Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի «ճապոնական» քայլը

Մայիս 28,2009 00:00

\"\"Մի խումբ երիտասարդներ կբեմադրեն Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործությունը

Մի խումբ ուսանողներ՝ «Նոր քայլ» կոչվող ստեղծագործական խմբով, հետաքրքիր թատերական նախագիծ են հղացել, որը պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել հունիսի սկզբին: «Նոր քայլի» գլխավոր պրոդյուսեր, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի արվեստի կառավարում ֆակուլտետի ուսանող Սերժ Սանոյանը «Առավոտին» պատմեց, որ նախագծային աշխատանքները սկսվել են դեռեւս 2008-ի օգոստոսին: Նախագծի հեղինակն է Գուժ Թադեւոսյանը, որը նույն բուհի ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանող է, իսկ ստեղծագործական խմբում ներգրավված ուսանողներն աշխատում են տարբեր թատրոններում ու միջազգային կազմակերպություններում:

«Նոր քայլը» Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կներկայացնի ճապոնական գրականության դասական, Ճապոնիայի գրական բարձրագույն մրցանակի անվանակիր Ռյունոսկե Ակուտագավայի «Թավուտում» ստեղծագործության բեմականացումը, ինչի առիթով Երեւան կժամանեն հյուրեր Ճապոնիայից եւ Ռուսաստանից:

Սերժը հավաստիացրեց, որ ներկայացումը յուրօրինակ է, լուսային հետաքրքիր լուծումներով, մնջախաղի ու ստվերային պատկերների համադրությամբ եւ այլ նոր մոտեցումներով:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հատկապես այդ ստեղծագործությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենք մեծ հետաքրքրություն ունեն ճապոնական արվեստի հանդեպ եւ ցավում են, որ այն հավուր պատշաճի չի ներկայացված Հայաստանում: «Ճապոնական մշակույթը ուշագրավ է՝ սկսած թեյ խմելու արարողությունից, հետաքրքիր ու անծայրածիր… Որոշ նմանություններ էլ կան հայկականի հետ»,- կարծում է Սերժը: Նա հավելեց, որ իրենք ակտիվ համագործակցում են Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ, ում սաները նույնպես ներգրավված են ներկայացման մեջ, մասնագիտական խորհուրդներով երիտասարդներին աջակցում են «Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Վերջինս նաեւ անշահախնդիր տրամադրել է փորձասենյակն ու բեմը: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ուսանողների համար մատչելի է դարձրել պատկերասրահի ճապոնական «հատվածը», իսկ ճանաչված երգիծանկարիչ Տոտոն կամ Սուքիաս Թորոսյանը, որը հայտնի է նաեւ որպես «Մադամ Բաթերֆլայի» բեմադրող ռեժիսոր, ուսանողներին աջակցում է հագուստների եւ բեմանկարչական «մասով»:

«Նոր քայլի» ստեղծագործական խումբը Հայաստանում հաջողություն ունենալուց հետո՝ մտադիր է մի պրեմիերա էլ Մոսկվայում կայացնել: «Մեր նպատակն է հանրահայտ գրական ստեղծագործությունը նախ հայ հասարակությանը ներկայացնել սեփական ընկալումների համակարգում՝ ցույց տալով համամարդկային գաղափարների արդիականությունը: Բայց դա չի նշանակում, թե նույնությամբ արտատպելու ենք ճապոնական արվեստը՝ հայկական բեմում»,- ասում է Սերժ Սանոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել