Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ ձանձրալի ներկայացում

Դեկտեմբեր 18,2009 00:00

Բայց՝ ռեժիսորական դեբյուտ ռուսական թատրոնի բեմում

Տարեվերջին ռուսական դրամատիկական թատրոնը թատերասեր հանրության դատին հանձնեց ուկրաինացի դրամատուրգ Ալեքսանդր Մարդանի «Մկներ-կատուներ» պիեսը: Ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին: Ռուսական թատրոնի խաղացանկում այն ներկայացված է «Վեճ առանց ընդմիջման» վերնագրով: Պիեսը Ռուսաստանում մի քանի անգամ բեմադրվել է: «Եթե հիշողությունս չի դավաճանում՝ այս տարվա մարտ ամիսն էր, երբ Ա. Մարդանը առաջարկեց ինձ բեմադրել իր գործը: Ինձ դուր եկավ այն, բայց ժամանակի սղության պատճառով ինքս չբեմադրեցի, այլ վստահեցի թատրոնի երիտասարդ դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժնի 4-րդ կուրսի ուսանող Երվանդ Ենգիբարյանին»,- ասում է ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Նորաթուխ ռեժիսորը Ա. Մարդանի պարզունակ, կանխատեսելի գրական հենքին փորձել էր հաղորդել հոգեբանական դրամայի տարրեր, ինչը հաջողվել էր:
Ըստ սյուժեի, հայտնի դերասանուհու տուն գալիս է մերսող, որն իրականում լրագրողուհի էր՝ դեղին մամուլի ներկայացուցիչ: Վերջինս ամեն գնով փորձում է սենսացիոն մանրամասներ կորզել տանտիրուհու անձնական կյանքի մասին: Անսպասելիորեն մերսող-լրագրողի ձեռքից վայր է ընկնում թաքցրած ձայնագրիչը, եւ նա ստիպված է լինում տանտիրուհուն ասել իր ով լինելը: Բայց լրագրողուհու հավաքած փաստերի հիման վրա դերասանուհու քույրը պարզում է իր ամուսնու եւ քրոջ սիրային կապը, սակայն նա չի պատրաստվում վրեժխնդիր լինել: «Մարդ պետք է կարողանա ներել իր հարազատին: Սա է պիեսի հիմնական գաղափարախոսությունը: Սա պատմություն է կանանց մասին: Որքան էլ մենք՝ տղամարդիկս, ասենք, որ լավ ենք ճանաչում կանանց, սխալ դուրս կգանք… Ինչպես ցույց է տալիս փորձը եւ, իհարկե, պիեսի անսպասելի ավարտը, կանայք անկանխատեսելի են»,- ասում է Ե. Ենգիբարյանը:
Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարը ընդհանուր առմամբ գոհ է երիտասարդ ռեժիսորի աշխատանքից, նա բավականին լուրջ է մոտեցել գործին, Ա. Գրիգորյանի խոսքերով՝ նրան օգնել է իր դերասանական ինքնատիպ մտածելակերպն ու ինտուիցիան: Ա. Գրիգորյանին գոհացրել էր նաեւ դերասանական խաղը: Նրա շեշտեց, որ համոզիչ ու անսպասելի էին Իրա Հարությունյանի (Տանտիրուհի), Թեհմինե Խաչատրյանի (Թամարա), Էլիտա Սանակոյեվայի (լրագրողուհի Ելենա) կերպարները: Ներկայացման բացերի մասին Ա. Գրիգորյանը չցանկացավ խոսել, հավանաբար երիտասարդ ռեժիսորին «չկոտրելու» նպատակով:
Ասաց, որ, բնականաբար, թերություններ կան, բայց աննշան են, ժամանակի հետ կշտկվեն: Փաստենք, որ ներկայացումը տեղ-տեղ մի քիչ ձանձրալի էր, կերպարները, բացառությամբ Ի. Հարությունյանի հերոսի, փոքր-ինչ միօրինակ, կար նաեւ երաժշտական ձեւավորման պակաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել