Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի մսից խուսափում են

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"Արդեն մեկ շաբաթ է, ինչ մարդիկ հրաժարվում են շուկաներից խոզի միս գնել: Պատճառն այն չէ, որ խոզի միս չկա, կամ այն շատ թանկ է, պարզապես մարդիկ խուճապի մեջ են եւ կարծում են, որ միսը կարող է վարակված լինել: Այս մասին գրում է «Ա1+»-ը: Մսավաճառ Համլետը լրագրողին պատմել է, որ նախորդ շաբաթվանից Արամուսի իր գործընկերներին խոզի միս չի պատվիրում. «Անցած շաբաթվա պաշարը ընտանիքիս ու բարեկամներիս հետ եմ սպառել: Բոլորը անտեղի խուճապի են մատնված, մտածում են, որ խոզերը կարող են վարակված լինել ու իրենք էլ դրանից կվարակվեն»:

Մսավաճառ Կարենի հավաստմամբ էլ, խոզի մսի վաճառքը բավականին նվազել է. «Սկզբում մարդիկ այնքան էլ ուշադրություն չէին դարձնում, բայց երբ արդեն հասարակությունը տեղեկացվեց, սկսեցին միայն տավարի միս առնել: Միայն իմ հիմնական հաճախորդներն են խոզի միս գնում, քանի որ համոզված են, որ ինձ մոտ միսը միայն տեղական է»: Աղբյուրի տեղեկացմամբ, իրենց կողմից արված հարցումից պարզվել է, որ նվազել է նաեւ երշիկի եւ խոզապուխտի պահանջարկը: «Որքան եղանակները տաքանում են, այնքան մարդիկ սկսում են բանջարեղեն եւ այլ սննդամթերք գնել ու ապխտած սննդամթերքը դառնում է երկրորդական: Շատերը վախենում են, որ այդ մթերքները եւս խոզի գրիպի հարուցիչ կարող են ունենալ»,- ասել է վաճառողուհիներից մեկը: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից արգելվել է բոլոր տեսակի կենդանական ծագման մթերքների ներկրումը՝ Մեքսիկայից, իսկ Ամերիկայից, Անգլիայից եւ այլ երկրներից, որտեղ արձանագրվել է այդ հիվանդությունը, արգելվել է խոզի եւ խոզամթերքի ներկրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել