝ պաշտոնական պարզաբանումներ տալու համար ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածի 4-րդ կետի եւ 138.4-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, ինչպես նաեւ 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով: Ի դեպ, պարզաբանման համար ԿԸՀ-ին դիմել էր հենց Ռուբեն Թորոսյանը: Առաջին երկու հոդվածները վերաբերում են քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքին: ԿԸՀ կողմից ներկայացված բոլոր պարզաբանումներում հղումներ էին արվել օրենսգրքի 2-րդ հոդվածին, որով սահմանվում է քաղաքացիների ընտրական իրավունքը՝ «1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաեւ համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով ՀՀ քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող՝ ընտրական իրավունքով օժտված անձանց վրա»: Նկատի ունենալով ՏԻՄ նախորդ ընտրությունների փորձը՝ խոսքն այս դեպքում, ըստ ամենայնի, փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է:

Ռ. Թորոսյանը երեկ ԿԸՀ-ում փորձել էր, բացի գրավոր պարզաբանումից, նաեւ հավելյալ պարզաբանում ստանալ ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանից, թե՝ հիմա, գործող օրենքով ո՞վ իրավունք ունի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Ի պատասխան՝ Գ. Ազարյանը ասել էր. «Երեւան քաղաքում մինչեւ մայիսի 30-ը հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել ընտրությանն ու քվեարկել»: Ռ. Թորոսյանը սրանից եզրակացրեց: Այն է՝ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մայիսի 28-ին դուրս գալ գրանցումից, գալ ընտրական տեղամաս, ասել՝ ես հաշվառում չունեցող մարդ եմ, խնդրում եմ ինձ ներառել ընտրացուցակում: Այսինքն՝ մեկ տարվա հաշվառման մասին դրույթը շրջանցվեց: Հենց դրա համար է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետում գրել են՝ «հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ հայտ կարող են ներկայացնել համայնքի ղեկավարին՝ քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ»: ԿԸՀ-ն հենվել է ԸՕ-ի հատուկ մասի հոդված 138.4-ի՝ «Ընտրելու իրավունքը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ», 1-ին կետի վրա՝ «Երեւանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք», որտեղ մեկ տարի հաշվառում ունենալու պարտադրանք չկա: Ռ. Թորոսյանի կարծիքով, այդ հոդվածը հենց այդ մասով էլ հակասում է նույն օրենսգրքի 2-րդ եւ վերը նշված հոդվածին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, օրենքների հատուկ մասերի եւ ընդհանուր մասերի միջեւ հակասության դեպքում գործում է ընդհանուր մասի դրույթը, ասել է թե՝ ԸՕ 2-րդ հոդվածը, որով 1 տարվա հաշվառում ունենալը առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավունքի տեսանկյունից պարտադիր է: Իսկ ԿԸՀ-ում պնդել են, թե ոչ մի հակասություն էլ չկա: «Այդպիսի գրանցումներ (նկատի ունի Երեւանում հաշվառվելու եւ ընտրացուցակներում ընդգրկվելու- Ն. Մ.) արդեն իսկ սկսվել են»,- ասաց Ռ. Թորոսյանը: Այդ կետի օրինականությունը երեկ դատարանում վիճարկել են ԿԸՀ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Հայցը, բնականաբար, մերժվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել