Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԴՅՈՒՍԵ՞Ր

Հուլիս 08,2010 00:00

\"\"Երեկ «Ա1+» ՀՀ մշակույթի նախարարն ասել է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կղեկավարի գեղարվեստական խորհուրդը, որը կհաստատի տարեկան ծրագիր, կհրավիրվեն տարբեր դիրիժորներ, որոնք կնվագավարեն համերգները: Հիշեցնենք, որ Արամ Ղարաբեկյանի հրաժարականից հետո արդեն կես տարի է անցել: «Առավոտի» հետ զրուցած անվանի կոմպոզիտորներից ու դիրիժորներից շատերը նախ ափսոսանք են հայտնում 1954թ. ապրիլի 14-ին պետական կարգավիճակ ստացած Հայաստանի կամերային նվագախմբի այսօրվա վիճակի համար, հետո էլ հավաստիացնում, որ առնվազն գրագետ չէ գեղարվեստական խորհրդի կողմից հիշյալ կոլեկտիվը ղեկավարելը, բերելով օրինակներ:
Եվրոպայում կան սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբեր, որոնք չունեն գեղարվեստական ղեկավարներ եւ գլխավոր դիրիժորներ, դրանք ղեկավարվում են պրոդյուսերական խորհուրդների կողմից՝ հիմնականում մշակելով բիզնես-ծրագրեր եւ մենեջմենթային քաղաքականություն: Այդ խորհուրդները, ուսումնասիրելով մշակութային շուկայի պահանջներն ու հայեցադրումները, ձեւավորում են գործունեության սկզբունքները: Հենց շուկան էլ թելադրում է երաժշտական կոլեկտիվների կառուցվածքի եւ պատկանելության դրույթները: Երաժշտական կատարողական կոլեկտիվների գերակշռող մասը գործում է մասնավոր հիմունքներով՝ ինքնուրույն լուծելով գեղարվեստական առաջնությունների, ծրագրերի եւ համերգային գործունեության հարցերը: Մեր պայմաններում պետության կողմից լիազորված մարմինը՝ մշակույթի նախարարությունը, կամերայինի դեպքում ստանձնում է պրոդյուսերի պարտականություններ՝ իր կողմից ձեւավորած գեղարվեստական խորհրդի վրա դնելով մի շարք պարտականություններ: Այստեղ հակասությունը առաջին հերթին ձեւավորվելիք մարմնի անվան մեջ է: Ասելով գեղարվեստական խորհուրդ եւ առաջնորդվելով «ՊՈԱԿ-ի մասին» ՀՀ օրենքով՝ մենք հասկանում ենք տնօրենին առընթեր խորհրդակցական մարմին, ինչը իրավասու չէ իր վրա կրելու այն գործառույթները, որոնք տվյալ դեպքում պատկանում են հիմնադրին՝ մշակույթի նախարարությանը: Հետեւաբար պետք է ձեւավորել կառավարման կամ տնօրինական խորհուրդ՝ համապատասխան հաստիքային միավորներով, աշխատավարձերով, պարտականությունների եւ իրավունքների սահմանումներով:

Հ. Գ. Ի վերջո, տեսանք, թե ինչ բարձիթողի վիճակում է մշակույթի նախարարի ձեւավորած գեղխորհրդի կողմից ղեկավարվող Գ. Սունդուկյանի անվան թատրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել