Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատերիա եւ ոգի»՝ ըստ լուսանկարչի

Հունիս 23,2010 00:00

Նարեկ Խեչոյանի առաջին անհատական ցուցահանդեսը

\"\"
Նարեկի խոսքով, իր գործերում լույսն ու գույնը բոցկլտում են:

Օրերս ՆՓԱԿ-ում բացվեց երիտասարդ լուսանկարիչ Նարեկ Խեչոյանի «Մատերիա եւ ոգի» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Սա Նարեկի առաջին անհատական ցուցահանդեսն է: Ներկայացված է ավելի քան 60 աշխատանք: Ըստ լուսանկարչի, դա ոչ թե պարզապես լուսանկարների հավաքածու է, այլ՝ նախագիծ. «Մատերիա եւ ոգի» շարքը մի ամբողջ նախագիծ է, որն արտահայտում է իմ մտահոգությունները աշխարհի, մարդկանց, կյանքի, ապրելակերպի մասին: Օրինակ, 7 լուսանկարից բաղկացած «Չվերթ N 11-175» աշխատանքով ցուցադրում եմ ամենահզոր տերության՝ ԱՄՆ-ի կենսակերպը՝ արագ ուտեստ, կոկա-կոլա, վարդագույն կաբրիոլետ, ռմբակոծված աշտարակներ, իրենց զինված ուժերը…Սրանով ուզում եմ ցույց տալ ԱՄՆ-ի իդեալոգիան՝ ագրեսիա, բռնություն, դիկտատուրա, եւ այդ ամենը աշխարհին թելադրելու փորձ»:

Իսկ ինչո՞ւ հենց «Մատերիա եւ ոգի»: Ն. Խեչոյանը այսպես մեկնաբանեց. «Իմ աշխատանքներում ներկայացված են նյութական եւ հոգեւոր սկզբունքների կոնցեպցիան՝ իբրեւ կոպիտ նյութական եւ նուրբ ոչ նյութական կառուցվածքների, հոգեւոր էներգիայի, արտահայտված եւ չարտահայտված աշխարհի, ինչպես նաեւ երկնային եւ հոգեւոր արժեքների համադրություններ: Կետից ծնունդ է առնում տարածությունը, որը ծավալվում է ժամանակի մեջ, վերջինս էլ խտանում է մատերիայի մեջ: Սրանք զարգանում են հետադարձ հերթականությամբ՝ մատերիան քայքայվում է ժամանակի մեջ, ժամանակը ձուլվում է տարածությանը եւ այս բոլորը ամփոփվում՝ մեկ կետում: Հիմնվելով այս գաղափարի վրա՝ այն փորձել եմ ներկայացնել գեղարվեստաստեղծագործական զարգացման մեջ»:

Առաջին հայացքից Նարեկի աշխատանքները, կարծես, photoshop-ի արդյունք լինեն, սակայն, հեղինակի պնդմամբ, իր գործերում չկա համակարգչային միջամտություն: Նրա աշխատանքները զուտ ֆոտոխցիկով արված լուսանկարներ չեն, այլ հատուկ տեխնիկայով ստացված գործեր:

«Օրինակ՝ «Մատերիա եւ ոգի» շարքի նկարներից մեկը ստացել եմ ապակու եւ երկաթե զսպանակի միջոցով. նկարի ետնամասում տեղադրել եմ ապակի, դրա առջեւ երկաթե զսպանակ, իսկ նկարում պատկերված են աչքեր: Այդ ամենը դրել եմ սեղանին եւ ֆիքսել ժապավենի վրա: Եվ այսպես տարբեր մեթոդներ, նկարահանման եղանակներ, նյութեր՝ ապակի, լույս, մետաղ, արդյունքում էլ՝ ինձ այդքան հուզող մատերիան ու ոգին: Աչքը խորհրդանշում է ճանապարհ, խորություն, տարածություն, ինչը տանում է դեպի ստեղծագործության իմաստային բովանդակություն, դիտորդի ներաշխարհ՝ հանուն իր իսկ իսկության ըմբռնման եւ կեցության էության ճանաչման: Աշխատանքներումս ներկայացված լուսագունային կառուցվածքը կրում է հոգեւոր էներգիայի պատկերը: Լույսը եւ գույնը ներկայացրել եմ ոչ թե հանդարտ եւ խաղաղ, այլ կեցության տագնապի՝ անդադար թրթռումի, բոցկլտման տեսքով»,- նկարագրում է Ն. Խեչոյանը:

Նարեկը նշում է, որ իր աշխատանքներում թվային ոչինչ չկա. «Ինձ համար կարեւորն այն չէ, թե ինչ տեխնիկայով եմ լուսանկարում, այլ այն, թե ինչ եմ նկարում: Կարող եմ հասարակ ֆոտոխցիկով էլ նկարել իմ ուզածը: Կարեւոր չէ՝ ինչ մակնիշի մեքենայով ես գնում, կարեւոր է, թե ո՞ւր ես գնում…»:

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 1998 թվականից: Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ «Արթ-Բրիջում», ՆՓԱԿ-ում, Թեքեյան կենտրոնում:

Նա նշում է, որ չնայած օպերատորական եւ լուսանկարչական կրթություն չունի, բայց արել է այն, ինչն իրեն հետաքրքրել է. «Նման կերպ լուսանկար ստանալ ոչ ոք ինձ չի հուշել: Ուղղակի ես ցանկացել եմ տարբերվել համատարած միօրինակության մեջ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչ աշխատանքներ կաներ Հայաստանի թեմայով: «Երեւի՝ քաղաքականություն, հայեր, մշակույթ: Օրինակ՝ «Չվերթ N11-175»-ը միայն Ամերիկայի խնդիրները չի արծարծում: Ես փորձում եմ անդրադառնալ համամարդկային մարտահրավերներին: Ի վերջո, ազգային խնդիրները ինչ-որ առումով նաեւ համամարդկային են»:

Նարեկի ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 14-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել