Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի» առաջին հաղթանակն ու «Միկայի» հերթական սայթաքումը

Հունիս 01,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրը նշանավորվեց ետնապահ «Շիրակի» առաջին հաղթանակով: Գյումրեցիները բարձրագույն խմբի 19-րդ առաջնության բոլոր 8 հանդիպումներում կրել էին պարտություններ՝ խփելով ընդամենը 4 ու բաց թողնելով 21 գնդակ: Թվում էր՝ «Շիրակը» անվերադարձ անդունդն է գլորվում, սակայն «Կիլիկիայի» հետ հանդիպումը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հույս ներարկեց թե երկրպագուներին, թե գյումրեցի ֆուտբոլիստներին:
Վարդան Բիչախչյանի սաները 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին, ընդ որում՝ «Կիլիկիան» հեղինակության գոլը կարողացավ խփել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին: Հետաքրքրական է, որ առաջին շրջանում այս թիմերի հանդիպումն ավարտվել էր «Կիլիկիայի» հաղթանակով՝ 3:1, որով էլ ավարտվեց նրա հաջողությունների կարճատեւ շարքը: Մնում է հուսալ տվյալ դեպքում, որ այս հաղթանակը «Շիրակի» անհաջողությունների ավարտը կազդարարի: Հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատարն այսօր բախտի քմահաճույքին է տրված. թիմը լուրջ համալրում չի ստանում, մարզումների համար համապատասխան, բավարար պայմաններ չեն ապահովվում, «Շիրակը» մրցաշրջանին նախապատրաստվում էր տանը, այն էլ՝ միայն եղանակային բարենպաստ պայմանների պարագայում, հակառակ դեպքում կիսավեր դահլիճներն էին հյուրընկալում գյումրեցի ֆուտբոլիստներին… Նույն պատկերը նաեւ այսօր է: Երկար կարելի է թվել «Շիրակի» խնդիրները, որոնց լուծմանը որեւէ տեսանելի ջանք չի գործադրվում: Այս պայմաններում ոչ թե 4:1 հաշվով հաղթանակը, այլ թիմի գոյությունն արդեն հրաշքի է հավասարազոր:
«Հրաշք» է հիշեցնում նաեւ վերջին տուրերում «Միկայի» խաղը: Աղյուսակի առաջատար «Փյունիկի» հետ սեփական հարկի տակ խաղը միկացիներն անցկացրին Արարատի «Այգ» մարզադաշտում: Չեմպիոնական ամբիցիաներ ունեցող «Միկային» հաղթանակն անհրաժեշտ էր՝ առաջատարի հետ միավորների տարբերությունը կրճատելու համար, սակայն, ինչպես եւ առաջին շրջանում, Արմեն Ադամյանի սաները կրկին զիջեցին 2 գնդակի տարբերությամբ: Սակայն եթե 2-րդ տուրում «Միկային» գոնե հաջողվել էր երկու անգամ գրավել չեմպիոնի դարպասը, 9-րդ տուրում պարտությունը չոր հաշվով էր: Ընդ որում, հանդիպման երկու գոլերը պաշտպաններն են խփել. նախ ինքնագոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը, ապա հաշիվը կրկնապատկեց Վահագն Մինասյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո, երբ տուգանային հրապարակում «Միկայի» ամբողջ ինը ֆուտբոլիստ կար: Այս պարտությունը «Միկայի» համար անընդմեջ երկրորդն էր, ավելին՝ Ադամյանի թիմը վերջին 3 հանդիպումներում չի կարողանում գրավել մրցակցի դարպասը: Փոխչեմպիոնի խաղային անկումը որեւէ տրամաբանական բացատրություն չունի: Գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի խոսքերով՝ մի շարք ֆուտբոլիստներ դեռեւս թիմում ամբողջովին չեն ռեալիզացվել, նրանք անընդհատ վնասվածքներ են ստանում, ուստի թիմին համալրում է անհրաժեշտ:
Նշենք նաեւ, որ ակումբում կատարված փոփոխությունները դեռեւս շարունակվում են: Օրեր առաջ աշխատանքից ազատվել է նաեւ մարզչական շտաբի անդամ, գլխավոր մարզչի օգնական Սամվել Սարգսյանը: Փոփոխությունները ֆուտբոլում կատարվում են արդյունքները բարելավելու նպատակով, սակայն փաստ է, որ «Միկայում» փոփոխությունների շարքին հաջորդել է անհաջողությունների շրջանը:
Այժմ «Միկային» ու «Փյունիկին» բաժանում է 7 միավոր եւ երեք հորիզոնական: Չեմպիոնին մրցաշարային աղյուսակում հաջորդում են հավասար միավորներ վաստակած «Բանանցը» եւ «Ուլիսը»: Երկու թիմերն էլ հերթական տուրում նվազագույն՝ 1:0, հաշվով հաղթանակ են տոնել համապատասխանաբար «Իմպուլսի» ու «Գանձասարի» նկատմամբ:
Արդեն հաջորդ տուրում Հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ու «Ուլիսը» դեմ առ դեմ կելնեն: Այդ խաղում կողմերից մեկի հաջողությունը ոչ միայն նրանց միջեւ միավորների տարբերությունը կհասցնի երկուսի, այլեւ կօգնի «Միկային»՝ կրճատել երրորդ տեղը զբաղեցնող թիմից չորս միավորի անջրպետը:
Հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել նաեւ աղյուսակի վերջնամասում. Իր ակտիվում 3 միավոր ունեցող «Շիրակը» Գյումրիում հյուրընկալելու է 6 միավոր վաստակած ու ճգնաժամ ապրող «Գանձասարին»: Նույնքան պաշար ունի նաեւ «Կիլիկիան»: Թեկուզ ցածրորակ, բայց պայքարը թեժանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930