Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՒՑԱՆԱԿ ԵՎ ԱՆՄԽԻԹԱՐ

Ապրիլ 29,2010 00:00

Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցը դուրս է մնացել բոլորի ուշադրությունից

Երեւան, Նուբարաշեն ավան, 6-րդ փողոց, հասցե 2. այստեղ է գտնվում Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցը: Սակայն ոչ կրթօջախի դարպասին, ոչ էլ շենքի ճակատային հատվածում փակցված որեւէ ցուցանակ չկա, որը կհավաստի շենքի՝ դպրոց լինելը: Վերջերս ԿԳՆ կրթության պետական տեսչության կատարած ստուգումները բացահայտել են, որ դպրոցի շենքը վերանորոգման խիստ կարիք ունի: «Առավոտի» տեսախցիկը եւս փաստեց անմխիթար վիճակը: Տնօրեն Ծովինար Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցի շենքը հիմնադրման օրվանից` 1962-ից չի նորոգվել, կատարվել են միայն կոսմետիկ նորոգման աշխատանքներ՝ դպրոցի միջոցներով:
Տեսչության ստուգումներից հետո դպրոցին նկատողություն էր տրվել այն բանի համար, որ կանոնադրության 23-րդ հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Դպրոց կարող են ընդունվել հակասոցիալական վարք ունեցող երեխաները` համաձայն նախարարության սահմանած ընդունելության կարգի»: 
Նկատողության պատճառն այն էր, որ հակասոցիալական վարք ունեցող երեխա տերմին գոյություն չունի: Այս մասին տնօրենն ասաց. «Առաջին հերթին ես ինքս՝ որպես տնօրեն, վիրավորված եմ այդ անունից, ի՞նչ է նշանակում հակասոցիալական վարքագիծ: Երկու տարվա քննարկումների ընթացքում  ոստիկանության, սոցապնախարարության, ԿԳՆ-ի մասնագետները չկարողացան հասկանալ՝ ինչ է նշանակում հակասոցիալական վարքագիծ: Կան երեխաներ, որոնք դուրս են մնացել հանրակրթությունից՝ վարքային շեղումներ դրսեւորելով, բայց երեխայի ճակատին գրել հակասոցիալական վարքագծով երեխա, չի կարելի»:
Պարզվում է, դպրոցի ճակատագիրը «մազից է կախված»: Տիկին Գեւորգյանն ասաց. «Մեր հին կանոնադրությունը մերժվել է, նորն էլ չունենք, անգամ կառավարման խորհուրդ չունենք, քանի որ այս դպրոցի կարիքը ղեկավարները չեն զգում: Դա ոչ թե ԿԳ նախարարի մակարդակով է, այլ ԿԳՆ միջին խավի չինովնիկների. նրանք փորձում են ապացուցել, որ մեր երկրում ավելի շատ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ կան, քան վարքային շեղումով: Այնինչ, ցանկացած հանրակրթական դպրոցի ճակատին էլ կարելի է գրել վարքային շեղումով երեխաների դպրոց, եթե վերցնենք այն չափորոշիչները, ինչ մեզ առաջարկում են: Բայց իրոք կան հանրակրթությունից  դուրս մնացած երեխաներ, եւ դպրոցը պիտի որակավորվի որպես հանրակրթությունից դուրս մնացած երեխաների դպրոց: Այսինքն՝ եթե երեխան տարբեր դրդապատճառներով հայտնվել է փողոցում, ուստի նրան պիտի ժամանակավորապես տեղափոխել մի դպրոց, որտեղ նրան հասցնեն կրթական չափորոշիչների նվազագույնի եւ վերադարձնեն իր դպրոց: Իսկ ցուցանակ չենք տեղադրել, որովհետեւ չգիտենք՝ ով ենք, ինչ կանոնադրությամբ ենք աշխատելու նոր ուստարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել