Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգե՛ք, սիրե՛ք, պահանջե՛ք

Հուլիս 02,2009 00:00

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր իսկ նախաձեռնությամբ, հանդիպեց «Առավոտի» հունիսի 23-ի համարում իրեն եւ երկրի նախագահին ու վարչապետին հասցեագրված բաց նամակի հեղինակ ուսուցիչների խմբի հետ: Մարտականորեն տրամադրված հայոց լեզվի եւ գրականության մոտ երեսուն ուսուցչուհիները նախ շնորհավորեցին պարոն Աշոտյանին՝ այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ ներկայացրեցին իրենց ակնկալիքները նորանշանակ նախարարից: Դրանք բազմաթիվ էին, սակայն հանգում էին մի ընդհանուր խնդրանք-պահանջի՝ տեր կանգնել դպրոցին, հարգել ուսուցչին եւ սիրել աշակերտներին: Նախարարը պահանջն ընդունեց պայմանով, որ փոխարենը շատ են պահանջելու նաեւ դպրոցներից: Այս փոխադարձ պահանջին ուսուցչուհիները դեմ չէին: Ըստ վերջիններիս՝ իրենք հավատում են երիտասարդ նախարարին նաեւ այն պատճառով, որ նա արձագանքել է իրենց բաց նամակին: Դեռ 2007-ին, երբ առաջին անգամ հայոց լեզուն թեստերի միջոցով քննվեց, նրանք «Առավոտում» նույնպիսի բաց նամակով դիմել էին ոլորտի պատասխանատուներին՝ իրենց մտահոգությունները հայտնելով թեստերի բովանդակության կապակցությամբ, սակայն այն ժամանակ որեւէ արձագանք չէր հետեւել: Իսկ երեկվա հանդիպումը նրանք խիստ կարեւորեցին: Ինչպես պարզվեց քննարկման ընթացքում, ուսուցչուհիներն արդեն քիչ թե շատ հաշտվել էին թեստերի բովանդակության հետ, սակայն նրանց վիրավորել էին ԿԳՆ տարբեր պաշտոնյաների, ինչպես նաեւ թեստերի հեղինակների՝ հեռուստաեթերում եւ մամուլում հնչեցրած վիրավորական արտահայտությունները իրենց եւ դպրոցի հասցեին: «Մենք վրդովված ենք, որ անընդհատ վարկաբեկվում է դպրոցը, մենք օրնիբուն աշխատում ենք, նվիրված ենք մեր սաներին, սակայն նման արտահայտություններով ոլորտի պատասխանատուները վարկաբեկում են մեզ եւ դպրոցն ընդհանրապես, փոխանակ մեր կողքին լինելու եւ օգնելու»,- այսպես էին ձեւակերպում իրենց պահանջը բազմավաստակ ուսուցչուհիները:

Նախարարը հենց սկզբից շեշտեց, որ ինքը գոհ է թեստերից, գոհ է այն բանից, որ թեստերը բարդացվել են, քանի որ ժամանակն է, որ տարանջատվեն լավ, միջին, վատ ու ամենավատ գիտելիքներով դիմորդները, սակայն ընդունում է, որ թեստերն անթերի չէին, եւ կան քննարկման արժանի խնդիրներ, ու նաեւ այդ պատճառով է ինքը հրավիրել ուսուցչուհիներին, որոնցից ակնկալում է կոնկրետ առաջարկներ, որպեսզի հաջորդ տարի հնարավորինս քիչ պրոբլեմներ լինեն եւ հետեւաբար՝ քիչ աղմուկ: Ըստ նրա՝ շատ հաճելի է, գուցե, երբ բոլորը համատարած 18-20 են ստանում, բայց չափազանց հեշտ թեստերի արդյունքում ստացած այդ բարձր գնահատականները քիչ արժեք ունեն:

Նախարարը նաեւ նկատել տվեց, որ հասկանում է ուսուցչուհիների այս զայրույթի իրական պատճառը՝ նրանց պարապած երեխաները ցածր բալեր են հավաքել, եւ նրանք պետք է որեւէ «քավության նոխազ» գտնեին: Թիրախն էլ ԿԳՆ-ն է դառնում եւ թեստերի հեղինակները: «Մենք չենք ուզում անձնավորել եւ առավել եւս՝ նպատակ չունենք թեստերի հեղինակ դառնալ, ինչպես իր հոդվածում («Առավոտ», 1-ը հուլիսի) հեգնում է Սեյրան Գրիգորյանը: Մենք պահանջում ենք միայն, որ չանտեսվի, չվարկաբեկվի եւ չծաղրվի մեր՝ տարիների աշխատանքը»,- նշեցին ուսուցչուհիները: Նախարարն ընդհանուր առմամբ համաձայն էր նրանց հետ, որ աշխատելու բան դեռ շատ կա: «Միայն թեստը բարդացնելով՝ դպրոցի խնդիրը չի լուծվի. այդպես դպրոցն ընդամենն ուղղորդվում է դեպի քննությունները»,- ասացին մասնագետները։ Հանդիպման մասնակիցները միակարծիք էին նաեւ այն հարցում, որ անհրաժեշտ է ստեղծել առաջադրանքների բանկ՝ քննական անցանկալի անակնկալներից խուսափելու համար։ Նախարարը դպրոցի ուսուցիչներին նաեւ վստահեցրեց, որ թեստերի մշակման ու առաջադրանքների բանկի ստեղծման գործում կընդգրկվեն ուսուցիչներ։

Ա. Աշոտյանը մասնագետներին հորդորեց բոլոր իրենց առաջարկները ներկայացնել գրավոր՝ խոստանալով անձամբ ծանոթանալ դրանց ու համակարգի հետագա բարելավման ժամանակ դրանց մի մասը կյանքի կոչել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել