Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հունիս 01,2009 00:00

Ցուցահանդես՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առիթով մայիսի 29-ից Մոսկվայի տան մշակութագործարարական կենտրոնում բացվել էր «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր այցելու, անկախ տարիքից, տոնական մթնոլորտի շնորհիվ հայտնվում էր մանկության աշխարհում:

«Այս ցուցահանդեսն առաջին քայլն է երեխաների եւ դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Նպատակը՝ տվյալ ոլորտի զարգացումն է, բարձրակարգ արտադրողների եւ մասնագետների ներգրավումը, երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ Ադելինա Քոչարյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են երեխաների համար նախատեսված հագուստ, կոշկեղեն, սպիտակեղեն, կահույք՝ տան, մանկապարտեզների եւ կրթօջախների համար, խաղալիքներ, կոնստրուկտորներ, ատրակցիոններ, ճոճանակներ, մանկական սնունդ նորածինների, հղի կանանց եւ կերակրող մայրերի համար, ինչպես նաեւ զարգացնող եւ ուսուցանող ձեռնարկներ ու խաղեր, կենտրոններ եւ սրահներ, եւ այլն: Մասնակիցներն են արտադրողներ, մանկական ապրանքներ եւ ծառայություններ ներկրող, ինչպես նաեւ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

«Բացի ցուցադրվող տաղավարներից, ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում են ֆոտոմրցույթ՝ «Ժպտերեսիկ», նկարչական մրցույթ՝ «Փոքրիկ նկարիչ», քանդակի մրցույթ՝ «Փոքրիկ քանդակ», մրցույթ «Լեգո» ֆիրմայի մասնակցությամբ՝ «Ես կառուցում եմ աշխարհ», «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հետ համատեղ մանկական հագուստի ցուցադրում եւ այլն: Այսինքն՝ «Մանկության աշխարհ EXPO 2009» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում ամեն ինչ արվում է՝ երեխաներին հետաքրքիր օր պարգեւելու համար»:

«Դանեսիր» ՍՊԸ-ի փոխտնօրեն, «Միր դետստվա» ապրանքանիշի տաղավարի ներկայացուցիչ Ադայի խոսքով, երեխաների համար կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելը հաճելի է. «Հասկանում ես, որ մի օգտակար բան ես անում: Մեր ապրանքանիշը նորածին երեխաների, ապագա մայրերի համար էլ հետաքրքիր է»: Իսկ թե ինչ հարցերով են ապագա մայրերը դիմում տաղավարին մոտենալիս, մեր զրուցակիցն ասաց. «Առաջին հարցը ապրանքների օգտակարությունն է եւ գինը: Մեր մայրերը գնին մեծ ուշադրություն են դարձնում, ինչը, իմ կարծիքով, սխալ է: Նախ պետք է ուշադրություն դարձնել ապրանքի էկոլոգիապես մաքուր լինելուն: Եվ եթե մի քիչ թանկ է, ապա դա հօգուտ իրենց երեխաների է»:

Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ չորս մանկատուն Հայաստանի տարբեր մարզերից: «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տաղավարի ներկայացուցիչ, կենտրոնի սոցիալական աշխատող Հռիփսիմե Հակոբյանի խոսքով՝ կենտրոնը ցուցահանդեսին մասնակցում է երկրորդ անգամ. «Սոցիալական, հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների համար նման ցուցահանդեսին իրենց ձեռքի աշխատանքներով ներկայանալը մեծ ուրախություն է: Նրանք երեւալու խնդիր ունեն, նրանց հաճելի է, երբ գնահատում են իրենց աշխատանքները: Գյումրեցի երեխայի համար նմանօրինակ ցուցահանդեսին մասնակցելը շատ կարեւոր է: Ցուցահանդեսից նրանց կմնան տպավորություններ, ինչն իրենց համար մեծ նշանակություն ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել