Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային ծանոթության դառը հաբերը

Հուլիս 02,2009 00:00

Մայրաքաղաքի դատարաններից մեկում երեկ մերժվեց քաղաքացի Արտեմ Միսկարյանի (հերոսների անուն-ազգանունները փոխված են) հայցը: Նա դատի էր տվել իր կնոջը՝ Սիրվարդ Խաչատրյանին, որի հետ հասցրել էր ապրել ընդամենը 12 ամիս: Վերջինս ունի 3 ամսական երեխա: Հայրը ցանկանում է տեսնել երեխային, սակայն նրան թույլ չեն տալիս:

Արտեմ Միսկարյանը Սիրվարդի հետ ծանոթացել է ինտերնետով: Համակարգչային բացատրության ժամանակ Սիրվարդն ասել է, որ Արտեմն իր երազած տղամարդն է, իր ճակատագիրը: Համակարգիչը նաեւ «հուշել» էր, որ նրանք երկու երեխա են ունենալու՝ տղա եւ աղջիկ:

Պայմանավորվել են առանց համակարգչի հանդիպել իրար հետ ու… ամուսնանալ: Այդպես էլ լինում է:

Ամուսնությունից հետո, սակայն, սկսվեց բարդ իրավիճակ: «Նա փակվում էր ննջարանում, հաճախ արտասվում էր: Երբ փորձում էինք իմանալ պատճառը, ինչ-որ բանով օգնել, ասում էր՝ դա մեզ հետ կապ չունի, իր պրոբլեմն ինքն է: Մեծ մասամբ սնվում էր ննջասենյակում: Միակ հաճելի զբաղմունքը ժամերով համակարգչի մոտ նստելն էր ու հեռախոսով զրուցելը: Մեր ընտանիքում ուրախության առիթները դարձան սովորական հացկերույթ, նույնիսկ Ամանորը, հաճախ հարամված լարվածությամբ: Մենք դա վերագրում էինք Սիրվարդի հղիությանը՝ համարելով դա անցողիկ երեւույթ», հայցադիմումում գրել էր 42-ամյա դասախոս Արտեմ Միսկարյանը: Դստեր ծննդից հետո Սիրվարդը նույն վարքն է դրսեւորում: Ըստ հայցվորի, նրա մի ձեռքին համակարգչի մկնիկն էր, մյուս ձեռքին՝ նորածնի կաթի շիշը:

«Գնալով Սիրվարդը դարձավ ավելի թախծոտ, շատ հաճախ նա բարձրաձայնում էր, որ մեր տան պատերի մեջ ինքն այլեւս ապրել չի կարող»,- շարունակում է մեր պատմության հերոսը:

Մի «խաղաղ» երեկո Արտեմը տուն է գալիս ու տեսնում՝ կինը չկա: Երեխային վերցնելով նա հեռացել էր հայրական տուն: Սիրվարդը համակարգչով տեղեկացնում է, որ Արտեմի հետ այլեւս ապրել չի կարող. «Նույնիսկ ուղարկեց SMS հաղորդագրություն, որ իրեն ներեմ»:

Արտեմի փորձերը՝ հանդիպել իր սպասված երեխային, պսակվում են անհաջողությամբ: Նա դիմում է դատարան, որպեսզի ամուսնալուծվի եւ տեսնի իր երեխային: Հակընդդեմ հայց է ներկայացնում ինտերնետային հարսնացուն՝ Սիրվարդը, որը պահանջում է օժիտը:

«Պատասխանողը կստանա իր «օժիտը», եթե փոխհատուցի այն ավելորդ ծախսերի դիմաց, որը կատարել եմ իր պատճառով՝ հարսանիք, ծնունդ: Չէ՞ որ նա ինքն է հեռացել տնից, որպես օժիտի մաս տանելով մեր երեխային, այժմ էլ անամոթաբար պահանջելով նրա նկարները», նշում է Արտեմ Միսկարյանը:

Հայրը խնդրել էր իրեն ճանաչել երեխայի խնամակալը, դատարանին տեղեկացնելով, որ ունի բնակարան, ջեռուցում, որ աշխատում է ազատ գրաֆիկով եւ կարող է զբաղվել իր երեխայի դաստիարակությամբ. «Ես 42 տարեկան եմ, շատ երկար եմ սպասել երեխայի, ուշ եմ ամուսնացել, պատրաստ եմ անմնացորդ նվիրվել նրա լիարժեք դաստիարակությանն ու նյութական բարեկեցությանը: Անկախ մեր հարաբերություններից, երեխան պետք է ստանա եւ մայրական, եւ հայրական խնամք»: Սակայն դատարանը չճանաչեց Արտեմին երեխայի խնամակալ եւ պայման դրեց, որ հայրը կարող է երեխային տեսնել միայն աներոջ տանը: Ի դեպ, վճռի հրապարակման օրը Սիրվարդը դատարան չէր ներկայացել եւ նրա վճիռն ուղարկվեց…համակարգչով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել