Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԿԱՆԱՅՔ ԽԱՄՐՈՒՄ ԵՆ, ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԻՄԱՐԱՆՈՒՄ»

Հուլիս 01,2009 00:00

Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հերթական բեմադրությունը

\"\"
Թատրոնի տնօրեն Ֆ. Դավթյանը՝ թատրոնի տնօրենի դերում:

Թատերաշրջանի ավարտին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պետք է հանդիսատեսի դատին հանձներ միանգամից երկու ներկայացում: Ներկայացումներից մեկը ձախողվել է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի խոսքերով, ըստ Գաբրիել Առուի ստեղծագործությամբ արված «Լաուրա եւ Ժակի» ներկայացումը, որը պետք է հանձնվեր մոտ մեկ ամիս առաջ, չի ներկայացվել հանդիսատեսի դատին: Պատճառը՝ ռեժիսոր Դավիթ Բարխուդարյանի անավարտ լուծումներով ներկայացված աշխատանքն է:

Հունիսի 25-ին թատերասեր հանրությունը վայելեց խոստացված ներկայացումներից «Օ, մադամ, օ, միսյե» կատակերգությունը: Պիեսի հեղինակն ու ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն է: Երկմասանի պիեսը գրվել է մոտ երկու տարի առաջ: Առաջին մասում կանայք խոսում են տղամարդկանց մասին, երկրորդում՝ հակառակը: Ներկայացման առանցքում չեխովյան խոսքերն են՝ կինը առանց տղամարդու խամրում է, տղամարդիկ առանց կնոջ դառնում են հիմար: Պիեսը գրված է Ա. Չեխովի տարբեր պատմվածքների, օրագրերի ու նամակների հիման վրա: Այն թարգմանվել է նաեւ հայերեն, ներկայացվել տարբեր թատրոններ, բայց ինչ-ինչ պատճառներով, ինչպես նշում է Վ. Ստեփանյանը, այդպես էլ բեմ չի բարձրացել: Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը պիեսը ընթերցելուց հետո արագ արձագանքել է եւ իր համաձայնությունն է տվել բեմադրելու: «Ա. Գրիգորյանը հավատաց ու վստահեց, իսկ դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր գործ պետք է հավատով սկսել ու այն հաջող ավարտ կունենա: Ա. Գրիգորյանի առաջարկությամբ ներկայացման մեջ ներգրավվեցին թատերական ինստիտուտի շրջանավարտներ, դերասաններ, ովքեր առաջին բեմական քայլերն են անում: Եվ այն բեռը, որը դրվեց նրանց ուսերին՝ բավականին ծանր էր: Տքնաջան աշխատանքի շնորհիվ երիտասարդները պատվով դուրս եկան, խոսքս՝ դերասաններ Լուսինե Ղազարյանի (Զիզի, Գլաշա) եւ Մանվել Խաչատրյանի (Գրիշկա, Սերգեյ Լիվանով) մասին է: Հաճելի էր նաեւ աշխատել թատրոնի երիտասարդ դերասաններ Նառա Թումասյանի (Միմի, Կատկա) եւ Յուրի Իգիթխանյանի (Նիլով, Դմիտրի Կոկին) հետ: Ի դեպ, Յուրան իմ սիրելի դերասանն է, եւ զբաղված է իմ բեմադրած գրեթե բոլոր ներկայացումներում»,- ասում է Վ. Ստեփանյանը:

Բեմադրիչը հայտնեց նաեւ, որ առողջական խնդիրների պատճառով փորձերից ազատվել էր գլխավոր դերակատարներից մեկը (խոսքը թատրոնի դերասանուհի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանի մասին է,- Վ. Մ.) եւ ներկայացման մեջ շատ արագ ներմուծվել Վերոնիկա Սարոյանը (Մադամ Սելյոդկինա, Դունյա), ով մեկ անգամ եւս փաստեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը եւ պատասխանատվության զգացումը: Փորձերի ընթացքում, բացի հիմնական գործող հերոսներից, մի հերոս էլ է ծնվել՝ թատրոնի տնօրենի կերպարը: «Մենք հանդիսատեսին առաջարկում ենք դիտել թատրոն՝ թատրոնում: Պարբերաբար հալումաշ եղած դաշնամուրի ետեւից հայտնվում է թատրոնի տնօրենը, իր զանազան ռեպլիկներով զրուցում հանդիսատեսի հետ: Ի դեպ, ներկայացման մեջ տնօրենին մարմնավորում է ռուսական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանը: Նա հրաշալի դերասան է, պրոֆեսիոնալ»,- ասում Վ. Ստեփանյանը:

Ա. Գրիգորյանն էլ ավելացրեց, որ թատրոնը հատուկ չի փորձում հանդիսատեսին զարմացնել ռեժիսորական հնարքներով. «Ռուսական թատրոնը, սովորաբար, շեշտը դնում է դերասանի վարպետության վրա ու նոր կերպարի բացահայտման: Իսկ այս ներկայացումը այն դեպքերից է, որ դերասանին տալիս է հնարավորություն ստեղծելու գունեղ կերպարներ: Ներկայացման 1-ին եւ 2-րդ մասերի հերոսները տարբեր են, բայց դերասանները՝ նույնը»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ իր սովորությանը համաձայն, չցանկացավ որեւէ գնահատական տալ կատարված աշխատանքին, միայն ասաց, որ արդյունքներից գոհ է: Ըստ ծափահարությունների, հանդիսատեսն էլ կարծես գոհ էր, ամեն դեպքում դահլիճը լքողներ չգրանցվեցին… Ուրախ տրամադրություն էր ստեղծում ճաշակով ընտրված երաժշտությունը (Մարտին Վարդազարյան), աշխույժ պոլկան (պարերը՝ Նունե Կիրակոսյանի) եւ, անշուշտ, բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի ձեռագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել