Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԻԾԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՇԱԼՎԱՐ ԻՋԵՑՆԵԼ»

Ապրիլ 02,2010 00:00

Երգիծանկարիչ Տոտոյի կարծիքով՝ առողջ հումոր ունենալու համար առողջ հասարակություն է պետք

«Երգիծանկարչությունը նման է պարանի վրա քայլելուն, պետք է կարողանաս ճիշտ աճպարարություն անել, այլապես մի քայլ այս կամ այն կողմ՝ կընկնես, շատ հեշտ է մարդուն վիրավորել, նսեմացնել ու ստորացնել»,- այսում է Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանը՝ Տոտոն: Ըստ նրա՝ կարեւոր է, որ երգիծանքը չար չլինի, դրա համար իր աշխատանքներում ոչ թե ծաղրում, այլ՝ երգիծում է եւ իրեն համարում ոչ թե ծաղրանկարիչ, այլ՝ երգիծանկարիչ. «Պետք է կարողանաս ասելիքդ այնպես արտահայտել, որ այն օգնի, ոչ թե խանգարի»: Մեր զրուցակցի կարծիքով՝ հայերիս բացառիկ հատկություններից մեկն այն է, որ կարողանում ենք անկեղծ ու ճիշտ ծիծաղել, սակայն, ըստ Տոտոյի. «Այլ հարց է, թե ծիծաղելու ընթացքում ով ինչ ռեակցիա է տալիս… Սեղանի «քավորից» է շատ բան կախված: Ինչքան էլ ծիծաղելի ինչ-որ բան լինի, եթե «քավորը» վատ նայեց, ծիծաղը չի ընդունվի, կգնաս խոհանոցում թաքուն կծիծաղես»: Նրա խոսքով՝ առողջ հումորն ուղիղ համեմատական է առողջ հասարակություն ունենալուն: Ըստ մեր զրուցակցի՝ հայերին պակասում է համբերությունը. «Նաեւ դա է պատճառը, որ այսօր վիժվածքներ ենք տալիս: Մինչդեռ, օրինակ, անգլիացիների մոտ դեռ փոքր տարիքից է երեխաներին սովորեցվում, որ մի բանի հասնելու համար պետք է համբերություն ունենալ: Նրանք կարող են 1-2 ժամ պատմել պատմություն, իսկ մենք ուզում ենք անմիջապես ամեն ինչի վերջն իմանալ, դրա համար շատ անգամ նաեւ անեկդոտն ենք անհարկի կարճացնում: Միանգամից ուզում ենք ունենալ դեմոկրատիա, հարստանալ, սիրունանալ, բայց միանգամից ոչինչ չի լինում, չէ՞ որ գոյություն ունի 9 ամսական վիճակ: Արտասահմանցիները կարողացել են օր-օր, կաթիլ-կաթիլ կուտակել, հավաքել, դարձնել իրենցը: Պետք է 100 կամ 300 տարվա ծրագիր, մենք չունենք ու չգիտենք ուր ենք գնում: Հարստությանը կողմ եմ, բայց ոչ այսօրվա ալան – թալանի ձեւով, նույնը նաեւ հումորն է, եթե ուզում ես հասնել նպատակիդ, պարտադիր չէ, որ շալվարդ իջեցնես, որ բոլորը ծիծաղեն, դա չափազանց հեշտ ձեւ է»:

Տոտոյի կարծիքով՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք հայկական հումորի դաշտում, նաեւ հեռուստաեթերում, արվում է թռուցիկ ու «ռեկլամային» ձեւով. «Այն, ինչ որ տեսանք, ծիծաղեցինք, բայց ծիծաղելու բան չկար եւ հետք չթողեց: Տեսնում ես, թե ինչպես է մեկը մյուսին ուզում պատմել, թե ինչի վրա է ծիծաղում»: Տոտոյի բնութագրմամբ՝ դժվարը սեփականն ունենալն է, իսկ այն, ինչ ընդօրինակվում է, նմանակվում, չափազանց հեշտ է. «Կարող եմ, օրինակ, երկու օրում Ճապոնիայի հումորը ուսումնասիրել ու դառնալ ամենահրաշալի երգիծաբանը, երգիծանկարիչը: Տոլստոյը մի շատ լավ բան էր ասում՝ եթե ուզում ես գետի հակառակ ուղղությամբ լողալով հասնես ծառին կամ ափին, չպետք է նայես դիմացիդ ծառին կամ ափին, անհրաժեշտ է նայել ամենահեռուն… Մենք չունենք այդ հեռավոր ծառը, դրա համար էլ չենք հասնում դրան»: Մեր զրուցակցի համար նշանակություն չունի՝ կերպարը քաղաքական գործի՞չ է, արվեստաբա՞ն, թե՞ հավաքարար. «Իհարկե, քաղաքական գործիչների մեջ վատը շատացել է, բայց մենք միշտ մարդուն դասում ենք սեւի ու սպիտակի, սակայն չէ՞ որ գոյություն ունի նաեւ մոխրագույն, կապույտ եւ այլ գունային մեծ գամմա»: Հետաքրքրվեցինք՝ պատահե՞լ է, որ իր աշխատանքներից մարդիկ վիրավորված լինեն: Պատասխանեց. «Իմ աշխատանքներից ոչ միայն նեղացել են, նաեւ սպառնացել են, այնքան վրդովված են եղել, որ նույնիսկ մահափորձ են կատարել, ձեռները որ ընկնեի՝ նույն րոպեին կխեղդեին: Բայց հետո հասկացել են, եկել շնորհակալություն են հայտնել»: Նման մարդկանց երգիծանկարիչը խորհուրդ է տալիս նախքան «քաղաքական ռազբորկայի» գնալը, հաշվել մինչեւ տասը: Հավելենք, որ երեկ «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում եւ Հյուսիսային պողոտայում բացվել է երգիծանկարների ու երգիծաքանդակների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են նաեւ Տոտոյի աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել